Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչն է ժողովուրդ ձեւավորում

Դեկտեմբեր 10,2022 10:00

Վերջերս մի զրույցի ժամանակ բարեկամներիցս մեկն այն միտքն արտահայտեց, որ անկախ այն հանգամանքից, սիրո՞ւմ է ժողովուրդն իր ղեկավարներին, թե չէ, հիմնական զանգվածը ենթագիտակցաբար կրկնում է նրանց վարքը։ Ըստ այդմ, Հայաստանի անկախացումից ի վեր՝ չորս ղեկավարների ոգով մարդիկ ձգտում էին համապատասխանաբար՝ կիրթ հայերենով խոսել, դրսեւորվել որպես «մաչո», լինել «պանյատներով» շուստրի տղա կամ վատ դաստիարակություն ստացած «ակտիվիստ»:

Անշուշտ, պետական, քաղաքական վերնախավը կերտում է վարքային մոդելներ։ Եթե առաջնորդը յուրահատուկ ձեւի բեղեր է պահում, ապա նույնն անում է ոչ միայն մոտակա շրջապատը՝ դա մոդայիկ է դառնում նաեւ հասարակ մարդկանց շրջանում (հիշենք Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» ֆիլմը): Եթե չսափրվելը «թրենդային» է դառնում, ապա դա տարածվում է ոչ միայն պատգամավորների, այլեւ բոլոր հպարտ քաղաքացիների վրա:

Արտաքին տեսքը՝ դեռ ոչինչ, կա նաեւ մտածելակերպի մոդա։ Օրինակ, անել մի ակնհայտ հիմարություն, բայց հետո այն փորձել ծածկել բառերի հեղեղով, որն առաջին հայացքից, զուտ լսելով, գուցե վատ չի հնչում, բայց ակնհայտորեն հակասում է ֆորմալ տրամաբանության օրենքներին: Բայց այդ կոպիտ տրամաբանական սխալների բացահայտումը չի ազդում զանգվածային մտածողության հիմնական ուղղության վրա:

Եթե այդ արտաքին դրսեւորումներից բարձրանանք ավելի վերացական մակարդակ, ապա կարելի է ասել, որ ժողովրդին ձեւավորում են այն խնդիրները, որոնք իր առջեւ դրվում են: Դրանք կարող են լինել «ճիշտ» կամ «սխալ», ինչպես որ մի քանի անգամ պատահել է գերմանացիների հետ, ժողովրդի համար ընդունելի կամ անընդունելի: Օրինակ, Ուկրաինայի իշխանությունների խնդիրները, որոնք ծայրահեղ, դրամատիկ իրավիճակում դրվել են այդ երկրի ժողովրդի առջեւ, վերջինիս կողմից ընդունելի են համարվել: Եվ հակառակը՝ պուտինյան «մոբիլիզացիան» ռուսաստանցիների համար անընդունելի է՝ մեկ մոբիլիզացվածին հասնում է երեք փախչող: Այդպես չէ, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը պատերազմն անարդար է համարում՝ պարզապես քչերն են ցանկանում այդ «արդար պատերազմում» զոհվել:

Ժամանակակից Հայաստանն այդ իմաստով խիստ յուրահատուկ է՝ իշխանությունը քաղաքացիների առաջ ոչ մի խնդիր չի դնում՝ ապրեք, ինչպես ուզում եք: Արցախը, սահմանները, նոր պատերազմի վտանգը, պետությունը՝ այդ ամենը երկրորդական, երրորդական խնդիրներ են: Կարեւորը՝ «նախկինները» չվերադառնան: Մնացածն ամեն ինչ հոյակապ է: Մեծամասնությունը գոհ է:

Այնպես որ՝ քեֆ արեք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայկական լեռնաշխարհում, Հայքի հյուսիս-արևելքում, ՍՍՀՄ-ի ՀՍՍՀ (ՀԽՍՀ) անվանված վարչական տարածքում, 1990 թվականին գլուխ բարձրացրած ու 1991-ին՝ իշխանությունը վախկոտ, դավաճան ու կոռումպացված կոմունիստներից «խլելած» օտարածին ՀՀշները ԼՏՊ-ի գլխավորությամբ , ճիշտ այնպես, ինչպես այսօրվա իշխանությունը, քաղաքացիների առաջ ոչ մի խնդիր չեր դնում՝ ապրեք, ինչպես ուզում եք: Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ջավախքը, Արցախը, սահմանները, պատերազմը, պետությունը՝ այդ ամենը երկրորդական, երրորդական խնդիրներ են: Կարեւորը՝ «նախկինները» (կոմունիստները) չվերադառնան: Մնացածն ամեն ինչ հոյակապ էր: Մեծամասնությունը գոհ էր:
    Պատերազմում կռվել է բնակչության կես տոկոսից էլ պակասը, իսկ «մասնակցել են»՝ բոլորը…
    Եվ սկսվեց պոլի փայտիկների դարաշրջանը, որը 2018 թվականին ծնեց ուսապարկեր : Հենց այստեղ է թաղված շան գլուխը:

  2. Լավատես says:

    Երբ գոնե երկու սերունդ զանգվածաբար եւ անընդմեջ ճիշտ դաստիարակենք նորածիններից սկսած բոլոր տարիքների անչափահասներին եւ ճիշտ դաստիարակվածները կրիտիկական զանգված կազմեն, մեր ժողովուրդը կդառնա սուբյեկտ եւ կիշխի այն ժողովուրդների վրա, որոնք սխալ են դաստիարակում իրենց անչափահասներին եւ կստիպի նրանց նույնպես դառնալ սուբյեկտ’ անչափահասների ճիշտ դաստիարակությամբ: Չափահաս տարիքում ինչքան էլ ճիշտ դաստիարակես, այն չի փոխարինի անչափահաս տարիքում ստացած ունակություններին: Միայն իր տարիքին համապատասխան խոչընդոտներ հաղթահարելով է մարդը զարգանում, ուժեղանում, լինեն դրանք մտավոր, հոգեւոր, ոգեղեն թե ֆիզիկական խոչընդոտներ: Ժամանակ չկորցնենք եւ այսօրվանից սկսենք մշակել յուրաքանչյուր անչափահաս տարիքի համար դաստիարակչական ‘պատվաստումներ’ եւ հաջողված փորձը արագ տարածել ժողովրդի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031