Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովումը 100 տոկոսով կատարվում է պետության կողմից։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանն «Արմենպրեսի » մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:
Նրա խոսքով, 100 տոկոսով դեղապահովման շնորհիվ երկրում կրճատվել է դիաբետից մահացությունը. 2010 թ ընդհանուր մահացության մեջ շաքարային դիաբետից մահացությունը եղել է 6 տոկոս, 2021 թվականին այն դարձել է 1,1 տոկոս։
«Սա դեղապահովման բարձր մակարդակի արդյունք է։ 2010 թվականին շաքարային դիաբետի դեղապահովման մակարդակը կազմել է 60 տոկոս, այս պահին ունենք 100 տոկոս ապահովում», – նշեց Մարինե Հարությունյանը և հավելեց,- «Մոտ 10-ի գծով դեղերի 100 տոկոս ապահովվածություն է լինում: 100 տոկոս ասելով նկատի ունեմ, որ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով տրամադրվում է համապատասխան դեղորայք: Այսինքն՝ բժշկի կողմից նշանակվում է դեղը, իսկ մենք ապահովում ենք ամբողջ անհրաժեշտ քանակը: Իհարկե, կան դեռ ուղղություններ, որտեղ մենք բարելավելու կարիք ունենք: Օրինակ, քրոնիկ երիկամային անբավարարության գծով այս պահին դեղորայքային ապահովումը կատարվում է 85 տոկոսով: Պացիենտին անհրաժեշտ է որոշակի քանակությամբ դեղ, սակայն այս պահին պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը»։
Նախարարության ներկայացուցիչը թվարկեց հիմնական հիվանդություններից ցանկը, որոնց դեպքում անվճար դեղորայք է տրամադրվում. հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդությունների դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85 տոկոսով։ Դեղապահովման համար 2022 թվականին հատկացվել է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։ Անվճար դեղապահովման շահառուները կազմում են շուրջ 171 հազար, և շահառուների ամենամեծ տոկոսը կազմում են դիաբետով հիվանդները։ «Ապահովում ենք մեծահասակներին՝ սրվակային ինսուլինով, իսկ մանկահասակ շահառուներին՝ ինսուլինային անալոգներով», -ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ