ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը վարչական դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի որոշումը: Քաղաքապետարանն այս տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի տարածքից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք, սակայն գիտնականները նման համաձայնություն չէին տվել։
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Նաղդալյանն ասաց, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանում կքննվի «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին։ Շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ գիտատեխնոլոգական կենտրոնի ներկայացրած միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի 25.11.2022թ. որոշմամբ բավարարվել էր:
Փաստաբանը տեղեկացրեց, որ նիստը բաց է լինելու։
Հավելենք, որ կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում բոլոր շահագրգիռ գործընկերներին հորդորել է միանալ իրենց ձեւակերպմամբ՝ արդար եւ գիտության ապագայի համար պայքարին․ «Միայն միասնական ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի ՀՀ-ում ունենալ գիտակրթական առաջընթաց եւ քիմիական արդյունաբերություն: Կառուցապատողի կողմից իրականացված շինարարական աշխատանքների պատճառով արդեն իսկ խաթարվել է կենտրոնի բնականոն աշխատանքը եւ էական վնաս է հասցվել»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից