«Դա պայմանավորված է նրանով, որ որոշակի ժամանակ անց վերանում է թիկնազորի տրամադրման անհրաժեշտությունը։ Բացի այդ, դա պետության վրա մեծ բեռ է՝ թիկնապահներ, մեքենաներ, վարձատրություն։ Միջազգային փորձն էլ է այդ մասին խոսում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթին, որով հանրապետության նախագահներին եւ վարչապետերին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը, որը գործող օրենքով ցմահ է, սահմանափակվելու է համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին կառավարության որոշմանը, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հարցազրույցներից մեկում ասել էր, որ հնարավոր է՝ ծառայության ստեղծման գործում ՌԴ-ն օգնություն ցուցաբերի։ Այս առնչությամբ Արմեն Խաչատրյանը նշեց․ «Դա լինելու է ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն եւ ծառայելու է միայն ՀՀ-ին, լինելու է անկախ։ Դա չի էլ կարող քննարկվել։ Բայց ստեղծման ժամանակ մասնագիտական օգնության եւ փորձի փոխանակման համար դիմելու ենք ՌԴ-ին, ուսումնասիրելու ենք նաեւ միջազգային փորձը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ