«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունն ավարտեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում հերթական «Իմացիր ու իրազեկիր» ծրագիրը։
«Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում համաճարակաբան Դավիթ Մանուկյանը պատիժ կրող անձանց ներկայացրեց COVID-19-ի մասին տեղեկատվություն՝ կարեւորելով կանխարգելումն ու հատկապես պատվաստումը։ Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց մոտ պատվաստվման տոկոսն այնքան էլ բարձր չէ։
«Հուսով եմ, որ կարողացանք անազատության մեջ գտնվող անձանց իրազեկությունը բարձրացնել, ու նրանք կդիմեն իրենց վարչակազմերին՝ առաջիկայում պատվաստվելու համար»,- նշեց կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։ Իհարկե, ըստ մեր զրուցակցի, դասընթաց-վարժանքին մասնակցողների մեջ եղել են մարդիկ, որոնք պատվաստված են ու դասընթացից հետո ցանկություն հայտնեցին ստանալու անգամ երրորդ չափաբաժինը։
Բացի քրեակատարողական հիմնարկներում կազմակերպված դասընթացից, ծրագրի շրջանակում հանրային քննարկումներ էին կազմակերպվել։ Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվեց օրենսդրական մի նախաձեռնություն, ըստ որի, համավարակով պայմանավորված, առաջարկվում է կրճատել պատժի չափը։
Կարդացեք նաև
«Սա դեռեւս նախաձեռնություն է, լրամշակվում է դեռ ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ատյաններին»,-ասաց տիկին Մանուկյանը։ Ի դեպ, սոցհարցումներ են իրականացվել պատիժ կրող անձանց ու նախկին դատապարտյալների շրջանում։ Նրանց առաջարկները նույնպես հաշվի են առնվել նախագծում։
Դասընթացի մասնակիցներին բաշխվել են նաեւ COVID-19-ի մասին պատմող տեղեկատվական բուկլետներ։
Լուսանկարները տրամադրել է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն․ դրանք հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ