ԵՄ-ն ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում, այլեւ փորձում է աննախադեպ ծավալներով ավելացնել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերը:
Օրերս Բաքվի հետ աշխատանքներն է սկսել ԵՄ Տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Այս նոր համակարգող մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին կորոշի եւ Ադրբեջան կուղղորդի 2 մլրդ եվրոյի առաջնահերթ ներդրումներ:
Ավելորդ է այստեղ արձանագրելը, որ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն Ադրբեջանի հետ ներդրումների նոր ծրագրի մեկնարկը, այն էլ՝ այդ ծավալներով, Բաքվում կարող են դիտարկել որպես իրենց իրականացրած ագրեսիայի խրախուսում: Մյուս կողմից էլ կատարվողը եթե հանրամատչելի լեզվով ներկայացնենք, ապա ստացվում է, որ ԵՄ-ն Ադրբեջանին ֆինանսական աջակցություն է տրամադրում այն դեպքում, երբ այդ երկիրն իր բյուջեի ահռելի մասը հատկացնում է սպառազինության ձեռքբերմանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որն արդեն հասցրել է օգտագործել ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիաների ժամանակ:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ եվրոպական այդ ներդրումների շրջանակներում արդեն 90 մլն եվրո է տրամադրվել Գանձակի լուսավորության համակարգի վերականգնման եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար: Ստացվում է, որ ավերված եւ օկուպացված Արցախի փոխարեն Եվրոպան տեսել է Գանձակի ռազմական օբյեկտներին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ-ի արձակած մի քանի հրթիռի հետեւանքները:
Կարդացեք նաև
ԵՄ-ի ներդրումային այս ծրագիրը չի կարող դիտարկվել կողմերի միջեւ հավասարակշռության պահպանման տեսանկյունից, քանի որ այդ նպատակով արդեն Երեւանին եւ Բաքվին առաջարկվել է 2.6 մլրդ եվրոյի աջակցություն, սա արդեն կողմնակալ ժեստ է՝ ուղղված ագրեսոր Ադրբեջանին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: