Վերջին չորս տարում արցախյան հիմնախնդրի եւ հակամարտության այս կամ այն տարրերի վերաբերյալ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարի եւ պատգամավորների որոշ հայտարարություններ ժամանակ առ ժամանակ առնվազն տարակուսանք են առաջացնում, հատկապես, երբ փաստերի համադրությունն այլ բան է ի հայտ բերում։ Ուշադրության արժանի հերթական հայտարարությունը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանինն է։ Դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստում նա հետեւյալ դիտակումն էր հնչեցրել. «Դասեր քաղել ենք 94թ.-ի սխալից, երբ ՀՀ-ն որպես կողմ խառնվեց եւ ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Դա մեծագույն սխալ էր, որովհետեւ ՀՀ-ն գործ չուներ Ադրբեջանի հետ, որովհետեւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ չէր կռվում։ Այդ ադրբեջանական թեզերը մի տարածեք։ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը։ ՀՀ-ից տասնյակ հազարավոր հայեր գնացին պաշտպանելու, բայց ՀՀ-ն Ադրբեջանի դեմ չէր կռվում։ Մեր սխալն այն էր, որ ՀՀ որոշ պաշտոնյաներ ավար բաժանելու նպատակով, որ իրենք են փրկել աշխարհն ու Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ շատ որոշումների, եւ ՀՀ-ն դարձավ օկուպանտ՝ ՄԱԿ-ի որոշումներով։ Դրա համար մենք հիմա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարանջատում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից» (մեջբերման ավարտը)։
Պարզելու համար, թե իրականում ո՞վ եւ ի՞նչ ադրբեջանական թեզեր է տարածում, դեկտեմբերի 5-ին խորհրդարանում պարոն Աղազարյանից խնդրեցինք պարզաբանել պնդումը, եւ նա կրկնեց իր վերոնշյալ բացատրությունը. տեղի ունեցավ այսպիսի հարցուպատասխան (ճեպազրույցն ամբողջությամբ՝ Aravot.am-ում)։
– Պարոն Աղազարյան, իսկ միջազգային հանրությունը ո՞ր իրավական ակտով կամ ո՞ր միջնորդական առաքելության հայտարարությամբ է արձանագրել, որ Հայաստանն «օկուպանտ» է։
– Ես այդպիսի բան չեմ ասում, որ Հայաստանն օկուպանտ է։ Ասում եմ՝ միջազգային հանրության աչքին մենք վերածվեցինք որպես օկուպանտի, որովհետեւ…
Կարդացեք նաև
– Ինչ-որ կերպ պետք է չէ՞ միջազգային հանրությունը դա փաստած լիներ։
– ՄԱԿ-ը մի քանի որոշումներ ունի, որոնցով պահանջում է, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերն այդ տարածքներից։
– Իսկ իրավակիրառ պրակտիկայում դրանք երբեւէ որեւէ տեղում մեր դեմ աշխատե՞լ են։
– Դե հիմա հետին թվով…
– Մեկ էլ Ադրբեջանն է ՄԱԿ-ի այդ երեք բանաձեւերն այսքան տարի «դրոշակ» սարքած աշխատել մեր դեմ։
– Դե հիմա մեկ էլ Ադրբեջանը… հիմա ի՞նչ եք ուզում ասել…
– Ասում եմ, որ մեկ էլ Ադրբեջանն է այդ հիմքով մեզ «օկուպանտ» ասում։
– Ադրբեջանը, մեկ էլ ես, հա՞։
– Մենք՝ մենք ինչո՞ւ ենք նույն հիմքով կրկնում Ադրբեջանի ասածն ու թեզը։
– Ասում եք՝ մեկ Ադրբեջանն է այդպես ասում, մեկ էլ ես…ես այդպես չեմ ասում։ Ասում եմ, որ միջազգային հանրության աչքին այդ վիճակը ստեղծվեց։
– Միջազգային հանրությունն ինչպե՞ս է փաստել, որ սատարում է Հայաստանի՝ «օկուպանտ» լինելու պնդումը։
– Եթե այդպես չլիներ, եթե այդ վերաբերմունքը չլիներ, ապա շատ գործընթացներ այլ կերպ կգնային։ Ես հիմա չեմ կարող պատմության ժամանակը հետ տալ ու նորից սկսել։ Ուղղակի մենք պետք է հետեւություններ անենք սխալներից (մեջբերման ավարտ)։
Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղի ունեցած նիստերի ժամանակ իշխանական խմբակցությունից եւ որեւէ մեկը չփորձեց շտկել Հայաստանին «օկուպանտ»-ի պիտակ կպցնող նշյալ պնդումը, որը հիմնավորելու համար Հովիկ Աղազարյանը հղում էր անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին։ Երբ դեկտեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից դիրքորոշում հարցրինք, հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է ԱԺ ամբիոնից անդրադառնալ այդ պնդմանը, նա ասաց, որ ի պաշտոնե պարտավորություն չունի ԱԺ ամբիոնից հերքել կամ հաստատել իր գործընկերոջ հայտարարությունը։ Նա խորհուրդ տվեց Հովիկ Աղազարյանից պարզաբանում խնդրել, սակայն, ինչպես արդեն վերեւում գրել էինք, պարոն Աղազարյանի պարզաբանումը լսել էինք։
Ուստի «Առավոտը» ստորեւ ներկայացնում է մի շարք փաստեր, գնահատականներ եւ վերլուծություններ առ այն, թե ինչ են իրենցից ներկայացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձեւերը եւ թե որքան հիմնազուրկ է դրանցով Հայաստանն «օկուպանտ» անվանելու միտումը։ Դրանց հղում անելու հիմքով ՀՀ-ին «օկուպանտ» որակելը 93թ.-ից ի վեր եղել է հայկական կողմի դեմ ուղղված Ադրբեջանի քարոզչական «զենքերից» մեկը։
Նախեւառաջ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի ասածն իրականությունն աղավաղում է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի բանաձեւերն ընդունվել են 1993թ.-ին, իսկ զինադադարի պայմանագիրը կնքվել է 1994թ.-ին. հետեւաբար, պատգամավորը շփոթել է ժամանակագրությունը, եւ զինադադարը չէր կարող լինել այդ բանաձեւերի «հետեւանքը»։ Հաջորդիվ արձանագրենք, թե ինչի մասին էին ՄԱԿ-ի ԱԽ այդ 4 բանաձեւերը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն ընդունվել են 1993թ.-ին՝ ռազմական գործողությունների ակտիվ փուլում. նպատակը հարցը քաղաքական երկխոսության դաշտ տեղափոխելն էր, եւ դա փաստում է այդ չորս բանաձեւերում կրկնվող միեւնույն պահանջը՝ կրակի, բոլոր տեսակի ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի դադարեցում։ Սակայն հայտնի է, որ Ադրբեջանը նենգափոխության դրոշակակիրն էր եւ է։
Հիշենք, որ 2022թ. սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ» ՄԱԿ-ի բանաձեւերը Հայաստանը 27 տարի չի կատարել։ Ընդ որում, Ալիեւը սա ասել է՝ որպես օրինակ, թե միջազգային առաջատար կազմակերպությունների գործունեությունն արդյունավետ չէ։ Ստացվում է, որ ըստ ՔՊ պատգամավորի՝ միջազգային հանրության աչքում ՀՀ-ն օկուպանտ է եղել, իսկ ահա Ադրբեջանի նախագահն այդ նույն միջազգային հանրությունից դժգոհ է, որովհետեւ վերջինս այդ «օկուպանտ» ՀՀ-ին իր տեղը չի դրել…
Իլհամ Ալիեւն իր ավանդական դժգոհությունն արտահայտել էր նաեւ 2014թ. օգոստոսին՝ Սոչիում, եւ այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան պատասխանել էր. «Ադրբեջանական կողմն ամեն անգամ հիշատակում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, բայց այսպիսի մի հարց պարոն Ալիեւին. իսկ այդ բանաձեւերի կետերից ո՞ր մեկն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի դրույթները կյանքի է կոչել միայն Հայաստանը, որն օգտագործեց իր ազդեցությունը՝ մարտական գործողությունները կասեցնելու համար»։
Փաստելու համար, որ Ադրբեջանն իրապես չի կատարել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը, նորից հիշեցնենք, որ արցախյան պատերազմի վճռորոշ փուլում՝ 1993թ. ապրիլից մինչեւ նոյեմբեր, ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բոլոր 4 բանաձեւերի առաջնահերթ պահանջն էր՝ կրակի անհապաղ դադարեցումը, ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի դադարեցումը։ Սրանցից ո՞ր մեկն է երբեւէ իրագործել Ադրբեջանը։ Կամ՝ ե՞րբ եւ ինչպե՞ս է այդ պետությունը վերացրել հայատյացության, հայերի եւ հայկականության հանդեպ թշնամանքի սերմանումը։ Այդ բանաձեւերի պահանջները հարեւան ագրեսորը ոտնահարում է մինչեւ օրս՝ թիրախավորելով այդ թվում խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, թքած ունենալով միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի վրա։ Ադրբեջանը չի կատարել եւ չի կատարում նաեւ այդ բանաձեւերով ամրագրված՝ «հրադադարն արդյունավետ ու մշտական դարձնելու» մասին կոչերը։
Թերեւս ժամանակի վատնում կլինի հիշեցումը, որ Ադրբեջանը չի կատարել եւ չի կատարում նաեւ այդ բանաձեւերով ամրագրված՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրագործելու, կողմերի միջեւ ուղիղ շփումները պահպանելու կոչերը։ Պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ խեղաթյուրել է այս բանաձեւերի պահանջները եւ արցախյան հակամարտության էությունը՝ իր օգտին բարձրաձայնելով բանաձեւերի միայն մեկ դրույթը՝ «գրավված տարածքներից զորքերի դուրսբերումը»։
Ուշագրավ է, որ դեռեւս 1994թ.-ին եւ հետագա տարիներին մի քանի անգամ Մինսկի խմբում ՌԴ-ի նախկին լիազոր-ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը մատնանշել է, որ Ադրբեջանը բանաձեւերի պահանջները հանգեցնում է «գրավյալ տարածքներն ազատելուն»՝ մյուս պահանջները մղելով հետին պլան։ «Բաքվի նպատակն է՝ միայն ուշադրություն գրավել օկուպացիայի վրա, որը զինված հակամարտության ծանր հետեւանքն է։ Սակայն դրանով իսկ ցանկանում է նաեւ հետին պլան մղել վիճահարույց գլխավոր խնդիրն ու հակամարտության պատճառը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը։ Փաստացի, Ադրբեջանը չի կատարել եւ չի կատարում բանաձեւերի պահանջներից եւ ոչ մեկը»,-մի առիթով ասել էր Կազիմիրովը։
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բանաձեւերի շահարկման վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը փաստելու համար մասնակի մեջբերենք, օրինակ, Արցախի ԱԳՆ-ի 2018թ. հուլիսի հետեւյալ հայտարարությունը. «Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։ Ադրբեջանի կողմից բանաձեւերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձեւեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել՝ կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ. մայիսի 5-8-ը ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ. մայիսի 12-ին կրակի եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար… Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը (…) հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի տառին եւ ոգուն (մեջբերման ավարտը)»։
Դառնանք Ադրբեջանի նախագահին. տարբեր տարիներին Իլհամ Ալիեւն առիթը բաց չի թողել ասելու, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով ՀՀ-ից պահանջվում էր «ամբողջությամբ, անհապաղ եւ անպայման դուրս բերել Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված հողերից»։ Ադրբեջանական քարոզչամեքենայի այս հայտնի թեզը հերքելու համար նախ շեշտենք, որ այդ բանաձեւերում «ՀՀ զինված ուժերի» մասին խոսք չկա։ Ավելի կոնկրետ, 822 բանաձեւում ասվում է՝ «մտահոգված ենք Ադրբեջանի Քելբաջարի շրջան տեղի հայկական ուժերի ներխուժմամբ»։ Իսկ 853 բանաձեւով «կոչ է արվում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել կիրառել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի` ԼՂ տարածաշրջանի հայերի կողմից 822 բանաձեւի եւ սույն բանաձեւի պահանջները կատարելու, նրանց կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելու ուղղությամբ»։ Իսկ 884 բանաձեւում գրված է. «Կոչ է արվում ՀՀ կառավարությանը՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822, 853 եւ 874 բանաձեւերի պահանջները կատարելու նպատակով գործադրել ազդեցությունը եւ ապահովել, որպեսզի իրենց զինված արշավը շարունակելու համար ներգրավված ուժերին չտրամադրվեն միջոցներ»։
Այսինքն, անվտանգության խորհուրդն ակնարկում է ոչ թե ՀՀ զինված ուժերի, այլ ՀՀ-ի՝ Արցախի վրա ունեցած ազդեցությունը գործի դնելու մասին. չկա ոչ մի բնորոշում կամ գնահատական՝ Հայաստանի օկուպանտ լինելու մասին։ Փաստենք նաեւ, որ որեւէ բանաձեւով Հայաստանը չի ճանաչվել հակամարտող կողմ, այլ Հայաստանին կոչ է արվել (ենթադրելի է, որ որպես միջնորդի) ազդեցություն գործադրել ԼՂ-ի վրա։ Բացի այդ, Հայաստանն այդ բանաձեւերով ՄԱԿ-ի կողմից նաեւ «ագրեսոր» որակումը չի ստացել. սա այն դեպքն է, երբ պետք է մեջբերել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի 2001թ. փետրվարի 23-ի հետեւյալ խոսքերը. «Այդ չորս բանաձեւերում ասվում է, որ օկուպացիոն բանակը պետք է լքի ադրբեջանական օկուպացված հողերը։ Բայց «Հայաստան» բառը չկա, այսինքն՝ «հայկական զինված ուժեր» ձեւակերպումը չկա։ Բայց բանաձեւերից մեկում գրված է, որ Հայաստանից պահանջվում է Լեռնային Ղարաբաղի վրա ներգործություն ունենալ։ Իրականում սա հայ-ադրբեջանական պատերազմ է։ Իրականում Հայաստանն է Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրել։ Մինչդեռ ոչ մի միջազգային կազմակերպության փաստաթղթում, ոչ մի պետության որեւէ հայտարարությունում Հայաստանին ոչ մեկը չի ճանաչում ագրեսոր»։
Մեկ այլ օրինակով կրկին անդրադառնանք Հեյդար Ալիեւի որդուն։ 2020թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ժամանակ Իլհամ Ալիեւը Հայաստանը նորից որակեց որպես «օկուպանտ եւ ագրեսոր»՝ հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի՝ Հայաստանի կողմից իբրեւ թե չիրագործմանը։ Շարունակելով արցախյան հակամարտության էությունը խեղաթյուրելու սովորույթը՝ Ալիեւն այդ ժամանակ նաեւ որպես հակամարտության կարգավորման նախապայման հիշատակեց այդ բանաձեւերի իրագործումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Ագրեսոր Ադրբեջանի նախագահը նաեւ համոզմունք հայտնեց, թե «ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չկատարելու համար Հայաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»։ Մի շատ պարզ, բայց կարեւոր հարցադրում. եթե այդ բանաձեւերով (ինչպես ՔՊ պատգամավորն ու Ալիեւն են պնդել) ՀՀ-ն իսկապես ագրեսոր/օկուպանտ էր ճանաչվել, ապա ո՞ւր են մեր դեմ միջազգային պատժամիջոցները եւ դրանց հետեւանքները։
Հիշեցման է արժանի նաեւ այն փաստը, որ երբ արցախա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում Ադրբեջանը 2014թ.-ին խոցեց Արցախի ռազմաօդային ուժերի «ՄԻ-24» ուղղաթիռը, տեւական ժամանակ չէր թույլատրում հայ զինվորների դիերի դուրսբերումն անկման վայրից։ Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի վրա մշտապես թքած ունեցող Ադրբեջանն այդ ժամանակ էլ էր իր ԱԳՆ-ի մակարդակով ակնարկում, թե Հայաստանն «անտեսում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը» եւ «իր գրավյալ տարածքներում մեծացնում է ռազմական ներկայությունը»։ Խոսքն այն Ադրբեջանի մասին է, որը 93թ.-ից չի կատարել այդ թվում հումանիտար հարցերին վերաբերող ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պահանջները։
Այսպիսով, ՄԱԿ ԱԽ բանաձեւերից եւ ոչ մեկն Ադրբեջանի կողմից մինչեւ օրս իրագործում չեն ստացել, մինչդեռ դրանց առաջնահերթ եւ կարեւորագույն պահանջներն էին կրակի, ռազմական եւ թշնամական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումը։ Շեշտենք նաեւ, որ Հայաստանին ՄԱԿ-ի բանաձեւերը չկատարելու մեջ մեղադրում է նաեւ Թուրքիան. այն Թուրքիան, որի դեպքում թերեւս դժվար է հաշվել, թե 1974թ.-ից Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելուց ի վեր ՄԱԿ-ի քանի՞ բանաձեւի պահանջ չի կատարել։ Ագրեսոր, ահաբեկչության հովանավոր, ցեղասպան, Արցախի խնդրի մեջ մշտապես քիթը խցկել փորձող ու նախապայմաններով խոսող Թուրքիան այս հարցում ես սատարում է եղբայրական Ադրբեջանի քարոզչությանն ու նպատակներին։
Համադրելով վերոնշյալ փաստերն ու հիշեցումները՝ հույս ունենք, որ ընթերցողները հետեւություններ կանեն, թե ով է փաստացի օկուպանտը։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2022