Հարցազրույց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանի հետ
– Դուք 2020թ. պատերազմից հետո մասնագիտական լսարանին եք ներկայացրել մի գիրք, որն, ասես, մենագրություն լինի մենագրությունների մեջ: Ինչպիսի՞ն են ձեր մոտեցումները ժամանակակից գրողների ստեղծած արժեքների վերաբերյալ, արդյո՞ք նրանք կարողանում են հաղորդակից լինել ժամանակակից մարդու ապրումներին, հույզերին:
– Քանի որ խոսքը բացառապես մեր «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի հայեցության, հեղինակների ընտրության եւ ժամանակի արձագանքի մասին է, ասեմ, որ արդի հայ պոեզիայի բնութագրումը եւ սահմանազատումը պայմանավորված է գրական եւ մշակութային շրջանաբաժանման պատմական հիմքով: Ասել է՝ «արդի» տերմինը կառուցվածքային հատկանիշով է բնութագրված, մեկնաբանվում է ոչ միայն «առանձին» գրապատմական հիմքով, այլեւ մեր գրականության պատմության կառուցվածքի համատեքստում:
Գրապատմական յուրաքանչյուր շրջան գեղագիտության, աշխարհայացքի, պոետիկայի եւ լեզվի իր առանձնահատկություններն ունի, որով տարբեր է իր նախորդ շրջանից: Այդպիսին է նաեւ 60-ականների պոեզիան, որ նորի միտումը արտահայտեց լեզվի եւ աշխարհայացքի, պոետիկայի ընկալումներում, որի վերլուծությունը մեր գրականագիտության նախորդ ըմբռնումները մերժում էին: Բայց մերժում էին գետտոյական, իրենց քարանձավի «շքեղության» մեջ քնելու շնորհիվ: Պ. Սեւակը արթնացրեց իր ձայնով «հանունի եւ ընդդեմի» իր տեսությամբ՝ հաղթահարելով ճգնաժամը մեր պոեզիայում, որին, հետսեւակյան շրջանում, հետեւում է Էդոյանի «բառի որոնման», Հովհ. Գրիգորյանի «բանաստեղծության անհետացման» տեսությունը, արտահայտվում նաեւ Ս. Չիլոյանի, Դավիթ Հովհաննեսի ծրագրային որոշ բանաստեղծություններում, որոնք հետագա տասնամյակների միջով անցնելով, արտահայտվեցին բառի նախահիմքերի որոնման «մետաֆիզիկական նախասկզբի» եւ «ապոետիկ սկզբի» հայեցություններում՝ ձեւավորելով արդի հայ պոեզիայի նոր ուղղությունները եւ շրջանը: Մեր քննադատությունը հաղո՞րդ էր սրան: Կարողանո՞ւմ էր գոնե առնչվել համաշխարհային գրականությունից եկող ազդակներին, ինչը յուրահատուկ էր Պ. Սեւակի, 60-ականների, նրանց հաջորդող 80-ականների (ինչպիսին Հակոբ Մովսեսն է) պոեզիային:
Կարդացեք նաև
Գրական պրոցեսում գուցե կային դրան հետամուտ վերլուծողներ՝ Ալ. Թոփչյանը իր «Բառի սահմանները» (1974), Ս. Սարինյանը «Գրական սերնդի դիմագիծը» (1982) հոդվածներում, որի գրապատմական ամբողջացումը, գիտական համակարգումը արվում է արդեն մեր «Շարժում եւ համակարգ. արդի հայ պոեզիան» մեկնաբանության մեջ: Մնացածը, ինչպես պսեւդոքննադատն է ասում (վերագրելով նաեւ իրեն)՝ մտավոր անապատ է, ննջում է պատմության դարակներում որպես բանասիրական աղբ: Եվ սրանից հետո խոսել, թե ինչ-որ հեղինակներ պակասում են մեր հատորում, այս ծավալի եւ գրապատմական խորքի եւ լայնքի մեջ, տհասություն է: Այո, ընտրված են հեղինակներ, որքան հիշում եմ՝ թերեւս 25 հեղինակ ամբողջ ժառանգության ընդգրկմամբ, գրապատմական պրոցեսը արտահայտող, արդեն նշանակալի անուններ մեր պոեզիայում: Կարելի՞ էր ընդգրկել այլ հեղինակներ: Սա ոչ թե նախասիրության հարց է, այլ ֆիզիկապես հաղթահարելու խնդիր: Իսկ սա ոչ իմ վերջին եւ ոչ էլ առաջին հատորն է, որը շարունակություն ունի: Բայց մինչ այդ այժմ աշխատում եմ 1950-60-ականների հայ պոեզիայի, նորագույն շրջանի հայ վեպի պատմության գրքերի վրա: Ծավալը վիթխարի է: Բայց ինձ մտահոգողը կրկին նախորդ շրջանից կուտակված բանասիրական աղբի, ջատագովական մտքի ներկայությունն է, որ մատուցվել է իբրեւ գրական մտքի փաթեթ, կոչել այն գրականագիտություն, որ պետք է մաքրել կամ գոնե տեսնել, թե մեր քթից այնկողմ ինչ է կատարվում եւ մենք ուր ենք նայում…
– Ձեր գրքի հեղինակները ի՞նչ սկզբունքներով են ընտրված: Նշված հեղինակները տարբեր են ոճով, աշխարհայացքով, նախասիրություններով. Սլավիկ Չիլոյանից Ռազմիկ Դավոյան, Սարուխանից Հովհաննես Գրիգորյան…Չեմ թաքցնում, որ Դավոյանին կարծես մեծ ծավալ էր տրամադրված մենագրության մեջ, որքանով հասկացա, նրա բոլոր ժողովածուներին անդրադարձ կար…
– Ինձ հաճելի է ձեր նախորդ հարցում ասված բնութագրումը՝ «մենագրություն մենագրությունների մեջ»: Իմ վերլուծած հեղինակների ամբողջ ժառանգությունը աչքի առաջ է, քննված: Ծավալի մասին չեմ էլ խորհել: Բայց մի կարեւոր խնդիր, որ միշտ եղել է նախորդ քննադատության եւ նոր շրջանի վրիպումը. Ռ. Դավոյանի տեղի եւ դերի արժեւորման հարցն է, որը քննել եմ իբրեւ մի ողջ մշակութային շրջանի ավարտի եւ սկզբի բանաստեղծ՝ ինչպիսին Տերյանի պոեզիան է նախորդ դարի սկզբին: 60-ականների պոեզիայի եւ պոետների հակադրումը Ռ. Դավոյանին քննադատությանը տարել է ծայրահեղությունների, նույնականացումը՝ վրիպման, ուստի այս հարցը պետք է լուծվեր, ինչն էլ արել եմ գրքում: Բայց միայն Դավոյանի պոեզիայի տեղորոշման հարցը չէ, այլեւ 60-ականների այնպիսի կարեւոր անունների, ինչպիսիք են Հ. Էդոյանը, Արտ. Հարությունյանը, Հովհ. Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսը, Ա. Մարտիրոսյանը, Հր. Սարուխանը, Վ. Հակոբյանը եւ այլք, 80-ականներին հրապարակ եկած Ա. Ավդալյանը, Հակոբ Մովսեսը, նոր դարասկզբի նոր անուններ: Նրանք՝ 60-ականները, մեր մշակույթի եւ լեզվի նոր շրջանն են ստեղծել, գրական նոր ուղղություններ, որոնք արժեքավոր են իբրեւ գրապատմական երեւույթ, անշրջանցելի՝ ինչպես իրենց ժամանակը, որն, անշուշտ, իմ վերուծության նյութն է:
– Ձեր գրքի մասին օրերս իմ մի հարցազրույցի ժամանակ անդրադարձել է գրականագետ Դավիթ Գասպարյանը («Մտավորական մարդու հետ խոսելու մեծ պահանջ ես զգում…». Դավիթ Գասպարյան, «Առավոտ», 24.11.2022): Ըստ նրա, Դուք չեք անդրադարձել ժամանակակից գրողերին, մասնավորապես, նշվել էին անուններ… Անատոլի Հովհաննիսյան, Սոնա Վան, Խաչիկ Մանուկյան… «Արդի հայ պոեզիայի համակարգը» գրքում արդյո՞ք ժամանակակիցները ներկայացվել են հավուր պատշաճի:
– Նաիրյան խղճուկ գոյություն է սա՝ Դ. Գասպարյան անունով մեկը… Նախորդ դարից կրկնվող այս «շրջապտույտը» նույնն է, ինչպիսին զարյանների եւ վշտունիների ատելությունն էր Չարենցի հանդեպ եւ սա, որ իր բառապաշարը քաղել է այնտեղից, պահպանում է մաղձը 60-ականների բանաստեղծական սերնդի, մասնավորապես Հովհ. Գրիգորյանի, Հ. Էդոյանի եւ մյուսների հանդեպ… Տեսեք խոսողն ո՞վ է, ո՞վ է դիմում ԲՈԿ, նա՞, ում անունը շոշափվել է ատենախոսություններ բստրելու սրա-նրա համար եւ իր բարոյականությունը հերիքում է դեռ զազրախոսել իրական ջանքով ստեղծված իրեն անհասանելի մի գրքի մասին, որի մի էջը գրելու համար իր նմանները դեռ պետք է հասունանան: Մինչդեռ երեւակայո՛ւմ է՝ անուննե՛ր են պակասում… Այո, պակասում են թե սփյուռքի եւ թե հայաստանյան որոշ անուններ, բայց ոչ իրական անուններ, որոնք կարող էին պակասորդ դիտվել մի ծավալուն գրքում, ինչպիսին մեր «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գիրքն է, որ կեսդարյա մշակութային մի ամբողջ շրջանի մեկնաբանությունն է, արժեւորումը, ինչը մեր գրականագիտության մեջ չի արվել երբեւէ: Մինչդեռ կարող է թվալ եւ կարծել սրա հարայհրոցից, թե նոր բան է ասում եւ ինքն է, ահա, էշին նստած Երուսաղեմ մտնում, բայց, ավաղ, էշին նստածը, պարզվում է, դոնկիխոտյան մի Սանչո է…: Այնուամենայնիվ, գիրքը ամբողջական է եւ վերլուծում է հետսեւակյան շրջանի հայ պոեզիան նրա ձեւավորման, շարժումների եւ գրական ուղղությունների տեսանկյունից: Նախորդ դարի քննադատության հայացքը, որ չէր անցնում կուլտուր-պատմական դպրոցի սահմաններից այնկողմ, չէր կարող արժեւորել այն նորը, որ բերում էին 60-ականների բանաստեղծները:
Ավելին, իմ գնահատումների մեջ, վերլուծելով պրոցեսը, քննադատական դպրոցների մեջ առանձնացվել են եւ սահմանվել դրանք: Ցավոք, հինը, մեռյալը ջղաձգվելու հատկություն ունի, ինչպիսին մեր այս պսեւդոքննադատի պարագայում է: Մեր դասակարգումների մեջ այն չի անտեսվել եւ սահմանվել է իբրեւ «քննադատական ֆոլկլորիզմ», որ նույնն է, թե՝ բանասիրական ջրհեղեղ, գրական տեքստի վերլուծության փոխարեն՝ արտիֆակտ, որ սրա վերլուծության «մեթոդն» է: Մի խոսքով՝ նախանյութ, «սեւագիր» աստառ՝ գիտական աճպարարություն հայելու ներսում, որ կարող է գրական ստեղծագործության մեկնաբանության համար հավելյալ հիմք լինել միայն, մինչդեռ ներկայացվում է այնպիսի նարցիսիզմով, կարծես մեր գրականության ավանդը հենց դա է, եւ մամուլը հենց կառչում է դրանից…հոգեւոր անապատը դրանով բազմապատկելով ավելի… Այդպիսին է ահա գասպարյանների գրական միտումը, որին անծանոթ է մեկնաբանության արդի ըմբռնումը, էլ ուր մնաց վերլուծել իմ գրքի հայեցությունը, որ հեռու է սրա բանասիրական նեյնիմից: Գրականագիտական միջավայրը, մեկնաբանողներից շատերն են այն անվանել ֆունդամենտալ (հիմնարար) աշխատություն: Հավկուրը կամ միտում ունեցողը միայն չի կարող տեսնել այն նորը, որ կա այդ գրքում: Եվ այն զազրախոսությունը, թե մեր հայեցությունը «թերուս» է, կրկնում է նախորդ դարի 70-ականների հայեցությունը, ոչ միայն զրպարտություն է, այլեւ իր պոչը խայթող արարածի ճիչ, որ սպանում է նախ ինքը իրեն, թեեւ իր գարշահոտությունը դրանով չի անցնում:
– Պարոն Աբրահամյան, կա՞ն «մաքուր» քննադատներ, գրաքննադատների «խոսքի ազատության» սահմանը որն է, այդյո՞ք սոցցանցերում հանգրվանած գրաքննադատների հայհոյախոս, հեգնախառն խոսքը վրեժխնդրություն չէ գրականության, գրողների նկատմամբ:
– Ես սոցցանցերում գրվող, միմյանց խայթող «կարծիքավոր» քննադատներին չեմ կարդում, ինչպես չեմ կարդում պսեւդոքննադատներին, որոնք պատասխանատվության բաժին չունեն: Քննադատությունը, ինչ խոսք, գիտական կատեգորիա է եւ պահանջում է պատրաստվածության չափաբաժին: Նոր քննադատությունը պետք է յուրացնի համաշխարհային դպրոցները, ետ չմնա այսքան անհուսալիորեն եւ վերարժեւորի իր ճանապարհը: «Մաքուր քննադատության» հոմանիշը ահա ինչու քննադատության գիտականությունն է, որ իբրեւ տերմին կա եվրոպական գեղագիտության, ստրուկտուրալիստների տեսության մեջ, նույն վերնագրով բացառիկ արժեքավոր հոդված է հրապարակել նաեւ Ժերար Ժենետը «ՂՌչցՐօ» երկհատոր աշխատության մեջ, որի կարեւոր ելակետը գրականության նախահիմքերի ճանաչման գաղափարն է, որ բառի եւ խոսքի հարաբերությամբ է տարբերակվում: Բառը եւ լեզուն, ուստի, խարիսխը եւ լծակիցն են ժամանակի, գոյության վկան, ինչպիսին լինում է գրողի ինքնության եւ ժամանակի միատեղությունը կամ միասնությունը: Մի օրինակ ասեմ, որ բերում է Ժ. Ժենետը Պոլ Վալերիից: Վալերիի գրական երազանքը այնպիսի մի Գրքի ստեղծումն էր, ուր նշված չլինեն գրողների անունները, ապրած ժամանակը: Սա նշանակում է, որ գրողի սահմանը լեզուն է եւ նրա լեզվի մեջ միայն «գոյությունը գոյություն ունի», որ պոեզիայի հավերժական խնդիրն է:
– Կարճ ժամանակում ծանոթանալով գրքին, այնտեղ կային ուշագրավ հրապարակումներ. Սլավիկ Չիլոյան. «Պոեզիայի մահը», շարժառիթը որն էր, համառոտ կներկայացնե՞ք:
– Սլ. Չիլոյանը «ապոետիկ սկզբի» հիմնադիրներից մեկն է 60-ականների պոեզիայում: Նրա դերը եւ անունը առասպելական քողով է պատած իր կյանքով ու մահով, ընդհատված ողբերգություն, որ մեր պոեզիան պսեւդոգրականությունից ազատագրելու միտում ուներ ու շարունակություն Հովհ. Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի պոեզիայում, որ բնութագրվում է «պոեզիայի մահը» տեսությամբ՝ ըստ որի՝ որքան էլ պոեզիան կախում ունի խոսքի ոլորտից, Չիլոյանը իջեցնում է այն իրականության եւ ժամանակի ոլորտ, պառակտում խոսքի երկբեւեռ միասնությունը, բանաստեղծական աշխարհընկալման նոր հուն բացում:
– Գիրքն ավարտվում է Դավիթ Մշեցու «Այլա-գրություն» ժողովածուի մասին ձեր անդրադարձով, որտեղ այսպիսի մեջբերում կար.
«Ինձ մի քաշեք ներքեւ,
Թռչելու եմ, մեկ է,
Ես պոետ եմ,
Գիտե՞ք, որ դա կենսակերպ է»:
Ու գրում եք՝ սա ապագայի անխարդախ խոստում է, հրավեր, ինչպիսին միայն պոետի ներքին ձայնն է այլաշխարհի կանչով հրավիրում: Եվ իմ սպասումն է, որ խռովարարը փոխակերպվի ապստամբի: Պատահակա՞ն է այս ավարտը:
– Լավ հատված եք մեջբերում Մշեցուն վերլուծող հոդվածից, բայց ասեմ, որ իմ խնդիրը եղել է նոր սերնդի բանաստեղծական որոնումների հարցը, վերլուծելու եւ ցույց տալու պոետի կայանալու ճիշտ ուղին: Այլա-գրությունը, այլ-ը, ինչպես Հ. Մովսեսն է ասում, մեր բանաստեղծության արդի որոնումների հիմքում պետք է լինի: Այլ-ն է, որ պահանջում է քննադատությունը, իհարկե՝ նաեւ ես, որ արդի բանաստեղծության ու նորի հիմքում փնտրում եմ հեղափոխություն բերող ձայներ, նոր պոեզիա, նոր լիրիկա՝ ինչպես Ուիթմենն էր ասում: Սա է իմ սպասելիքը՝ այլաշխարհի կանչի հրավերը, որ, որքան էլ վերածվում է արդեն հուսահատության, բայց իմ ներքին ձայնը փնտրում է ապստամբին, որ նոր շունչ, ոգի բերի եւ մեր դարն էլ, ինչպես նախորդ մեր մեծերն են արել, ապրի մեր մշակույթի ու լեզվի մեջ:
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2022
Նախ իրավունք չունեք անվանի գրականգետ Դավիթ Գասպարյանի մասին նման ձևով արտահայտվելու, որովհետև նա հզոր չարենցագետ է, հետո իհարկե ճիշտ է ասել, Սոնա Վանը և Խաչիկ Մանուկյանը շնորհաշատ բանաստեղծներ են, ո՞նց կարելի է միտումնավոր անտեսել: Կուլտուրա ունեցեք: