Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկանության բաժնում խոշտանգել են, սակայն տուժող են ճանաչել խոշտանգող ոստիկաններին․ Արթուր Սաքունցը մանրամասներ է ներկայացնում

Դեկտեմբեր 09,2022 21:03

Ոստիկանության Արաբկիրի բաժնում մի խումբ ոստիկաններ խոշտանգել են  քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, իրավապահները կոծկում են այս ապօրինությունը եւ գործը քննում խախտումներով։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել։

Իրավապաշտպանի պատմելով՝ նոյեմբերի 19-ին, գիշերը  ժամը 1:30-ի շրջակայքում, Վանեսքեհյանն ու կինը, երբ մոտեցել են իրենց տանը, փորձել են կայանել մեքենան, որը վարում էր նրա կինը, նկատել են, որ իրենց տան բակում կայանման տեղը զբաղված է։ Սաքունցի պատմելով՝ Վանեսքեհյանն այդ օրը հանդիպել էր ընկերոջը, ալկոհոլ էր օգտագործել, ուստի ղեկին նա չէր, այլ՝ կինը։ Երբ մոտեցել են բակին, այդտեղ արդեն մարդկանց խումբ է եղել, այդ թվում՝ ոստիկաններ, որոնք ժամանել էին տարածքի բնակիչներից մեկի բարձրացրած աղմուկի ահազանգով։ Վանեսքեհյանի կինը փորձել է ազդանշանով, լուսարձակումներով զգուշացնել, որպեսզի իրենց կայանման տեղը ազատեն։

«Մեկը մոտենում է, սկսվում է խոսքուզրույց, աղմուկի վրա ոստիկաններից մեկը մոտենում է, որպեսզի հանդարտացնի։ Հանդարտացնում է, գնում է։ Հետո ճշտվում է, որ այն քաղաքացին, ում հետ խոսակցություն է եղել, իրեն անպարկեշտ է պահել, միզել է այդ տարածքում։ Երկրորդ անգամ ոստիկանները մոտենում են, եւ այլ խոսակցություն է լինում, այլ տոնով են խոսում, ու այդ ընթացքում հրմշտում են Վանեսքեհյանի կնոջը։ Ի դեպ, ոստիկանների վրա ամրացված տեսախցիկներով դա ամրագրվել է, բայց ձայնագրությունների վերծանման ժամանակ, զարմանալիորեն, պարզվել է, որ մեկի դեպքում 15 րոպե 41 վայրկյան է ձայնագրությունը, մյուսի մոտ՝ 16 րոպե։  Ոստիկաններից մեկը հրում է կնոջը, նա վնասվածք ունի այտի վրա։ Այդ ընթացքում Վանեսքեհյանը մոտենում է, թե՝ էս ի՞նչ է կատարվում, հայհոյում է ոստիկանության աշխատակիցներին, թե ինչու եք  հրում կնոջս։ Ոստիկանները, ոգեւորված, որ իրենց հայհոյում են, ձեռնաշղթաներ են հագցնում ու տեղափոխում Արաբկիրի բաժին։ Լավ է անում, հայհոյում է։ Հայհոյելու համար վարչական պատասխանատվություն է հասնում, ոչ թե․․․»,-պատմեց Սաքունցը։

Իսկ այն, ինչ տեղ է ունեցել ոստիկանության բաժնում, Սաքունցն ասաց, որ դա իրեն հիշեցնում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունում տեղի ունեցող ապօրինությունները, «երբ քաղաքացիներին բաժնում ոտատակ էին տալիս»։

Սաքունցը պատմում է, թե ինչ է պատահել ոստիկանությունում: Ըստ նրա. «Վանեսքեհյանին ձեռնաշղթաներով տանում են սենյակ, վերարկուն գցում են գլխի վրա ու սկսում ծեծուջարդը։ Վանեսքեհյանի ականջաթաղանթները պատռվել են ոստիկանների գործողության հետեւանքով։ Ուրեմն Վանեսքեհյանը վերարկուի տակից տեսել է ոստիկանին, ասել է՝ քեզ ճանաչեցի։ Նա էլ՝ ո՞նց ճանաչեցիր։ Վանեսքեհյանն ասել է՝ լսեցի անունդ։ Ոստիկանն էլ՝ ո՞ր ականջով ես լսել, ու գալիս է հարվածում ականջին, հետո ասում է՝  կարո՞ղ ա էն մյուս ականջով ես լսել, ու հարվածում է մյուս ականջին»։

Իրապաշտպանի ներկայացմամբ՝  ժամեր հետո Վանեսքեհյանին արդեն երկրորդ անգամ ձերբակալելու մասին որոշում է կայացվում, իբր թե ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու  համար․«Պատկերացնո՞ւմ եք, Վանեսքեհյանը ձեռնաշղթաներով է եղել ու իբր այդ հինգ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել։  Քննիչի որոշմամբ՝ հինգ ոստիկանները տուժող են ճանաչվել։ Իսկ Վանեսքեհյանի վնասվածքների կապակցութամբ քրեական գործ չեն հարուցում։ Կինը հաղորդում է ներկայացրել, չեն ընդունել։  Ամսի 20-ին  նրան ՁՊՎ են տեղափոխել,  առողջական վիճակը վատացել է, փաստաբանի պահանջով տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ բժշկական զննություն են կատարել, ու բժիշկը գրել է՝ հարկավոր է ստացիոնար բուժում, քանի որ ցնցում է ստացել։ Քննիչն ասել է՝  ոչինչ, տեղափոխեք ՁՊՎ, այնտեղ բժիշկ կա։ Արաբկիրից հետո Հերացու կլինիկա են տեղափոխել, որտեղ շարունակում է բուժումը, վիճակը դեռ կայուն չէ։  72 ժամը լրացել էր, չկար կալանքի միջնորդություն, սակայն Հերացու կլինիկայում քաղաքացիական  համազգեստով անձինք՝ Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզությունից, շարունակում են այդ հիվանդանցում հերթապահություն անել Վանեսքեհյանի նկատմամբ։  Սկսում են հետաքրքվել, թե ովքեր են գնում գալիս, առողջական վիճակը ոնց է, ինչ են անում եւ այլն»։

Սաքունցն ասաց՝ չնայած Վանեսքեհյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, մինչ օրս դրա եզրակացությունը  չի  տրվել։ Ընդ որում, ինչպես ասաց Սաքունցը, ոստիկանների նկատմամբ բռնության փաստով անհապաղ գործ են հարուցել, մեղադրյալ ներգրավել Վանեսքեհյանին, իսկ Վանեսքեհյանի նկատմամբ ոստիկանության բռնության կամ Վանեսքեհյանի վնասվածքների առկայության հիմքով գործ չկա հարուցված։

«Ոստիկանների նկարագրություններն էլ իրար հակասում են։ Մեկն ասում է՝ Վանեսքեհյանին, երբ մեքենայով տեղափոխում էինք, նա գլխով ինքն իրեն տալիս էր,  մյուսն ասել է՝  ոստիկանության բաժին մուտք գործելուց առաջ չեմ տեսել,  որ վնասվածքներ են եղել»,-ասում է Սաքունցը։

Վանեսքեհյանի փաստաբանը նոյեմբերի 20-ին քննիչի բացարկի միջնորդություն  է ներկայացրել, սակայն մինչ օրս միջնորդությունը չի քննվել, մինչդեռ օրենքով պետք է  անհապաղ քննվեր։

Վանեսքեհյանը դեկտեմբերի 5-ին դուրս է գրվել, նրան միանգամից տեղափոխել են ոստիկանության այն նույն բաժինը, որտեղ նրան խոշտանգել էին։

Իրավապաշտպանի համար տարակուսելի է դատավորի՝ Վանեսքեհյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը, (Վանեսքեհյանն այժմ գտնվում է Արմավիկր ՔԿՀ-ում)։

«Դատարանն իր որոշման նկարագրությունում նշում է՝  դատարանը գտնում է, որ էդուարդ Վանեսքեհյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ հանրային վտանգավորության աստիճանը այն է, որ նրան մեղսագրվող  արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում (բայց սա չի նշանակում, որ պարտադիր պետք է կալանք կիրառվի), ինչպես նաեւ մեղադրյալի՝ Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի լինելու փաստը։ Դատավոր Տաթեւիկ Մուրադյանը գտել է, որ Ֆրանսիայի քաղաքացի լինելու փաստով կարելի է կալանք կիրառել»,-ասաց Սաքունցը։

Նրա խոսքով՝ բռնությունը գործադրել են  ոստիկանության քրեական հետախուզության երեք ոստիկանները, իսկ երկու պարեկները ներկա են եղել դրան, սա նշանակում է, որ նրանք եւս պատասխանատվություն են կրում եղածի համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Իրավապաշտպանն ասում է՝ իրավապահ համակարգում մեկը մյուսի հետեւից անօրինական գործողություններ են տեղի ունենում, քննիչը նույնիսկ ոստիկանության բաժնում առկա տեսախցիկները չի վերցրել, որպեսզի ուսումնասիրի, կնոջը դատաբժշկական փորձաքննության չի ուղարկում, որպեսզի հետքերը վերանան։

Սաքունցի խոսքով՝ ոստիկանության քրեական հետախուզություն, քննիչ, դատախազ, դատավոր եւ հիմա էլ քրեակատարողական հիմնարկը, այս բոլորի գործողություններն ուղղված են Էդուարդ Վանեսքեհյանին մեղավոր ճանաչելուն, ճնշելուն։

«Արաբկիրի բաժինը համարում եմ կտտանքների բաժին, իսկ քննիչը՝ կտտանքները կոծկող։  Գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, որ քննիչ կոչեցյալի լիազորությունները դադարեցվեն, քրեական հետապնդում սկսվի հանցագործության կոծկման հիմքով,  պետք է կասեցնեն ոստիկանների գործառույթները, Վանեսքեհյանի խափանման միջոցը պետք է փոխվի։ Դատախազն ունի բոլոր հիմքերը միջնորդելու՝ խափանման միջոցը փոխելու»,-ասաց Սաքունցը։

Նրա խոսքով՝ 20  օրում որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Իրավապաշտպանի խոսքով՝ մարդիկ իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն չունեն, վախենում են, որ եթե բողոքեն, կարող է էլ ավելի խիստ մոտենան իրենց գործին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031