Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։
Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։
«Ես ուզում եմ արձանագրել, որ համայնքային իշխանությունները 2018 թվականից հետո ոտք չէին դրել համայնքապետարան և այսօր մենք հստակորեն կարող ենք փաստել, որ հեղափոխությունը մտել է Անի համայնք։
Պարոն Սարիբեկյան, ես վստահ եմ, որ դուք գիտակցում եք, թե ձեր ուսերին ինչպիսի բեռ և պատասխանատվություն է դրված՝ համայնքի ժողովրդի առաջ առաջինը, սպասումների առաջ, ինչու չէ նաև քաղաքական ուժի առաջ, որովհետև այս պատասխանատու ժամանակահատվածում՝ շուրջ երեք ամիս ու կես, դուք պաշտոնավարելու եք մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի և դա բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախապես ներկայացված էին, նույնպես չեն կարող հաստատվել ավագանու բացակայության պարագայում»,- նշել է մարզպետը։
Կարդացեք նաև
Նազելի Բաղդասարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Անիի ցուցանիշները մարզային կատարողականի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում։ Մարզպետը հորդորել է աշխատել տքնաջան և ջանք չխնայել դրական արդյունքներ գրանցելու համար․ «Համայնքում աշխատանքները որևէ ժամ, որևէ րոպե չեն դադարելու և պետք է ժամացույցի ճշգրտությամբ համայնքն աշխատի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պատշաճ կերպով իրականացնի իր պարտականությունները և հետևի, որ համայնքում և սոցիալական, և աղբահանության և լուսավորության խնդիրները համակողմանի լուծում ստանան։ Լիահույս եմ, որ սրտացավ ու հետևողական աշխատանք կլինի և ձեռք ձեռքի տված նորանոր հաջողություններ կարձանագրենք»։
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր առջև դրված պարտականությունները պատվով կատարելու համար։
Շիրակի մարզպետարան