Թեքեյան կենտրոնում ներկայացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագիրը կրող դիմանկարների ցուցադրությունը։ Ցուցահանդեսին ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստասերներ։
«Դժվար է արտերկրում գտնել նկարչական աշխարհի մեկ այլ անձնավորության, որը հայտնի է իր բացառիկ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններով։ Այսօրվա ցուցադրությունը բացառիկ է իր մշակութային, կրթական, մանկավարժական նշանակությամբ։ Քանզի նկարիչը հանդես է գալիս 20-րդ դարի հայ մեծերի դիմանկարներով»,-ասաց Թեքեյան մշակութային կենտրոնի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը։
Ներկայացված էր շուրջ 30 աշխատանք, դրանք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն էին, Անատոլի Ավետյանը անհատական ցուցահանդես է ունենում իր հոբելյաններին, այս տարի նկարիչը նշում է ծննդյան 70-ամյակը։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց, որ Անատոլի Ավետյանը զարմանալի նկարիչ է. ամեն անգամ զարմանում ես նրա աշխատասիրության վրա։ Սաֆարյանը նշեց, որ միայն քչերը կարող են նման մանրամասնորեն նկարել հայ մեծերին։
Կարդացեք նաև
«Ուզում եմ ասել, թե ինչպես պատահեց, որ սկսեցի հայ մեծերի դիմանկարները նկարել։ Ծնվեցի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հայերի տաղանդը տարածվել էր ողջ ԽՍՀՄ-ում, և երբ միացնում էի հեռուստացույցը տարբեր հեռուստաալիքներով մեր մեծերին էին ցուցադրում, հենց այդ ժամանակից էլ սկսեցի նկարել նրանց, որ հետագա սերունդը ճանաչի և երբեք չմոռանա նրանց»,-ասաց նկարիչ Անատոլի Ավետյանը։
Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ազգագրության թանգարանում, Հայաստանի մշակութային նախարարության ֆոնդում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան), Մոսկվայի Արևելքի թանգարանում։ Ցուցադրությունը կգործի մինչև դեկտեմբերի 16-ը։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ