ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց նրան դիմավորել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ու արգելոց-թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։
1965-ից այս տարածքում բազմաթիվ պեղումներ են իրականացվել, հայտնաբերվել են երկաթի ու բրոնզի դարաշրջանների բազմաթիվ գտածոներ: Թանգարանը գործում է 1970-ից:
Թանգարանի տնօրենը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, պատմել իրականացվող պեղումների մասին:
Կարդացեք նաև
Պեղումների ընթացքում պարզվել է, որ դեռ մ․թ․ա․ IV-II դարերում Մեծամորը եղել է խոշոր բնակավայր, ունեցել է աստղադիտարան, մետաղաձուլարաններ, միջնաբերդ, պալատական շինություններ ու տաճարներ։
Արգելոց-թանգարանի տարածքից այս տարիների ընթացքում պեղվել և գտնվել է մոտ 30 հազար առարկա, այդ թվում՝ կավամաններ, զարդատուփեր, կիսաթանկարժեք քարերից, փայտից, ոսկորից, արծաթից ու ոսկուց զարդեր։ Միայն այս տարի 137 կտոր ոսկի է հայտնաբերվել:
Թանգարանի տնօրենը ներկայացրել է ցուցադրված նմուշները, պատմել պայմանական Մեծամոր անվանված բնակավայրի մասին, որի իրական անվանումը մինչև օրս հայտնի չէ:
Հնավայրի տարածքում հայտնաբերվել են կմախքներ, որոնք մոտ 4000 տարեկան են: Նաև նույն ժամանակներին թվագրվող փայտե կահույքի մասեր են հայտնաբերվել:
Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքում և ուսումնասիրել է ցուցադրված բոլոր նմուշները:
Թանգարանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղևորվել է Արմավիր համայնք՝ «Արմավիր ֆրութ» չրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մանուկյանի ու տնօրեն Հակոբ Անտանեսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրատեսակներին։
Ընկերությունը 2018-ից է սկսել գործունեությունը, ամբողջ արտադրանքը` չրեր, պահածոներ, մուրաբաներ, ջեմեր և անգամ գինի, արտահանում են ԱՄՆ:
Նպատակ ունեն ընդլայնել արտադրամասը` չորանոցները, հոսքագծերը, ինչի արդյունքում կկարողանան օրական 100-120 կգ չիր չորացնել:
Աննա Հակոբյանին է ներկայացվել նաև պատրաստման ու փաթեթավորման ընթացքը, տնօրենի խոսքով՝ առաջնային է բարձրորակ արտադրանք ստանալը։
Վարչապետի տիկինը նկատել է, որ հայկական շուկա մտնելով, ընկերությունը կարող է նոր որակական մակարդակի բարձրացնել տեղական արտադրությունը, տնտեսական մրցակցությունից զատ ստիպելով ընկերություններին նաև որակական դաշտում մրցակցել: Աննա Հակոբյանը հորդորել է մտածել նաև այդ ուղղությամբ:
Հաջորդ բնակավայրը, ուր այցելել է Աննա Հակոբյանը, Մյասնիկյանն է։ Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Արմինե Խաչատրյանը և Լևոն Գալչյանի ծնողները:
Լևոն Գալչյանը ծնվել է Թեհրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Անգլիա։ Սովորել է Անգլիայում և Իտալիայում, մասնագիտությամբ դիզայներ է։ Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկանում, ինչից հետո ծնողները Հայաստանում բացել են Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցն ու հիմնադրամը։
Այս դպրոցը հարակից 5 համայնքների 100-ից ավելի երեխաների տրամադրում է մշակութային կրթություն:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական կողմնորոշումներով:
Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցում արտադասարանական մոտ մեկ տասնյակ խմբակ կա` գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, նկարչություն, երգ ու պար, համակարգչային դիզայն:
Վարչապետի տիկնոջը ներկայացրել են նաև Լևոն Գալչյանի գործունեությունը, նրա աշխատանքների նկարները, որոնք յուրօրինակ են ու աշխարհահռչակ: Այստեղ են պահվում նաև Լևոնի Գալչյանի էսքիզների բնօրինակները, որոնց միջոցով երեխաները նկարում են կտորի վրա: Այսպես Լևոնի ծնողները փորձում են ապրեցնել էսքիզները:
Աննա Հակոբյանը հորդորել է տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնել և հնարավորության դեպքում օգտագործել կրթելու և զարգացնելու գործում:
Երեխաների հետաքրքրվածությունը մեծ է` նշել է դպրոցի տնօրենը, վարչապետի տիկինն էլ առաջարկել է դիտարկել ընդլայնվելու հնարավորությունները:
Պետք է ամեն ինչ անել, տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնելու համար, դրանք պետք է ապրեն` կարծիք է հայտնել Աննա Հակոբյանը:
Արվեստագետի հայրը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ իրենք, որդու հիշատակին որոշել են քարե «անշունչ» հուշարձանի փոխարեն «ապրող» հուշարձան կառուցել: Այս քայլով ծնողները ցանկացել են ապրեցնել իրենց որդու աշխատանքը, կրթական նպատակով օգտագործել Լևոն Գալչյանի թողած ժառանգությունը:
Աննա Հակոբյանը գովելի է համարել նման քայլը, հույս հայտնել, որ շատերը կսկսեն նման կերպ առաջնորդվել:
Լևոն Գալչյանի դիզայներական աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները։
Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ: Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք համաշխարհային համբավ ունեցող ամսագրերում:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է Դալարիկ համայնքում բնակվող Սամվել Ենգոյանի բազմազավակ ընտանիքին։ Ենգոյանները 10 երեխա ունեն` 9 տղա և մեկ աղջիկ:
Ենգոյան եղբայրներից երկուսը մասնակցել են 44-օրյա պատերազմին, երրորդ եղբայրը հիմա է ծառայում:
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է ապրուստի, կեցության պայմաններից: Ենգոյանների խոսքով՝ տղաները օգնում են իրենց, հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում:
Մարզպետարանը ևս օգնում է ընտանիքին, նախատեսվում է գարնանը տունը մեծացնել երկու սենյակով՝ Աննա Հակոբյանին տեղեկացրել է մարզպետը և հավելել, որ համայնքում ավելի խոշոր շինաշխատանքների պլաններ ևս ունեն. առաջիկա մեր-երկու տարում այստեղ նախատեսված է մոդուլային մանկապարտեզ կառուցել։
Աննա Հակոբյանի հաջորդը կանգառը Արաքս բնակավայրում էր։ Այստեղ տիկին Հակոբյանը այցելել է «Ոսկենի գինիներ» գինու գործարան։ Տնօրեն Արարատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել գործարանում, ծանոթացել գործունեությանը։
Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի պատմությունը, որը ավելի քան 100 տարվա պատմություն ունի, սակայն խորհրդային տարիներին գործունեությունը դադարել էր:
Պահպանելով հինը, զուգահեռաբար նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ փորձում են ապացուցել բոլորին, որ հայկական էնդեմիկ խաղողի տեսակներից հնարավոր է Հայաստանում և ամբողջ աշխարհում մրցակցող արտադրանք ստանալ:
Արտադրվող 8 տեսակի գինիների 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ և այլն:
Այստեղի գինին բնիկ հայկական է՝ պատմում են մասնագետները, հայկական են սորտերը, պատրաստման տեխնոլոգիաները և անգամ տակառները: Գործարանի տնօրենը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ իրենց քայլերը ուղղված են հայկական գինին համաշխարհային բրենդ դարձնելուն: Նպատակ ունեն արտադրական ծավալները մեծացնել, վերազինել գործարանը նորագույն սարքավորումներով:
Արմավիրի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Գետաշեն բնակավայրում։ Ագրոէկո դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել է տնօրեն Գևորգ Մուքոյանը և դպրոցի աշակերտները: Հենց նրանք էլ տիկին Աննա Հակոբյանին ուղեկցել են դպրոց, ներկայացրել իրենց ջերմոցը, ավտոպարկը և դպրոցի այգին, որից ստացված բերքը օգտագործվում է հենց դպրոցի ճաշարանում։
Այս կրթարանը մյուսներից տարբերվում է իր ուղղվածությամբ։ Ագրոէկո դպրոց հաճախող երեխաները, հաստատված առարկաներից զատ, սովորում են հողագործություն, ծառերի էտում, անգամ գյուղտեխնիկայից օգտվելու հմտություններ։ Այստեղ երեխաները ստանում են բավարար գիտելիքներ դպրոցն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվելու և գրագետ ֆերմեր դառնալու համար։
Այսպես փորձել են գյուղական դպրոցի մոդել ստեղծել, որ գյուղը ամուր ու կանգուն մնա, երեխաներն էլ այն չլքեն:
Դպրոցի բացօթյա դասարանում վազվզում են ճագարներ ու ոզնիներ, իսկ անկյունում տեղադրված աստղադիտակով երեկոյան երկինքն են ուսումնասիրում: Ունեն սնկաբուծարան, նաև առանց հավելումների չրեր են պատրաստում։
288 աշակերտ ունեցող դպրոցը ունի վերանորոգված մարզադահլիճ, արհեստանոց, լաբորատորիաներ, որոնցից մեկում, օրինակ, մեկտեղել են Հայաստանում աճող բոլոր մշակաբույսերի սերմերը, նաև բոլոր հանքարդյունահանվող նյութերը:
Վարչապետի տիկինը շրջայցի ընթացքում եղել է նաև մի քանի դասասենյակներում, շփվել երեխաների հետ ու պատասխանել նրանց հարցերին:
Գետաշենի դպրոցը գումար չի ծախսել ոչ նորոգումների, ոչ էլ տեխնիկական ձեռքբերումների վրա, ամբողջն իրականացվել է բարեգործական հիմնադրամների, տարբեր ընկերությունների ու պետության աջակցությամբ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեխաներն հորդորել է լավ սովորել. հզոր երկիր ունենալու հիմքը դա է:
Մարզերում ագրարային կրթություն տվող նման դպրոցներ ունենալը այսօր անհրաժեշտություն է, օրինակը պետք է վարակիչ լինի` ընդգծել է Աննա Հակոբյանը և տպավորությունների մեծ պաշարով ավարտել այցը:
Արմավիրի մարզպետարան