«Չկա մի երկիր, որը կոռուպցիայի դեմ պայքարը հաջողել է պատիժների խստացմամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարում են համակարգային բարեփոխումներով, ինչը հիմա չի արվում։ Մեկ անձից գնումների տոկոսային հարաբերակցությամբ այս իշխանությունը ռեկորդակիր է։ Դա նշանակում է, որ չկա տենդեր, չկա նորմալ մրցակցություն։ Որոշում են, թե ումից գնեն եւ վերջ։ Սա մեր իշխանության ժամանակ եղել է անընդունելի եւ հնարավորինս փորձել ենք խուսափել մեկ անձից գնումներից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննը կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Հասկանալու համար, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում կոռուպցիան ինչ վիճակում է, Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց բացել ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների, նախարարների, մարզպետների հայտարարագրերը եւ համեմատել դրանք վեց տարի առաջվա հայտարարագրերի հետ․ «Անգազ, անջուր առանձնատներ Ձորաղբյուրում, 2-3 բնակարաններ կենտրոնում, մեքենաներ։ Կրիպտոարժույթների ահռելի ծավալներ են հայտարարագրում որոշ պատգամավորներ եւ այլն։ Կամ, պատգամավորներից մեկը տաքսի քշելով 150 000 դոլար է կուտակել։ Տաքսի քշելը վատ բան չէ, բայց անգամ ԱՄՆ-ում սովորելու տարիներին ինձ չի հաջողվել տաքսի քշելով հետ գցել 150 000 դոլար։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀԿ-ն էր ավելի լավ պայքարո՞ւմ կոռուպցիայի դեմ, թե Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Տարբերությունը նրանում է, որ իշխանությունը հիմա գլխավորում է կոռուպցիան՝ հաշվի առնելով ԱԺ նախագահության ազգականների կապերը, որոշ մարզպետների կապերը։ ՀՀԿ իշխանության տարիներին, իհարկե, եղել են կոռուպցիոն դրսեւորումներ եւ դրանք եղել են բոլոր երկրների իշխանությունների ժամանակ։ Մենք դրա դեմ հայտարարություններով չենք պայքարել, այլ համակարգային ձեւով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ