Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Արարատ Միրզոյանին գիշերը բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ գյուլլե՞ց որեւէ մեկին, չգյուլլեց». Կոնջորյան

Դեկտեմբեր 09,2022 17:27

Խորհրդարանում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել՝ բերած կարգավորումներով, եթե վարչապետը զենքը պահի մեկի ճակատին ու ցանկանա «գյուլլել», ի՞նչ պետք է անի ՊՊԾ-ն:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իր ելույթում արձագանքեց. «Զարմանում եմ ձեր փորձառությանը՝ պետության ղեկավարների հետ շփման, այդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որ պահել են զենքը ինչ-որ մեկի վրա, կամ հրահանգել են պահել ու գյուլլել: Ես հասկանում եմ, որ ձեր վախերը գալիս են ձեր նախկին փորձառություններից, բայց վստահեցնում եմ, որ եթե մեր իշխանությունը լիներ այդպիսին, ապա այն ամենը, ինչ պատերազմից հետո տեղի ունեցավ, կբերեր այլ հետեւանքների: Ես ձեզ այլ օրինակ բերեմ՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Արարատ Միրզոյանին գիշերը բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ գյուլլե՞ց որեւէ մեկին, չգյուլլեց: Ի՞նչ արեց ՊՊԾ-ն»:

Կոնջորյանը նաեւ հիշեցրեց, որ ընդդիմությունը, երբ նոյեմբերի 9-ից հետո փողոցներում «քյաբաբի ու խորովածի» փառատոներ էին կազմակերպում, համատեղության կարգով նաեւ բեմադրվում էր վարչապետի ընտանիքի սպանությունը. «Այ դա էր ահաբեկչությունը: Ու եթե իրոք այս երկրի ղեկավարությունը լիներ այնպես հրեշավոր, ինչպես դուք եք ներկայացնում, բոլորովին այլ հետեւանքներ կլիներ»:

Ըստ նրա, ընդդիմությունը փորձում է ստվեր գցել բարեփոխումների տանող իրենց նախագծի վրա: Կոնջորյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը բողոքում է սուպերվարչապետական համակարգից, բայց խորհրդարանական կառավարման երկրում պակաս լծակներ չունի ԱԺ-ն, մինչդեռ ընդդիմությունը չի օգտագործում իր լծակներն ու չի գալիս նիստերի. «Հարցի քննարկման ժամանակ zoom էի անում հեռախոսի էկրանը, որ ընդդիմության հանձնաժողովի անդամ գտնեմ՝ չգտա»:

Extraordinary session of the RA National Assembly took place

Երբ տեղից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հորդորեց նախագծի հիմնավորումներից խոսել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Է՜հ, պարոն Օհանյան, որ ձեր հիմնավորումներից սկսենք խոսել թե՛ ՊՆ-ում աշխատած ձեր ժամանակից սկսած, վերջացրած ձեր հարցազրույցներից, կարող է մի ամբողջ նստաշրջան չհերիքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031