Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8–ին մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն Aravot.am–ի հետ զրույցում նշեց, որ վաղը Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի:
«Ինչպես արդեն նշեցի՝ դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը, այլ նորություններ գործի հետ կապված այս պահին չկան»,- հավելեց Թամրազյանը:
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11–ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Նրան մեղադրանք է առաջադրվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Հարություն Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից