Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ն կրկին գործոն դառնա. «Փաստ»

Դեկտեմբեր 10,2022 10:51

Պատերազմից ավելի քան երկու տարի անց էլ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին սպառնալիքները ոչ միայն չեն նվազել, այլև ավելի են ահագնացել։ Սակայն տպավորություն է, թե Հայաստանում մարդիկ դեռևս ամբողջովին չեն գիտակցում իրավիճակի լրջությունը։

ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել և ուղղակի դիտորդի դերակատարություն են ստանձնել՝ Արցախին վերաբերող հարցերն ամբողջովին թողնելով ռուս խաղաղապահների ուսերին։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ավելի շատ հետաքրքրում են շինհրապարակները, աղմուկը, սրճարաններում ծխելու արգելքը, աղը ու նմանատիպ այլ հարցեր, քան Լաչինի միջանցքի փակումը կամ Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցության խաթարումը։ Եվ քանի որ Երևանից միայն լռություն է, թշնամին նոր դոզա է ավելացնում Լաչինի փակումը կազմակերպելու իր քարոզչության մեջ, թե իբր Իրանից տարբեր անձինք՝ մասնավորապես զինվորականներ ու հետախուզության ծառայողներ են այցելում Արցախ։ Այսինքն, առաջին փուլում փորձում են ինչ-որ կերպ վերահսկողություն հաստատել միջանցքի վրա, տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղակայել, իսկ հետո՝ մաքսակետ, որը հնարավորություն կտա պետք եղած ժամանակ ամբողջությամբ փակել ճանապարհը կամ Արցախը շրջափակման մեջ գցել։

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի փակման թեման ուղեկցվում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի ակտիվ շրջանառմամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այնպես է հոխորտում, կարծես թե իրենց ոչ ոք չի կարող խանգարել այդ միջանցքը վերցնելու հարցում։ Օրինակ՝ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը չի խոչընդոտի դրա գործարկմանը։ Իսկ ահա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ ավելի սպառնալից տոնով հայտարարել էր՝ «չտաք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք եղբայրական բռունցքը»։

Ու հետաքրքրական է, որ թուրքական կողմից այսպիսի հայտարարություն է արվում Իրանի հետ սահմանի մոտ «Եղբայրական բռունցք» անվամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ։ Այսինքն, կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, քանի որ գլխավորապես Իրանի դիրքորոշմամբ է պայմանավորված, որ կասեցվում են «Զանգեզուրի միջանցքը» բացելու թուրք-ադրբեջանական հավակնությունները։ Ու տպավորություն է առաջանում, թե ՀՀ-ն այլևս գործոն չէ տարածաշրջանում, և դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին վերաբերող հարցերում անտեսում են Երևանին և այդ հարցով գործ ունենում ռուսական և իրանական կողմերի հետ։

Իսկ ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ն կրկին գործոն դառնա։ Անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել հակառակորդից եկող նոր սպառնալիքներին, կարգի բերել բանակը, բարձրացնել հանրային զգոնությունը և գիտակցության մակարդակը, մեծ կազմակերպչական աշխատանքներ տանել տնտեսական առաջընթացի համար, զարգացնել դաշնակիցների հետ հարաբերությունները: Բայց ՀՀ իշխանություններն ինչպես կորցրել են պատերազմի ավարտին հաջորդող երկու տարին, այնպես էլ հիմա շարունակում են կորցնել… Երկրի ու ժողովրդի հաշվին: Հանուն իրենց իշխանության պահպանման…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031