«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում կառավարության հեղինակած փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի՝ ինտերնետ շահումով խաղեր, տոտալիզատորներ, վիճակախաղեր, հարկային բեռը։ Աժ արտահերթ նիստում այսօր նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ գործող օրենքով վիճակախաղերի, շահումով խաղերի, տոտալիզատորների կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար տարեկան սահմանվում է 600 միլիոն դրամի չափով պետական տուրք։
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հարկման գործող կարգավորումները համարժեք չեն, պետք է լրացուցիչ միջամտություն։ 2017թ․-ից ոլորտի ծավալներն աճում են։ Նկատի ունեմ խաղադրույքները։ Նկատի ունեմ ոչ թե այն գումարները, որոնք մուտքագրում են մասնակիցները, այլ այդ հարթակներից իրենց խաղային հաշիվներին կատարվող հատկացումները։ Եթե 2017թ․-ին խաղադրույքների ծավալը կազմել է մոտ 140 միլիարդ դրամ, ապա 2019թ․-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ․-ին մոտեցել երկու տրիլիոնի, 21-ին՝ 4, իսկ այս տարի՝ 4,2 տրիլիոն դրամի։ Այս աճը մտահոգիչ է, մեր քաղաքացիներն են խաղադրույք անում եւ կտրվում իրական կյանքից, արդյունք ստեղծելուց»,-ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը փոխելու եւ պետբյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու համար առաջարկում են նաեւ լրացուցիչ պետտուրք սահմանել․ այսպես, խաղային ոլորտի կազմակերպիչներն ամեն 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար կվճարեն լրացուցիչ 175 միլիոն դրամ։ Նախագիծն ուժի մեջ է մտնելու վեց ամսից։
ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձանագրեց՝ ստացվում է, որ մեկ միլիարդ դոլար մտնում է խաղային ոլորտ․ «Քաղաքականություն է պետք մշակել, սա անպատկերացնելի է, որ այդքան գումար դուրս է գալիս տնտեսությունից եւ գնում է տոտալիզատորներին, ու մենք քնած ենք։ Դուք հասկանո՞ւմ եք մեկ միլիարդ դոլարն ինչ է, թե ոնց կզարգանար տնտեսությունը, եթե դրա գոնե կեսը դրվեր տնտեսության մեջ։ Ի՞նչ եք մտածում։ Սա լուրջ մտահոգության առիթ է, հասարակության հետ պետք է աշխատել, մի բան անել»։
Կարդացեք նաև
Արման Պողոսյանը պատասխանեց, որ վերջին շրջանում կառավարության քաղաքականությունը միտված է հենց այդ խնդրին, դրա համար սահմանափակել են խաղային հաշիվների լիցքավորման հնարավորությունը, խստացրել խաղադրույքների գովազդի հնարավորությունները։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը եւս արձանագրեց, որ սա սարսափելի իրավիճակ է․ «Այդ գումարը գնում է այդտեղ։ Մի տեսակ անհավատալի թիվ է։ Եթե այդպես է, իրոք շատ սարսափելի վիճակում ենք, վտանգավոր է»։ Արման Պողոսյանը պատասխանեց, որ հրապարակված թվերը հաստատված են։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքացին որքան շատ է պարտվում, այնքան շատ է խրվում դրա մեջ․ «Խաղամոլների մեծ մասը պարտվողներ են»։ ՔՊ-ից Լիլիթ Ստեփանյանն էլ լսած թվերը շոկային որակեց. «Փաստորեն, հասարակության մի խմբի համար սա աշխատանք է դարձել, եւ դա ցավալի է»։ Արման Պողոսյանը նշեց՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քաղաքացիները զերծ մնան նման կենսակերպից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ