«Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով ԱԺ բերված աղմկահարույց նախագծերին, որոնց ընդունման դեպքում ԱԱԾ-ն եւ ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմիններ են դառնում, ինչը նշանակում է, որ ստեղծվում է սուպերվարչապետություն, ասաց. «Շատ ակնհայտ է, որ նա արդեն սկսել է նույնիսկ իր մերձավորներից վախենալ, բայց ընդհանուր առմամբ իրեն պահում է որպես բռնապետ: Բայց ինձ, այնուամենայնիվ, հետաքրքրում են մարդիկ՝ իրենց տրամաբանությանբ եւ մտածելակերպով, որոնք այսօր խոսում են Եվրատեսիլի երգից, նոր տարվա սննդից ու նման ճղճիմ այլ բաներից: Դա սարսափելի է: Սարսափելի է տեսնել, թե այդ ամբողջ էներգիան ինչպես է առ ոչինչ դառնում: Սարսափեցնում է, որ մարդիկ իրավիճակը չեն զգում արդեն ոչ թե խելքով, այլ սրտով, չեն տեսնում այն սեւ ամպը, որ կոււտակված է մեր երկրի վրա, չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մտահոգիչը վաղն է: Այն, որ ասում են` թուրքերն արդեն այն չեն, չեն գա մեզ վրա, նման է այն երեխային, որը շուն է տեսնում` վախենում է, բայց որպեսզի շունը չկծի, ասում է՝ շունիկ, դու լավն ես: Բայց թուրքը մնացել է թուրք ու գալու է, եթե հենց հիմա մենք չկարողանանք այդ ամբողջին դեմ կանգնել: Իսկ դեմ կանգնելու համար պետք է պայքարել»:
Տիկին Մանանդյանը այնքան էլ համոզված չէ, թե իր այս ուղերձը նշանակություն կունենա: «Հասկացողներն արդեն հասկացել են, իսկ նրանք, ովքեր չեն հասկացել, չգիտեմ, իմաստ ունի նրանց հետ խոսելը, քանի որ նրանք զբաղված են նոր տարվա սննդով ու սեղանով: Սակայն մինչեւ այն պահը, երբ թուրքը կմտնի իրենց տուն ու կնստի սեղանի շուրջ: Բայց՝ առանց իրենց»-ասաց Էլեոնորա Մանանդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ