«Սկսենք «Կիկոսի մահից»՝ վարչապետը կկրակե՞ր, թե՞ ոչ»,- մոտենալով ԱԺ ամբիոնին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրել էր. «Ըստ կարգավորման, եթե վարչապետը վերցնում է զենքը ու պահում մեկի ճակատին, որ պետք է գյուլլի, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն: Այստեղ նկարագրածով ստացվում է, որ պետք է աջակցի»:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին՝ կկրակե՞ր Փաշինյանը. «Չէ՛ր կրակի, ընտրված վարչապետները չեն կրակում: Դրա կարիքը չունեն: Կրակելու դեպքում ոնց կիրականացնի իր գործառույթները ՊՊԾ-ն, շարադրված է համապատասխան օրենքով: Եկեք կրակելու մասին չխոսենք, այս դահլիճը կրակոցներ տեսել է: Եվ եթե Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, հաստատ չէր կրակելու, կփորձեր առանց կրակելու կարգավորեր: Այնպես որ, եկեք կրակելու հարցը թողնենք»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախագծին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չնայած ԱԱԾ-ի անունը փոխել են, բայց այդ ԿԳԲ-ի ստվերը մնացել է, պետք է դրանից դուրս գալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ