Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միակողմանի տեղեկատվություն է տարածվում․ ՔԿ պարզաբանումը Վանեսքեհյանի գործով վարույթի վերաբերյալ

Դեկտեմբեր 09,2022 18:03

Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում Է․Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը տեղեկացնել հետևյալը։

ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում տվյալներ են առկա այն մասին, որ 2022թ․ նոյեմբերի 19-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ՕԿԿ-ից լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե, որտեղ նկատել են, որ երկու քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում  և հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ: Քաղաքացիներից մեկը ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ Է․Վանեսքեհյանը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական, վարութային գործողությունների, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Զննության են ենթարկվել ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների ծառայողական համազգեստներին ամրակցված տեսախցիկների՝ քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները և կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցում առկա են Է․Վանեսքեհյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հանգամանքների մասին տվյալներ։

20.11.2022թ․, բավարարելով ներկայացված միջնորդությունը, քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել` Է․Վանեսքեհյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք:

21.11.2022թ. բժշկական կենտրոնից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է տեղեկանք` այնտեղ տեղափոխված Է. Վանեսքեհյանի ինքնազգացողության վատացման, դրանով պայմանավորված՝ հիվանդի անկողնային ռեժիմի խախտման անհնարինության մասին, որի պայմաններում որոշում է կայացվել` ձերբակալված Է. Վանեսքեհյանին ազատ արձակելու մասին:

05.12.2022թ․ որոշում է կայացվել` ազատության մեջ գտնվող մեղադրյալ Է.Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և 06.12.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, 2022թ․ նոյեմբերի 19-ին  փաստաբանից հաղորդում է ստացվել` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր վստահորդ Է.Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն ստացիոնար բուժման:

Դեպքի առթիվ 2022թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ:

Է. Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ վերաբերելի  տվյալներն ու տեղեկությունները, որոնք դեռևս չեն ստացվել։

Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031