Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր է այն, որ հայատյացության այս քաղաքականությունը նյութականացված է Ադրբեջանի կրթական համակարգի բովանդակության բոլոր մակարդակներում. ՄԻՊ

Դեկտեմբեր 09,2022 15:59

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ցեղասպանությունների կանխարգելման օրվա առթիվ

Վտանգավոր է այն, որ հայատյացության այս քաղաքականությունը նյութականացված է Ադրբեջանի կրթական համակարգի բովանդակության բոլոր մակարդակներում:

Դեկտեմբերի 9-ը Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր։

Էթնիկ, կրոնական ու անձանց խմբի այլ հատկանիշով պայմանավորված ատելության այս հանցանքի վտանգավորությունը միջազգային իրավունքում ամրագրվել է շուրջ 75 տարի առաջ՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ։

Սակայն տասնամյակների ընթացքում միջազգային ու ազգային մակարդակներում ձևավորված նորմատիվային իրավունքը ցավալիորեն չի ապահովում բավական արդյունավետ պրակտիկա մարդկության դեմ ուղղված նման ծանր հացագործությունների դեմ պայքարում։

Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը։

Հարյուրամյակ անց վառ է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ու վերապրածների ցավը։ Չեն մարել սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկված հայերի դառը հիշողությունները։

Ժամանակակից հակամարտություններն իրենց հերթին նպաստող միջավայր ու պայմաններ են ստեղծում նոր ցեղասպանությունների համար, որի մասին հնչում են հստակ ազդակներ։ 2020թ-ի 44-օրյա պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կամ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության ահաբեկման, էթնիկ ու կրոնական ատելության հիմքով կանխամտածված թիրախավորման գործողություններով, ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են։
Այդ նշաններն ավելի պարզ են դառնում ադրբեջանական հանրային խոսույթի ու տրամադրությունների ուսումնասիրության փաստերով։

Առավել մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության քարոզն ու դրանով մոտիվացված անհատների հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ խրախուսվում են: Վտանգավոր է այն, որ հայատյացության այս քաղաքականությունը նյութականացված է Ադրբեջանի կրթական համակարգի բովանդակության բոլոր մակարդակներում:

Ցեղասպանության հանցագործությունները, անկախ իրականացնողի կամ զոհի ազգությունից, կրոնից, ռասայից, մաշկի գույնից և անձնական այլ հատկանիշներից, պետք է հետապնդվեն, պատժվեն ու հրապարակային դատապարտվեն։ Այս ուղղությամբ դերակատարում ու անելիք ունեն նախ և առաջ պետություններն ու միջազգային կազմակերպությունները, բայց նաև անհատները։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031