Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմի նվիրյալը

Դեկտեմբեր 10,2022 12:00

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 69-րդ տարում կարճատեւ, ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց կոլեկտիվի եւ հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գեւորգյանը: Բագրատ Գեւորգյանը ծնվել է 1954 թվականին Երեւանում, մտավորականի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Քանաքեռի թիվ 84 միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը: 1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976 թ. ավարտել է վերոհիշյալ տեխնիկումի լրիվ դասընթացը: ԼՂՀ Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վահրամ Փափազյանի) անվան պետական թատրոնի տնօրինությունը տեղեկանալով երիտասարդների՝ Արցախի թատրոնում աշխատելու ցանկության մասին, ոչ պաշտոնական հրավեր է ուղարկում նրանց: Բագրատ Գեւորգյանը իր մի խումբ համակուրսեցիների հետ (թվով վեց հոգի) մեկնում է Արցախ եւ աշխատանքի է անցնում վերոհիշյալ թատրոնում որպես դերասան: Երիտասարդները թարմություն եւ աշխուժություն են հաղորդում թատրոնի աշխատանքներին, ներգրավվելով թատրոնի խաղացանկում բեմադրվող ներկայացումներում:

Ընդհանրապես, խորհրդային տարիներին երիտասարդները երբեմն-երբեմն, ինքնուրույն չորս-հինգ հոգանոց խմբեր էին կազմում եւ մեկնում էին Արցախ, Ստեփանակերտի հայկական թատրոնում աշխատելու, այդպիսով ինքնաբերաբար լուծելով կառավարության կողմից անուշադրության մատնված Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական կազմը նոր կադրերով համալրելու, արդյունքում թատրոնը պահպանելու, այնքան անհրաժեշտ գործը: Ստեփանակերտի թատրունում նրանց գրկաբաց ընդունեցին եւ անմիջապես ներգրավեցին թատրոնի աշխատանքներում: Երկու տարի անց՝ 1978 թվականին Բագրատ Գեւորգյանը Արտաշատի թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռ. Սարգսյանի կողմից, ով Բագրատ Գեւորգյանին գիտեր Ստեփանակերտի թատրոնում համատեղ աշխատանքից, հրավիրվում է Արտաշատի թատրոն:
Արտաշատի պետական թատրոնի աշխատանքները մեծապես պայմանավորված են նրա աշխարհագրական դիրքով: Գտնվելով մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորության վրա, թատրոնն իր ստեղծագործական կազմը մշտապես համալրում է մայրաքաղաքում բնակվող դերասաններով ու ռեժիսորներով: Թատրոնի երեւանաբնակ աշխատակիցները ամեն Աստծո օր լուռ ու մունջ կտրում են Երեւանից Արտաշատ ընկած այդ ճանապարհը, այդպիսով իրենց անուրանալի ավանդը բերելով հանրապետության հնագույն թատերական օջախներից մեկի կենսունակության ապահովման շնորհակալ գործին: Խորհրդային տարիներին այդ հարցը շատ ավելի լավ էր կագավորված: Թատրոնն ուներ իր սեփական փոխադրամիջոցը: Այսօր թատրոնի աշխատակիցների միակ փոխադրամիջոցը հասարակական տրանսպորտն է: Այստեղ կարծում եմ տեղին է ասել. թատրոնի ճամփան դժվար է երկար շատերի համար: Բագրատ Գեւորգյանը շատ արագ մերվեց այդ պայմաններին եւ շուրջ քառասունչորս տարի անմնացորդ նվիրվեց արդեն իր տունը դարձած թատրոնին: Իր անուրանալի շնորհքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նա շատ արագ դարձավ թատրոնի ամենապահանջված դերասաններից մեկը: Նրա շնորհքն ու նվիրվածությունը աննկատ չմնաց ո՛չ թատրոնի տնօրինության, ո՛չ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: 2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: 2014թ. անբասիր աշխատանքի համար նա արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալի: 2018թ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայ բեմարվեստին մատուցած ծառայությունների համար նրան պարգեւատրել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Բագրատ Գեւորգյանը ավելի քան հարյուր դերերի եւ բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է: 46-ամյա ստեղծագործական աշխատանքի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի:
Նա իրավամբ թատրոնի կրող սյուներից մեկն էր, ում բացակայությունը դեռ երկար է զգացվելու թատրոնում:

Վաչագան ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031