Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, Դալի անվան Ռուսաստանի գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն Դմիտրի Բակը, Միխայիլ Շվիդկոյի օգնական Մաքսիմ Ռազումովը:
Ողջունելով ռուս գործընկերների այցը՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն ունի սերտ կապեր Ռուսաստանի գիտական ինստիտուտների հետ: «Այդ կապերը պետք է շարունակել զարգացնել», – ասաց Աշոտ Սաղյանը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը պահանջում է ֆինանսական նոր մեխանիզմներ: Նա առաջարկեց ստեղծել հատուկ հիմնադրամ, որի միջոցով կֆինանսավորվեն համատեղ ծրագրերը:
Միխայիլ Շվիդկոյը նշեց. «Առանց ֆինանսական միջոցների հնարավոր չէ զբաղվել գիտությամբ: Համատեղ ծրագրերի համար պետք է գումար լինի: Մենք կմտածենք՝ ինչպես ստեղծել հատուկ հիմնադրամ: Կանենք այն ամենը, ինչը կախված է մեզանից», – ասաց Միխայիլ Շվիդկոյը:
Կարդացեք նաև
Պրոֆեսոր Դմիտրի Բակը շեշտեց հիմնարար գիտության կարևորությունը. «Մեր համագործակցության առանցքում ակադեմիական գիտությունն է, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը մեր երկրների միջև բովանդակային կլինի»:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը հայտնեց, որ բաժանմունքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը: «Մենք պետք է իրականացնենք համատեղ թեմաներ՝ հարստացնելու համար Հայաստանի և Ռուսաստանի գիտությունը», – ասաց նա:
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը խոսեց խնդիրների մասին. «Ցավոք մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում կրճատվում է հայ գիտնականների քանակը: Մեր գիտնականների համար ավելի հեշտ է մեկնել Գերմանիա, քան Մոսկվա: Բարդ է նաև նյութերի և սարքավորումների տեղափոխման գործընթացը: Մեզ պետք է ստեղծել համակարգ, որը կնպաստի մասնագետների փոխանակմանը: Նաև պետք են նյութական ապահովման բարեփոխումներ, սա լուրջ խնդիր է»:
Ռուբեն Հարությունյանը նշեց, որ պետք չէ սահմանափակվել երկկողմանի համագործակցությամբ, այլ պետք է ներգրավել այլ երկրների գիտական կենտրոնները: «Հատկապես ներկայիս իրականության պայմաններում սա կարևոր է: Հուսով ենք, որ ձեր մեծ փորձը և հեղինակությունը կօգնեն մեզ հասնել դրան», – ասաց նա:
«Ռուսաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք ձևավորվել են երեք հարյուր տարի առաջ: Հայաստանում միշտ եղել են հրաշալի գիտական դպրոցներ աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, պատմության, գրականության և այլ ուղղություններով: Մենք հետաքրքրված ենք և բաց ենք համագործակցության համար: Նաև հույս ունենք, որ մեր գիտնականներն էլ մասնակից կլինեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին», – ասաց Միխայիլ Շվիդկոյը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին