Խորհրդարանում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիտողություն արեց, որ կարգավորում են մշակել ու չկա հիմնավորում, թե հիմա ինչո՞վ է խանգարում, որ ՊՊԾ-ն ԱԱԾ-ի մեջ է, ոչ թե վարչապետի ենթակայության տակ. «Բա զեկուցողը չպե՞տք է ասեր՝ ո՞ր խնդիրը չի լուծել ԱԱԾ-ն: Միայն ասում է ֆունկցիաներն այնքան շատ են եղել, որ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել: Մի հատ օրինակ բերեք, ասեք՝ խնդիրները շատ են եղել ու հենց ՊՊԾ-ն հանենք ԱԱԾ-ից, տանք վարչապետին, խնդիրները կվերանան: Այդ դեպքում կլիներ առարկայական: Չենք լսել նման բան: Ասում են՝ նախկինում ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ է եղել: Այս երկրում նախագահն էլ է վարչապետի ենթակայության տակ: Այստեղ որեւէ մարդ մեզանից չի կասկածում, չէ՞, որ եթե Վահագն Խաչատրյանին վարչապետը չառաջարկեր, ինչ-որ մեկը Վահագն Խաչատուրյանի տեղը «մարշրուտկայում», օրինակ՝ 100 դրամ կվճարեր: Չէ, չէ՞: Եթե այդ մարդն էլ է վարչապետի ենթակայության տակ, բնականաբար ամեն ինչն վարչապետի ենթակայության տակ: Կարո՞ղ է ԱԺ-ի գործերի կառավարչություննն էլ տանենք վարչապետի գրասենյակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ