Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք միշտ հանդես եք եկել սուպերվարչապետական համակարգի դեմ, հիմա ի՞նչ պատահեց». Գեղամ Նազարյանը՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին

Դեկտեմբեր 09,2022 16:19

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ պետական պահպանություն պետք է ունենան վարչապետը, նախագահը եւ ԱԺ նախագահը, բայց այսօր բյուջեի միջոցներից պահպանություն ունի, օրինակ, Կենտրոնական բանկի նախագահը, որն անհասկանալի է:

Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր պետական պահպանվող անձանց պահպանությունը նոր օրենքով այլեւս իրականացնելու է ՊՊԾ-ն, իսկ թե որ կառույցին է անհրաժեշտ պետական պահպանություն, ցանկը հաստատելու է վարչապետը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց. «ՊՊԾ-ն ԱԱԾ-ից հանելով եւ վարչապետին ենթակա մարմին դարձնելով, նաեւ արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծվելու, որը եւս վարչապետին ենթակա մարմին է լինելու, ակնհայտորեն սուպերվարչապետական համակարգն է սրանով ուժեղացվում, այն սուպերվարչապետական, որը քննադատում էր ձեր կուսակցության ղեկավարը»: Արմեն Գրիգորյանն արձագանքեց, թե ժողովրդավարական կառավարման տեսանկյունից նորմալ է, որ գործադիրը՝ կառավարության ղեկավարն ունենում է լիազորություններ, որովհետեւ պետք է որոշումներ կայացնել, դրա համար անհրաժեշտ են ինստիտուտներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց դուք միշտ հանդես եք եկել սուպերվարչապետական համակարգի դեմ, հիմա ի՞նչ պատահեց, որ բերել եք մի նախագիծ, որն այդ սուպերվարչապետական համակարգը մեղմ ասած չի կազմաքանդում ու ինչո՞ւ են կառավարությունում որոշել, որ այս հարցը հենց դուք պետք է ներկայացնեք: Նա նաեւ հետաքրքրվեց. «Դուք շեշտում եք, որ ԱԱԾ-ն ավելի ազատ կլինի, ինչո՞վ էր ԱԱԾ-ն կաշկանդվում»: Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ սուպերվարչապետական համակարգին ինքը դեմ է եղել մի բաղադրիչի պատճառով՝ ազատ, արդար ընտրությունների պատճառով. «Ինձ համար տարբերություն չկա սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարեւորը լինեն ազատ, արդար ընտրություններ: Ես եմ ներկայացնում, որովհետեւ այս բարեփոխումների հիմնական մասը ԱԽ գրասենյակում են մշակվել»: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կաշկանդվածությանը, նա պատասխանեց, որ ԱԱԾ-ի գործառույթներն են շատ եղել ու հնարավորություն չեն տվել ԱԱԾ-ին մասնագիտանալ, կատարել իր հիմնական լիազորություններն ու պարտականությունները ավելի լավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031