«Կա մի քանի կետ, որ Աղվեսը պիտի իմանա։ Առաջինը՝ ամեն ինչ չէ, որ կարելի է պատմել Պոչին, հատկապես անձնական տվյալները, երկրորդը՝ պետք չէ քլիք անել սունկ կայքերին, երրորդը՝ չի կարելի Պոչի հետ կիսվել կեղծ լուրերով: Պոչը տեսք է հաղորդում Աղվեսին, եթե Աղվեսը տեղեկացված է, պաշտպանված, ոչ խոցելի»․ սա մեջբերում է ոչ թե կենդանական աշխարհի մասին պատմությունից, այլ «Եղի՛ր գրագետ եւ պաշտպանված թվային միջավայրում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում հուլիս ամսից մինչեւ նոյեմբեր իրականացվեց «Եղի՛ր գրագետ եւ պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը։ Մտահղացումը «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությանն էր։ Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան եւ կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ եւ գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչեւ պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից։ Այն իրականացվեց Ստեփանավան, Լոռի Բերդ եւ Գյուլագարակ համայնքներում։
Կարդացեք նաև
Ըստ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նազելի Ավագյանի՝ մեր օրերում մարդն ամենուր շրջապատված է մեդիայով: «Երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում, որը լի բազմաթիվ վտանգավոր երեւույթներով՝ ֆիշինգ, անձնական տվյալների գողություն, դրամաշորթություն, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածում, համակարգչային ծովահենություն, կիբեր բուլինգ եւ այլն։ Արդյունքում շատ երիտասարդներ տրվում են թվային միջավայրում առկա ամենատարբեր մեդիա մանիպուլյացիաներին եւ դառնում կիբերհանցագործությունների զոհ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նազելի Ավագյանը՝ կարեւորելով գրագետ մեդիա սպառող լինելը։
Ծրագրի նախաձեռնողները մեդիագրագիտությունն առավել քան կարեւորում են հատկապես հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, որտեղ իրական պատերազմից զատ, ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ, եւ մեդիան, որպես հզոր զենք, հակառակորդի կողմից կիրառվում է ապատեղեկատվություն տարածելու, խուճապ առաջացնելու եւ զանազան կիբերհանցագործությունների նպատակով: Ուստի թվային մեդիա միջավայրում գրագետ ու պաշտպանված լինելը, այսպես ասած՝ դարի հրամայականն ու ժամանակի պահանջն է:
Նախագծի առաջին փուլում Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներից ընտրված 30 երիտասարդների համար կազմակերպվեցին մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերգրագիտության ուղղությամբ կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ։ Ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական մեթոդների, ինտերակտիվ մեդիա խաղերի համադրմամբ մասնակիցները սովորեցին համացանցից ճիշտ օգտվելու կանոնները, քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, պաշտպանել անձնական տվյալները, չդառնալ տարատեսակ կիբերհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:
Դասընթացներն մասնակցած 30 երիտասարդներից 5-ն ընտրվել եւ վերապատրաստվել են որպես թվային գրագիտության համայնքային առաջնորդներ։ Նրանք ՝ հնարավորություն ունեցան ծրագրի թիրախ համայնքներում անցկացնելու մեդիագրագիտության, կիբերգրագիտության եւ թվային գրագիտության վերաբերյալ իրազեկման արշավներ՝ միաժամանակ զարգացնելով մեդիա դասընթացավարի կարողությունները, նաեւ ձեռք բերելով ուսուցանողի փորձ։
Երկրորդ փուլում նույն համայնքների Գարգառ, Պուշկինո, Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով, Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ բնակավայրերում եւ Ստեփանավան քաղաքի կրթօջախներում (հանրակրթական դպրոցներ, վարժարան, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղ) 13-18 տարեկանների շրջանում անց են կացվել տեղեկատվական հանդիպումներ, սեմինար-քննարկումներ։ Մասնակիցների թիվն աննախադեպ էր․նախատեսված 300-ի փոխարեն՝ 500 շահառու։ Սա խոսում է թեմայի արդիականության եւ նմանատիպ ծրագրի անհրաժեշտության մասին:
Իսկ 3-րդ փուլում տեղեկատվական հանդիպումներին մասնակցած դպրոցականներն ու պատանիները մասնակցեցին «Եղի՛ր գրագետ եւ պաշտպանված թվային միջավայրում» խորագրով ստեղծագործական շարադրությունների եւ գեղարվեստական նկարների մրցույթին։ Մրցանակային տեղերն զբաղեցնողներն արժանացան գավաթների եւ պատվոգրերի։ Խրախուսվեցին եւ շնորհակալագրերի արժանացան նաեւ ծրագրի տարբեր փուլերին ակտիվություն ցուցաբերած, երիտասարդների մեդիագրագիտությունն ու կիբերգրագիտությունը կարեւորող կրթօջախները: Ծրագրի առաջին փուլի շահառու 30 երիտասարդներն էլ ստացան հավաստագրեր։ Նրանք այժմ վարում են ծրագրի շրջանակում ստեղծված «Մեդիագրագետ լոռեցիների բանակ» ֆեյսբուքյան խումբը։ Խմբի անդամները ստուգում են տեղական՝ մարզային եւ համայնքային նշանակության լուրերը, բացահայտում ապատեղեկատվությունները, մասնակցում տարբեր տեղեկատվական մեդիա արշավների, օգնում միմյանց պաշտպանվել թվային միջավայրում:
Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ