Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանաթուրքական տանդեմի զորավարժությունները Իրանի սահմանին Իրանին ի պատասխան են արվում»

Դեկտեմբեր 10,2022 13:30

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Ադրբեջանի ու Իրանի առճակատումը չի հասնի ռազմական բախման։

«Հիմա ադրբեջանական-թուրքական տանդեմն ի պատասխան Իրանի զորավարժությունների իր սեփական զորավարժություններն է անցկացնում։ Այդ զորավարժությունների սցենարով այդ զորքն անցնում է Արաքս գետը եւ մտնում Իրանի սահման։ Եվ զորավարժության անվանումն ու ուղերձները ցույց են տալիս, որ այն հստակ ուղղված է Իրանին»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ուղերձ են ուզում հասցնել Իրանին Ադրբեջանն ու Թուրքիան՝ այդ երկրի սահմանին համատեղ զորավարժություններ անցկացնելով, այսպես պատասխանեց իրանագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ սա հակաիրանական գործողություն է։ Նա նշեց. «Երկու-երեք օր առաջ իշխանական թիվ մեկ քարոզչական կայքը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ այդ զորավարժությունները հենց ուղղված են Իրանի դեմ։ Քանի որ վերջին երկու տարում Իրանն արդեն երկու անգամ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանի երկայնքով, հիմա նախագահ Ալիեւն այդ զորավարժությունների պատասխանն է տալիս։ Վերջինիս հայտարարությունը, որ աննախադեպ էր, այն է, որ Իրանը վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի սահմանի երկայնքով զորավարժություններ չէր իրականացրել, եւ վերջին երկու տարում անցկացվող զորավարժություններն աննախադեպ էին։ Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանը չի վախենում Իրանից»։

Մեր հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում, որ Իրան-Ադրբեջան առճակատումը կարող է ավելի սրվել, քանի որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանի հատուկ ծառայությունների կողմից իրենց դեմ ակտիվ դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալվում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը հասնի ռազմական բախման։ Այդ երկու երկրների հարաբերությունները երբեք էլ միագիծ չեն եղել, դրանք միշտ եղել են վայրիվերումներով։ Եղել են ժամանակներ, երբ այդ կողմերի միջեւ դիվանագիտական, նաեւ ռազմական առումով լուրջ առճակատման վտանգ է ստեղծվել։ Բայց ռազմական բախման երբեք հարցը չի հասել։ Եվ կարծում եմ այս անգամ էլ բացառություն չի լինի, եւ կողմերը ինչ-որ փուլում ինչ-որ պահից կսկսեն հարաբերությունների լարվածության թուլացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»։

Հարցին՝ սա ինչի՞ց սկսվեց, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Սա սկսվեց նրանից, որ անցյալ տարի Ադրբեջանը փորձեր էր անում ռազմական ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացել։ Այդ ժամանակ Իրանի կողմից եղան հստակ հայտարարություններ, որ իրենք թույլ չեն տալու իրենց հյուսիսային սահմաններում աշխարհագրական քարտեզների վերաձեւում, սահմանների վերափոխում։ Հետագայում՝ ավելի ուշ, Իրանի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք խափանել են իրենց հյուսիսային սահմանների մոտ սահմանների վերաձեւման փորձը՝ հստակեցնելով, որ Իրանը Ադրբեջանի դեմ որոշակի գործողություններ է ձեռնարկել։ Հենց դրանից սկսվեց։ Իրանն էլ մի քանի անգամ հայտարարեց վերջին երկու տարիներին, որ ՀՀ-ի հարավով անցնող՝ իր սահմանների մոտ չի թույլատրելու սահմանների վերափոխում։ Հետո նաեւ զորավարժություններ անցկացրեց, դիվանագիտական ճակատում Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ գործադրեց, եւ սրանից սկսվեց երկու երկրների միջեւ որոշակի լարվածությունը, առճակատումը»։

Մեր դիտարկմանը՝ առճակատում կա նաեւ դիվանագիտական դաշտում է. Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն է բացել, իսկ Ադրբեջանը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին եւ հարցին՝ այս մրցավազքը մինչեւ ո՞ւր կարող է հասնել եւ այս ամենում ՀՀ-ն որտե՞ղ է, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «ՀՀ-ի համար ձեռնտու կլինի, եթե Իրանն ու Ադրբեջանը կոնֆլիկտ ունենան, եթե ռազմական բախում լինի նրանց միջեւ։ Փաստորեն, մեր թշնամին դրանով կթուլանա, բայց ես հակված չեմ այն մտքին, որ ռազմական բախում կլինի։ Այդ երկու երկրները ինչ-որ պահից սկսած կգնան ապառազմականացման»։

Փաստմանը՝ Իրանում ցույցեր են, երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դրանք ցույց են տալիս, որ Իրանի դեմ տարվել է հիբրիդային պատերազմ՝ նպատակ ունենալով թուլացնել ազգային համախմբվածությունը եւ հարցին՝ Իրանի ներքաղաքական այս իրավիճակը ՀՀ-ին ձեռնտո՞ւ է, իրանագետը պատասխանեց. «Իհարկե, ՀՀ-ին ձեռնտու չէ Իրանում ներքաղական անկայունությունները, բողոքի ցույցերը։ Բայց նաեւ պետք է նշել, որ Իրանում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների հետ կապված, մարդու իրավունքները ամենօրյա, ամենժամյա ռեժիմով խախտվում են իշխանությունների կողմից, մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները չափազանց շատ են։ Բացի դրանից էլ սոցիալական մեծ լարվածություն կա երկրում, քանի որ Իրանը գտնվում է միջազգային պատժամիջոցների եւ մեկուսացման ներքո, եւ իրավունքների խախտման ու սոցիալական լարվածության պատճառներով անընդհատ բողոքի ցույցեր են լինում, ինչը Իրանի համար սովորական է դարձել։ Դա անկայունություն է ստեղծում երկրի ներսում եւ չի բխում ՀՀ շահերից։ Մենք այստեղ անելիք չունենք, ոչինչ անել չենք կարող, միայն պետք է հետեւենք իրադարձությունների զարգացմանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031