Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը վերցնում է զենքն ու պահում մեկի ճակատին, որ գյուլլի, ի՞նչ պետք է անի ՊՊԾ-ն». Արծվիկ Մինասյանին ՔՊ-ականները արձագանքեցին՝ բա որ Քոչարյանը զենք պահի

Դեկտեմբեր 09,2022 16:51

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրեց. «ՊՊԾ-ն ռազմական կառույց է ի վերջո, ձեր ռեֆորմի շրջանակներում փաստորեն այս ռազմականացված կառույցի թե՛ ղեկավարը, թե՛ կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության սկզբունքով կառուցվում: Հետո՝ խնդրում եմ մեկնաբանեք կարգավորումը, որով ասվում է, որ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի, մնացված պաշտպանվող անձինք եթե հանկարծ հանցագործություններ կատարեն, ապա ծառայությունը համարժեք քայլեր է իրականացնում: Եթե վարչապետը զենքը պահի որեւէ մեկի վրա, արդյոք ՊՊԾ-ն ի՞նչ պետք է անի ըստ կարգավորման ոչինչ, ավելին` պետք է օժանդակի»:

Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Տեխնոլոգիաները բազմաթիվ փոփոխություններ են բերել ու դժվար է IT մասնագետին համոզել, որ պագոն հագնի ու նստի սենյակում իր աշխատանքները կատարի, դրա համար կառույցը ռազմականացված չէ: Անհրաժեշտ է այլ ոլորտներից մարդիկ ներգրավել՝ պատասխանատվությունը արդյունավետ իրականացնելու համար: Նաեւ արտաքին հետախուզության մասով ենք այս փոփոխությունները կատարել: Միայն ռազմականացված կառույցները արդյունավետ չեն ժամանակակից աշխարհի պայմաններում»:

Իր ելույթում Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներկայացված նախագիծը սուպերվարչապետությանն է ուղղված ու հերթական կազմաքանդումն է ինստիտուտների. «ՊՊԾ-ի նախկին վարքագիծը մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության շրջանում ու կարող ենք ասել, որ սա իշխանության ձեռքին ռազմականացված կառույցն է, որ ընդդիմադիրների կամ քաղաքացիների ահաբեկման համար է օգտագործվում: Հիշեցնեմ, որ դիպուկահարները մեքենաների միջից, այստեղից թիրախավորում էին հանրահավաքի մասնակիցներին, էլ չասած բռնությունները, որ գործադրվում են թե՛ փողոցում, թե՛ պառլամենտի դահլիճում: Ըստ կարգավորման, եթե վարչապետը վերցնում է զենքը ու պահում մեկի ճակատին, որ պետք է գյուլլի, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն: Այստեղ նկարագրածով ստացվում է, որ պետք է աջակցի»:

Վիլեն Գաբրիելյան

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Պարո՛ն Մինասյան, ես հույսս չեմ կորցնում ձեր եւ ընդդիմության մեջ, որպես գործընկերներ, զգում եմ, որ կա հնարավորություն, որ մի օր կքննարկենք բովանդակային հարցեր: Վերնագիրը, որ դնում եք սուպերվարչապետություն, ճիշտ չի: Այլ երկրներում գաղտնի ծառայությունները ո՞ւմ ենթակայության տակ պետք է լինեն, եթե ոչ երկրի ղեկավարի: Հիշում եք չէ՞, որ ՊՊԾ-ն պաշտպանում է նաեւ ընդդիմադիր գործիչների, որոնք նախկինում ղեկավար անձ են եղել, իսկ եթե այդ պահպանվող անձը զենքը պահի մեկի վրա, պետական պահպանության համակարգը ի՞նչ է անելու: Ռոբերտ Քոչարյանը եթե մեկի վրա պահի, ի՞նչ է անելու ՊՊԾ-ն՝ հարցին հարցով պատասխանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031