Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելի վտանգավորը պետությունից ձեռ քաշած հասարակության մթնոլորտն է․ դանդալոշության միջավայրի արդյունք է»․ Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 09,2022 17:07

«Բոլորն իլյուզիայի մեջ են՝ իշխանություն, ընդդիմություն, հանրություն՝ անհոգ կյանք»,- «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ իլյուզիան երևացող կողմն է, իսկ դրա տակ ավելի վտանգավոր երևույթներ կան․«Ավելի վտանգավորը պետությունից ձեռ քաշած հասարակության մթնոլորտն է, հանրային տրամադրությունները։ Շատ ատոմիզացված, որևէ ընդհանրական գաղափարախոսություն չունեցող հանրություն է, որն ապրում է օրվա կուրսով, հոգսով, և նկատվում է համակերպվածության մեծ գործակից։ Դե, կրակեցին, լավ, Ջերմուկ մտան, ոչինչ»։

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ իլյուզիայից դուրս գալու համար պետք է ճիշտ կառավարում․«Մեր ընդդիմությունը կազմված է շատ կարգին մարդկանցից, բայց պիտի հասկանանք՝ այս ձևաչափերը կենսունակ չեն։ Ի վերջո, ավելի ճիշտ ձևակերպումներով պետք է հանրությանը բացատրենք, թե ինչու է պետք իշխանության փոփոխություն։ Երկրորդ կարևորագույն խնդիրն է՝ ինչ է լինելու իշխանությունը փոխվելուց հետո»։

Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ այս «դանդալոշ» միջավայրում նոր լիդերներ ծնվել չեն կարող։ Այս առիթով ասաց․«Իլյուզիաների մեջ ապրող հասարակության համար ամենաամենալավ լիդերը Նիկոլ Փաշինյանն է։ Օրը մեջ կարող է իրեն հակասել՝ զրո ռեակցիա։ Սա դանդալոշության միջավայրի արդյունք է»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձավ ադրբեջանական հասարակության իլյուզիաներին․ «Մեզ համար խնդրահարույց է իրենց կողմից հայի դեմոնիզացված կերպարի ընկալումը, որը հայատյացության հիմքն է, որի վրա ձևավորվել է ներկայիս Ադրբեջանի քարոզչությունը։ Դրա համար էլ չի աշխատում այդ խաղաղության դարաշրջանը։ Ամենավտանգավորը պետության քարոզչություն է, որ այդ իլյուզիաներն է աճեցնում և թույլ չի տալիս քաղաքացուն զերծ մնալ քարոզչության մսաղացից։ Երեխան դպրոցից լսում է հակահայկական ատելության խոսքը, քաղաքացին շանս չունի դրանից զերծ մնալ։ Հարցադրումներ անողներն էլ մարգինալիզացվում են, լսելի չեն հասարակության համար։ Մենք չունենք հնարավորություն ադրբեջանական միֆերը փոխելու, իրենք շարունակում են մեզ ատել, փորձել զավթել մեր՝ ոչ միայն բնակության տարածքը, այլև ռեսուրսները»։

Անժելա Էլիբեգովան հարցրեց՝ արդյոք իլյուզիա չէ՞, որ հայ հանրությունն ունի իլյուզիաներ։ Ըստ նրա՝ հանրությանը մեղադրելուց բացի պետք է հարցնել՝ ընդդիմությունն ի՞նչ սխալներ է անում, որ, օրինակ, քիչ մարդ է գալիս ցույցերին։ Գուցե ուղերձները չե՞ն հասնում մարդկանց։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հանրությանը բանակի հետ կապված հարցերը հետաքրքիր են, ասաց․ «Ոչ թե մի քանի տարի առաջ էր ժողովուրդը մտահոգված այդ հարցերով, այլ հիշեցնեմ՝ սեպտեմբերին կամավորներ գնացին խրամատներ, մարդիկ բահեր ու քլունգներ էին առնում, խրամատ փորելու համար, իրենց անձնական գումարները հավաքում, գնում անտառտնտեսությունից գերաններ գնում, որ տանեն, ամրացնեն պետական սահմանի խրամատները։ Այսինքն՝ մարդկանց մեջ հետաքրքրություն կա բանակի հանդեպ։ Այլ հարց է՝ ո՞ր պահին է այդ հետաքրքրությունը և ի՞նչ մեխանիզմերով է անջատվում ու միացվում»։

Ըստ նրա՝ ամենամեծ պատրանքն այն է, որ «Նիկոլ ընտրողը ժողովուրդն է»։ Նա պարզաբանեց․ «Շատերն իրենցից անկախ հակադրվում են ժողովրդին։ Ասում են՝ էս չի՞ ձեր ժողովուրդը։ Բայց կան ահռելի թվով մարդիկ, որոնք հունիսի 21-ին, չհավատալով ոչ ընդդիմությանը, ոչ Նիկոլին, ընտրության չեն գնացել։ Էլիտայի թիվ մեկ ֆունկցիան ժողովրդին մոբիլիզացնել կարողանալն է։ Եթե ի վիճակի չէ դա անել, ուրեմն իրենք այլևս էլիտաներ չեն։ Այսօր ՀՀ-ում բախում է ազգային և ապազգային կամ հակազգային էլիտաների միջև։ Եթե հակազգային էլիտաները կարողանում են ավելի շատ մարդ մոբիլիզացնել, դա առաջին հերթին ազգային էլիտաների խնդիրն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031