Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական թատերական սինթեզ՝ ըստ Սաթէ Խաչատրյանի

Դեկտեմբեր 10,2022 12:30

Ֆրանսաբնակ ռեժիսորը հետաքրքիր նախաձեռնությունների շարք է սկսել հայրենիքում

Օրերս հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում հանդիսատեսի դատին է հանձնվել Գյումրու Վարդան Աճեմյանի թատրոնի «Սպասում» ներկայացումը՝ բեմադրված ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա: «Առավոտը» Ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր ջերմ ընդունելության արժանացած «Սպասում» ներկայացման հաջողության գրավականը:

«Հաջողության գրավականը միշտ աշխատանքի հանդեպ նվիրվածությունն է եւ անկեղծությունը։ Տվյալ պարագայում դա եղել է թե իմ կողմից՝ իբրեւ բեմադրող ռեժիսոր, եւ թե դերասանների ու թատրոնի անձնակազմի կողմից։ Նրանք արել են ամեն հնարավորը, որպեսզի ներկայացումը կայանա լավագույն պայմաններում՝ թե տեխնիկական առումով, թե արտիստական եւ գեղարվեստական։ Կարծում եմ՝ հանդիսատեսը զգում էր այն անկեղծությունն ու նվիրումը, որն առկա է եղել մեր աշխատանքի ընթացքում։ Հաջողության գրավականներից մեկն էլ ստեղծագործության ուժեղ լինելն է, պիեսը բավականին կուռ կուռուցվածք ունի… Ինչ-որ առումով հանդիսատեսի համար անկեղծության պահ է եղել իր որոշակի հոգեվիճակների, ապրումների, զգացողությունների հետ հանդիպման, որն էլ ստեղծում է հենց այդ արձագանքը։ Մի խոսքով, ուրախ եմ, որ ներկայացումը կայացավ, կայացավ հենց այս թատրոնում, այս դերասանների հետ, որոնք առանձնակի հմայք են հաղորդում ստեղծագործությանը»,-նշեց ռեժիսորը։
Մեր հարցին՝ «Սպասումը» բեմադրված է ըստ Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի, ինչո՞ւ հենց այս գործը եւ ինչու փոխված վերնագրով, ինչ էին ուզում հասցնել հանդիսատեսին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Հեղինակի թույլտվությամբ եւ իմացությամբ փոխել ենք պիեսի վերնագիրը։ Պիեսին տրված է «Երկու Կորեաների վերամիավորումը» վերնագիրը, սակայն այդ վերնագրով առանձին նովել չկա 27 հատվածներում։ Ինչ-որ առումով թյուրըմբռնում էր առաջացնում, եւ տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքական ենթատեքստ կա, Կորեաների հետ կապ ունի, բայց իրականում որեւէ առնչություն չունի։ Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միավորումը մետաֆոր էր, որը հրաշալիորեն օգտագործել է հեղինակը՝ ցույց տալու համար, որ երկու հոգու սերը եւ միությունը նույնչափ անհնարին է, որչափ երկու Կորեաների վերամիավորումը, կամ որ անցյալի հիշողությունները ինչ-որ տեղ բերում են այն նույն ապրումը՝ անհնարինության, որ չենք կարող վերադառնալ անցյալ, դա նույնքան անհնարին է, որքան երկու Կորեաների վերամիավորումը, ասել է թե՝ անցյալի եւ ներկայի վերամիավորումը։

Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե ինչ ուղերձ ունի ներկայացումը, նշեմ, որ ինձ համար առհասարակ իբրեւ ստեղծագործողի, ռեժիսորի, միշտ կարեւոր է ստեղծագործությունն ինքնին։ Իհարկե, գործեր կան, որոնք ունեն որոշակի ենթատեքստ, հաղորդագրություն, բայց կան նաեւ ստեղծագործություններ, որտեղ ասելիքը հենց ասվածի մեջ է, եւ այս պիեսը դրա վառ ապացույցն է։ Պիեսն ավելի շուտ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխաններ է տալիս։ Ես նման պիեսներն ավելի եմ սիրում, քան պատասխաններ տվողները, որովհետեւ հարցադրումներ ունեցող պիեսները մեծ հնարավորություններ են տալիս մեր ներսը գնալու, ինքներս մեզ հետ անկեղծանալու, մեր ապրածի ու չապրածի հետ առերեսվելու համար ու թույլ են տալիս, որ մենք գտնենք պատասխանները»։

Հարցրինք, թե ինչ տպավորություն ստացավ Գյումրու թատրոնի հետ համագործակցությունից։ Սաթէ Խաչատրյանը նշեց, որ այն հետաքրքիր ավանդույթներով թատրոն է, եւ իր համար շատ մեծ հաճույք եւ պատասխանատվություն էր այդ թատրոնում աշխատելը. «Իսկապես պրոֆեսիոնալիզմ կա այդ թատրոնում, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը եւ յուրաքանչյուրն իր գործի նվիրյալն է։ Շատ եմ սիրել թատրոնում բոլորին եւ սիրում եմ նաեւ այն կարգապահությունը, նվիրումը, որ կա, ինչը նկատվում է իրենց բոլոր ներկայացումներում։ Մեծ հաճուքով եմ աշխատել եւ կարծում եմ հետագայում եւս համագործակցության առիթներ կլինեն։ Գյումրին դարձավ իմ ամենասիրելի թատրոններից մեկը։ Թատրոնի ճիշտ աշխատաոճը, իմ համոզմամբ, գալիս է թատրոնի ղեկավարությունից՝ Լյուդվիգ Հարությունյանից, որը շատ լայն մտահորիզոնի տեր մարդ է, արվեստագետ, որը հրաշալիորեն գիտի, թե ինչպես կազմակերպել մարկետինգը, գեղարվեստական մասը, տեխնիկական մասը…»։

Ֆրանսաբնակ ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե էլ ինչ է պատրաստվում բեմադրել։ Նա հայտնեց, որ այս պահին աշխատում է Գավառի պետական թատրոնի հետ, որովհետեւ 2022թ. իրենց հիմնադրած «Սաթէ-Աթղը» թատերական միության համար Ժոել Պոմրայի դրամատուրգիային նվիրված տարի է. «Ինչպես գիտեք, մեր թատերական միությունն ամեն տարի ներկայացնում է մեկ ֆրանսիացի դրամատուրգի՝ տարբեր թատերական միջոցառումներով, որոնք եզրափակվում են հեղինակի պիեսների հայերեն թարգմանությամբ եւ տպագրությամբ։ Այս դեպքում եւս նույն տրամաբանությամբ ենք շարունակելու։

«Երկու Կորեաների վերամիավորումը» եւ «Այդ երեխան» պիեսներից որոշ հատվածներ կներկայացվեն Գավառի թատրոնում։ Հետաքրքիր փորձառություն է լինելու, որովհետեւ Գյումրու թատրոնից երկու դերասան պետք է մասնակցեն այս ներկայացմանը, եւ Տաթեւ Հովակիմյանը, որը հրավիրյալ դերասան էր Գյումրու թատրոնում, այս դեպքում եւս հրավիրյալ դերասան կլինի։ Գավառի թատրոնից 3 երիտասարդ դերասաններ կներկայանան նոր բեմադրությամբ՝ Պոմրայի երկու պիեսների համադրությամբ, որը վերնագրված է «Ուրիշները»։ Այս անգամ եւս մենք վերնագիրը փոխել ենք հեղինակի թույլտվությամբ։ Յուրատեսակ վերամշակում է ստացվել, կարծում եմ հետաքրքիր կլինի։ Գյումրու թատրոնի դերասանները խաղալու են այն հատվածները, որոնք խաղացել են իրենց թատրոնում, բայց կվերաբեմադրվեն այլ դեկորի մեջ, այլ մթնոլորտում։ Սա էլ հետաքրքիր փորձ կլինի դերասանների համար, թե ինչպես կարելի է նույն պիեսը խաղալ տարբեր ձեւաչափերում, տաբեր դեկորների մեջ, խաղընկերների փոփոխությամբ։ Գավառից հետո գուցե ներկայացումը խաղանք Սեւանում, Գորիսում։ Այդ հյուրախաղերը կազմակերպվելու են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում»։


Իսկ որո՞նք են ֆրանսիացի եւ հայ դերասանների հետ աշխատանքի առանձնահատկությունները, տարբերությունները։ «Թատերական դպրոցները տարբեր են, չկա լավ կամ վատ։ Բայց յուրաքանչյուրն ունի իր թե լավ, թե վատ կողմերը։ Ինձ համար որպես ռեժիսոր՝ շատ հետաքրքիր է ունենալ հնարավորություն աշխատելու տարբեր թատերական դպրոցների հետ։ Այստեղ էլ հայ դերասանների հետ աշխատելիս հիմնականում առաջնորդվում եմ ֆրանսիական թատերական սկզբունքներով, որոնք բավականին հեռու են ռուսական թատերական դպրոցի ավանդույթներից։ Իհարկե, ես Հայաստանում եմ ավարտել թատերական ինստիտուտը, եւ ռուսական թատերական դպրոցը, որ աշխարհով մեկ հարգի է ու հայտնի, ինձ շատ բան է տվել։ Արդյունքում՝ ես կարողանում եմ համադրել եւ այդ թատերական դպրոցը, եւ ֆրանսիականը»,-նշեց մեր զրուցակիցը։

Սաթէ Խաչատրյանից նաեւ պարզեցինք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան հարյուրամյակի առիթով պատրաստվում են նրա «Նռան գույնի» հիման վրա պարային ներկայացում բեմադրել, որը կիրականացնի ֆրանսիացի հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։ Նա ամռանը Հայաստանում վարպետության դասեր էր անցկացնում Ազգային օպերային թատրոնում։ Սաթէ Խաչատրյանի ձեւակերպմամբ, Մերզուկին բացառիկ անուններից մեկն է ֆրանսիական պարային աշխարհում, ում ներկայությունը մեծ պատիվ է ցանկացած թատրոնի համար։ Ինչ վերաբերում է նրա իրականացնելիք պարային բեմադրությանը, ռեժիսորի խոսքով, ժողովրդական պարը, հիփ հոպը եւ ժամանակակից պարը կհանդիպեն մեկ հարթակում՝ Փարաջանովյան գույների ներքո ու շնչով։ Նախագիծը ծնունդ կառնի Ֆրանսիայում եւ Փարաջանովի հարյուրամյակի միջոցառումների շրջանակում կներկայացվի նաեւ Հայաստանում։ Մեր զրուցակցից տեղեկացանք, որ պատրաստվում են մեր երկրում ներկայացնել եւս մեկ ժամանակակից ֆրանսիացի հեղինակի` Ֆիլիպ Մինիանային, որի գործերը ոչ միայն կբեմադրվեն, այլեւ կթարգմանվեն հայերեն՝ Ֆրանսիական դեսպանատան եւ Ֆրանսիական պետական ինստիտուտների աջակցությամբ։ «Հույս եմ հայտնում, որ մեր պետությունը եւս նույնչափ կկարեւորի հայկական մշակույթի հանրահռչակումը արտերկրում եւ կանի հնարավորը, որպեսզի հայկական մշակույթը իր տեղը ունենա ֆրանսիական իրականության մեջ, մեր դրամատուրգները եւս թարգմանվեն ու բեմադրվեն Ֆրանսիայում»,-ասաց Սաթէ Խաչատրյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սաթէ Խաչատրյանը

«Առավոտ» օրաթերթ
09.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031