Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։ Համապետական ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանի։
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ծրագրին նվիրված ասուլիս, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը և ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության վարչության Անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը։
«Կենդանիների համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը։ Ծրագիրը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված այլ քայլերի մշակմանը, և համարակալումը նախապայման կհանդիսանա կենդանիների ապահովագրման ծրագրի ներդրման համար։ Կենդանու անձնագիրը ֆերմերի առաջ կբացի արտերկրյա շուկաների դռները։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Համարակալված կենդանիներն ապահովում են այդ հետագծելիությունը», – նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Խոշոր եղջերավոր կենդանին կունենա ականջին փակցված անհատական համարանիշ, որը կպահպանվի կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Համարանիշը կպարունակի կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն՝ տարիքից մինչև իրականացված պատվաստումներ և առողջական վիճակ՝ կատարելով անձնագրի դեր։
Կարդացեք նաև
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի հանրապետությունում կայուն պահել հակահամաճարակային իրավիճակը, անհրաժեշտության դեպքում կանխել բռնկումները՝ չվտանգելով ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիների կյանքն ու առողջությունը։ Համակարգի շնորհիվ սպառողը կունենա անվտանգ ու առողջ սնունդ, գյուղացին՝ կենդանուն ապահովագրելու ու փոխհատուցում ստանալու հնարավորություն։
Այժմ կենդանիները ստանում են անհրաժեշտ պատվաստումները։ Համարակալումը կբարձրացնի դրանց արդյունավետությունը։ Անվտանգ ու առողջ սննդի և հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման համար պետք կլինի ներդնել նաև սպանդանոցային մորթի համակարգը։
Ծրագրի նախապատրաստական փուլում իրականացվել են մի շարք հետազոտություններ, ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը, արդյունքում առանձնացվել է ավստրիականը։
«30 տարի առաջ Ավստրիայում մեկ անասնատիրոջը բաժին ընկնող կենդանիների միջին գլխաքանակը 5 էր, որը համապատասխանում է Հայաստանի ներկայիս վիճակին։ Ավստրիայում այժմ այդ թիվը հասել է 33-ի․ ոչ այդքան մեծ, բայց կայուն, եկամտաբեր և կիրառելի նաև Հայաստանի համար», – նշել է Արման Խոջոյանը։
«Տվյալ պահին սննդի անվտանգությունը լրջագույն մարտահրավերներից է, որի հետ բախվել է ողջ աշխարհը։ Մեր համագործակցությունն իր դերն ունի սննդի և պարենային անվտանգության տեսանկյունից։ Կարևոր էր ներդնել Հայաստանի համար կիրառելի համակարգ։ Ավստրիան և Հայաստանը չափերով շատ նման երկրներ են, նման են նաև գյուղական տնտեսությունները․ երկու դեպքում էլ դրանք այնքան էլ մեծ չեն։ Մեր երկրների միջև այսքան նմանությունները մեզ թույլ տվեցին հասկանալ, որ համակարգը, որը ներդրվել է Ավստրիայում դեռևս 1980-ականներին և հաջողություններ գրանցել, կաշխատի նաև Հայաստանում», – նշել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։
Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի արդյունքի ձևավորման շուրջ 50%-ն ապահովում է անասնաբուծությունը։ Արտադրված կաթը 2021 թվականին կազմել է շուրջ 670 հազար տոննա, որից 97% կովի կաթն է։ Մսի արտադրության մեջ տավարաբուծությանը բաժին է ընկնում 65 %-ը։ Այս պատճառով համարակալման գործընթացը սկսվել է հենց խոշոր եղջերավորներից։
«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն