Լրահոս
Օրվա լրահոսը

«1,5 ամիս փողոցներում ոստիկաններին է՛լ գրկեցիք, է՛լ հարվածեցիք, է՛լ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք». Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Գեղամ Նազարյանին ու ՀՅԴ-ին

Դեկտեմբեր 09,2022 20:45

Այսօր  ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, ընդդիմադիրները կասկածներ հայտնեցին, թե ՔՊ-ն բարեփոխում է անում: Ըստ նրանց, քաղաքականացված, իշխանությունից կախյալ մարմին է լինելու ՆԳՆ-ն:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց. «Մեկուկես ամիս փողոցներում դուք եւ ձեր գործընկերները ոստիկաններին է՛լ գրկեցիք, է՛լ հարվածեցիք, է՛լ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք: Լիլիթ Գալստյանը մեջբերում է մի խաչմերուկի պատմություն, որտեղ ոստիկանների վրա քարեր նետեցին ու ասում է՝ ես նայել եմ, չեմ բարեւել:  Իրե՛նք պետք է ձեզ չբարեւեն, որովհետեւ դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով ոստիկաններին խփեն: Ամեն նման դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան: Թող ոչ մեկը դրա մեջ չկասկածի, որովհետեւ, ի տարբերություն նախկին ոչ հաճելի երեւույթների, այսօր իշխանությունը օրինական եւ ընտրված է: Մարտի 1-ը  անելուց հետո, պարո՛ն Խաչատրյան (նկատի ունի ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանին), գնացիք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցիք: Մտնում էին գրասենյակները կուսակցությունների, ջարդուխուրդ անում, ի՞նչ եղավ: Մի անգամ ձեր կուսակիցը վազեց ոստիկաններից փախավ, դա դառավ մեմ, մի ոստիկանի ձեր պատգամավորը գրկեց, ոստիկանն ասեց ի՞նչ եք ուզում, քարերով խփեցիք ու համարժեք պատասխան ստացաք»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում կոչ էր արել ցանկացած նախագիծ օրակարգ բերելիս մտածել՝ կողջունեի՞ն զոհված տղերքը: Նա հորդորել էր վարչապետի ընտանիքին ու բոլորին, որ չշահարկեն ու չօգտագործեն զոհված տղերքին ու լրջանան:

Ալեն Սիմոնյանը նաեւ արձագանքեց նրան. «Ձեզ հետ շատ դժվար է վիճել: Որ ասում եք՝ պետք է մտածենք, թե այն տղաները, որ զոհվել են… Փառք ու պատիվ այդ տղաներին, Աստված թող հոգիները լուսավորի, մեծ խոնարհում, բայց ինչի՞ իրենք պետք է որոշեն՝ ոստիկանների մահակը պետք է ռետինից լինի՞, թե՞ չէ: Ո՛չ, իրենք չպիտի դա որոշեին, եւ մենք պետք է դրա մասին չմտածենք, պետք է մտածենք ոնց անենք, որ նման դեպքեր չլինեն, երկիր կառուցենք, որտեղ բենզին գողանալը տանկի միջից լինի հանցագործություն, այլ ոչ թե վարչապետը գա այստեղից ասի՝ սալյարկան գողացել էին, ու դրանից հետո հետեւանք չլինի: Հարգելով այն կորուստը, որը դուք տվել եք, չի լինում պատասխանել, բայց մի մտածեք, որ այն ամենը, ինչ այստեղ տխուր ձայնով ասում եք՝ ճշմարտություն է: Ոչ թե պետք է լրջանալ, այլ պետք  թարգե՛լ այդ աշխատելաոճը: Եկել եք այստեղ որպես պատգամավոր, եղե՛ք պատգամավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031