Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում ծառայող 18-ամյա զինվորին 1,5 տարի փնտրելուց հետո չգտան, գերության վարկածը բացառվում է

Դեկտեմբեր 10,2022 13:20
zinvor hamazgest

Վարդենիսի տարածաշրջանում 2021 թվականի մայիսի 18-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին ավելի քան մեկ տարի փնտրելուց հետո  այդպես էլ չեն գտել: Նրա՝ ենթադրյալ փախուստի դեպքով  նախաձեռնված քրեական վարույթը ամիսներ առաջ կասեցվել է:

«Աբսուրդային հոդվածով մեղադրանք էին նրան ներկայացրել, այսինքն՝ գործ էր հարուցվել ոչ թե այն հիմքով, որ ուղղակի զինծառայողը չկա, այլ փախուստի է դիմել, ինքնակամ լքել է զորամասը: Այդ հիմքով էլ չէին կարող հայտնաբերել նրան, որովհետեւ միայն վարույթ իրականացնող մարմնին ու համապատասխան հրամանատարական կազմին է հայտնի, ինչ են արել զինվորի հետ: Բնականաբար, Նորայրը մինչեւ այս պահը հայտնաբերված չէ, հենց այդ հիմքով էլ հանցանք կատարած անձի գտնվելու վայրը չլինելու հիմքով,  ամիսներ առաջ գործի վարույթը կասեցվել է»,- Aravot.am-ին ասաց անհետ կորած զինվորի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանը:

Ըստ փաստաբանի, այս գործով, Նորայրը չպետք է լիներ մեղադրյալի կարգավիճակում, որովհետեւ տվյալ իրավիճակում միակ տուժողը հենց Նորայրն էր. «Միակ տուժողը Նորայրն է, նրա ծնողը: Ունենք մի իրավիճակ, որ զինվորը զորակոչվել էր զինծառայության եւ մարտական դիրքերից անհետացել: Այսինքն, այստեղ մեղադրել զինվորին, թե չգիտեմ՝ ինչ հանգամանքներում անհետացել է, խոսում ենք աբսուրդի ժանրի մեղադրանքից: Ում,  ինչի մեջ են մեղադրում, այն դեպքում, երբ զինվորը եղել է վատառողջ, չի կարողացել նույնիսկ դիրքեր բարձրանալ, նրան մի կերպ են բարձրացրել, մի քանի հոգով օգնելով: Ունենք ցուցմունքներ, այդ թվում՝ նաեւ առերես հարցաքննության ընթացքում տված ցուցմունքներ, որ  զինվորը մի քանի օր շարունակ շատ վատ վիճակում է եղել դիրքերում, ունեցել է դող, ջերմել է: Վերջին մի քանի օրերին ոչ մեկի հետ չի շփվել, չի կերել: Նաեւ ցուցմունք ունենք, որ ասում են՝ սրսկում է  իրականացվել, մյուսներն ասում են՝ չի եղել նման բան: Մյուս զինվորն ասում է՝ ինքը տեսել է, ինչպես են ներարկում: Այսինքն՝ դա էլ է վարկած, որ միգուցե մի սխալ բան է արվել կամ որեւէ արտաքին ազդեցության հետեւանքով է զինվորը վատառողջ վիճակում հայտնվել : Այդ ընթացքում հրամանատարական կազմն ուղղակի ցուցաբերել է հանցավոր անփութություն , անզգուշություն: Եթե իրականում օբյեկտիվ, բազմակողմանի քննություն անցկացվեր, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ պարզել, թե հրամանատարական կազմը ինչ է ցուցաբերել, ինչ է եղել զինվորի ճակատագիրը»:

Փաստաբանի խոսքով, վարույթի շրջանակներում բոլոր հարցաքննվածները տվել են հակասական ցուցմունքներ. «Թե՛ զինծառայողները, թե՛ սպայական կազմի համապատասխան անձինք, տվել են իրարամերժ ցուցմունքներ: Մեկն ասում է՝ ես չեմ տեսել, ինչ է եղել, մյուսն ասում է՝ իմ մոտից է կորել, հետագայում խոսքը  փոխում է, ասում է՝չէ, ես չեմ իմանում՝ որտեղից է կորել: Չկա երկու սուբյեկտ, որոնք կտան նույն ցուցմունքը զինվորի անհետացման հետ կապված: Չեմ ուզում վարկած առաջ քաշել, բայց ունենք մի իրավիճակ, որ զինվորը չկա, կարծես թե հետախուզությունը փնտրում է, փնտրողական աշխատանքներ է տանում: Բայց կարող ենք եզրահանգել, որ կա՛մ հետախուզությունն իր գործը չի կատարում, կա՛մ այնքան վատ է կատարում, որ 18 ամյա զինվորին տարիուկես չի կարողանում գտնել»:

Փաստաբանն ասաց՝ գերության վարկածը բացառվում է, որովհետեւ այդ հարցով դիմել են Կարմի Խաչ ու ստացել բացասական պատասխան. «Ստացել ենք մեր հարցման պատասխանը, որ չկա գերիների մեջ: Այդ թվում՝ նաեւ պետությանը, կարծես թե ձեռնտու կլիներ, եթե լիներ նման վարկած, ձեռնտու էր նաեւ ներկայացնել, որ այո՝ անհետ կորածների կամ գերիների մեջ է: Այդ դեպքում՝ ինչու է քրեական վարույթ նախաձեռնվել, ինչու են տվել մեղադրյալի կարգավիճակ: Մենք, ի սկզբանե, բարձրացրել ենք այդ հարցը ու ներկայացրել եմ հանցագործության մասին զինվորի մոր անունից, որ զինվորն ուղղակի չկա ու այդ ուղղությամբ որեւէ քննություն չի տարվում: Բնականաբար, եթե քննություն չեն տանում, չեն կարող գործի հանգամանքները բացահայտել: Ես չգիտեմ՝ քննիչն ինչ տրամաբանությամբ է քննում այս գործը, ինչ խղճով է քննում այս գործը, բայց կարծում եմ՝ երկար չենք սպասի, արդյունքները տեսնելու համար, այդ թվում՝ վրա հասնող պատասխանատվությունը, եթե ունենանք նորմալ վերահսկողությունը»:

Անդրադառնալով մարտական դիրքերից 200 մետր հեռավորության վրա զինվորի բջջային հեռախոսը հայտնաբերելուն՝ փաստաբանն ասաց, որ շատ կասկածելի պայմաններում է հայտնաբերվել հեռախոսը. «Երբ մայրն արդեն հասել է անտեղ,  որոնողական աշխատանքներ են իրականացվել, քիչ հետո հեռախոսը հայտնաբերվել է, բայց ասում են՝ քնապարկի միջից է հայտնաբերվել: Դրա մասին էլ, վստահաբար, չենք կարող ասել, որ այո՛ քնապարկի միջից է հայտնաբերվել: Մենք հակված ենք ու ամեն ինչ տանում է դրան, որ թե՛ վկաներին, թե՛ վարույթ իրականացնող մարմնի առաջ քաշած որեւէ վարկածին մենք չենք հավատում: Որովհետեւ որեւէ մեկը վստահություն չի ներշնչում, այսինքն՝ գործընթաց է իրականացվում գործի  իրական փաստերը թաքցնելու ուղղությամբ Մենք պետք է հասնենք նրան, որ վարույթ նախաձեռնվի զինվորի անհետացման փաստի շուրջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031