«Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, հոդվածներ էր գրում կոռուպցիայի, այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն գործունեության մասին, սակայն այսօր ունենք իրավիճակ, երբ կոռուպցիան ակնհայտ է այս պաշտոնյաների հայտարարագրերից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննը կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Ագնեսա Խամոյանը նշեց․ «Իրենք մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են, ունեցվածք են կուտակել, եւ հասարակության մոտ հարց է առաջանում՝ նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի քանի տարում ինչպե՞ս է դարձել առանձնատների, մեքենաների տեր, հայտարարագրել մի քանի միլիոն։ Տարիներ շարունակ խոսում էին բանակի թալանից, բայց որքա՞ն գումար է բյուջե վերադարձվել, դա քանի՞ տոկոս է կազմում»։
Ագնեսա Խամոյանի խոսքով՝ Փաշինյանը ժամանակին շատ էր քննադատում առանց մրցույթների տենդերների տրամադրումը, որ կոնկրետ ընկերություններ են միշտ շահում դրանք, իսկ հիմա՝ իր իշխանության ժամանակ, այդ վատ բարքերն ավելի խորն են արձանագրված։
Նկատառմանն ի պատասխան, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կառավարման տասը տարում կարողացել է դոլարային միլիոնատեր դառնալ եւ որ խմբակցությունում փողատերեր կան, եւ հիմա Ագնեսա Խամոյանն ինչպե՞ս է համագործակցում նման մարդկանց հետ, պատգամավորը պատասխանեց․ «Այս իշխանություններն արդեն չորս տարի իշխանության են։ «Դոլարային միլիոնատեր» կամ «փողատեր» ձեւակերպումներն եք օգտագործում, բայց այս իշխանությունը չորս տարի ժամանակ է ունեցել այդ գումարների ծագումը ստուգելու։ Իսկ երկրորդ նախագահի մասով մանրադիտակով ստուգել են իր բոլոր հաշիվներն ու գումարների ծագումը։ Բանկային գաղտնիքի վրա թքած են ունեցել, որովհետեւ Փաշինյանը հայտարարել է, թե ով ինչքան գումար ունի իր բանկային հաշվին»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ամոթ չի՞ լինել մի խմբակցությունում, որի անդամները ենթադրաբար չեն պատժվել այս իշխանության օրոք, Ագնեսա Խամոյանը պատասխանեց՝ ամոթ կլիներ լինել մի թիմի անդամ, որի ձեռամբ կորցրել ենք Արցախի 75%-ը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ