«Երբ Սոթք-Խոզնավար հատվածում դա տեղի ունեցավ, եւ այնտեղ մարտական գործողություններ տեղի չունեցան, այդ թվում՝ ընդդիմության գործիչներն ասում էին՝ Հայաստանի բանակը չի կռվում, դուք ՀԱՊԿ-ից եք ակնկալո՞ւմ։ Հետո եկավ նոյեմբերը, երբ Հայաստանի բանակը կռվեց, հետո եկավ սեպտեմբերի 13-ը, երբ Հայաստանի բանակը կռվեց, եւ այդ խնդիրը դուրս եկավ։ Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել․․․Առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում՝ կնշանակի ուղղակի ֆիքսել և համակերպվել ստատուս քվոյի հետ»,-դեկտեմբերի յոթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես էր բացատրել, թե ինչու չի ստորագրել ՀՀ-ին օգնություն ենթադրող ՀԱՊԿ-ի փաստաթուղթը։
ԱԺ-ում այսօր անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նախ վստահեցրեց՝ երբեւէ որեւէ ՀՀԿ-ական չի ասել, թե բանակը չի կռվել․ «Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ երեւակայական բաներ նկատի ունի։ Բացի այդ, չեմ սիրում համադրել ուժային կենտրոնների դիրքորոշումները, բայց հարց տամ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ մի դեպքում մոնիթորինգային առաքելությունը ողջունվում է, մյուս դեպքում՝ ոչ։ Որեւէ մեկը չի հերքում, որ ՀԱՊԿ-ից ավելի մեծ ակնկալիքներ կան, բայց բացառապես քաղաքական դրդապատճառներով այս պահին եղած օգնությունից հրաժարվելը․․․դեռեւս ամբողջապես պարզ չէ, թե ՀԱՊԿ-ի օգնության փաթեթն ինչ էր ենթադրում, բայց տեղեկություններ ունեմ որոշակի, ուղղակի այս պահին չեմ ասի՝ սպասելով, որ այլ վայրից դրանք գաղտնազերծվեն։ Ամեն դեպքում տարակուսելի է, որ մի դեպքում առաքելությունը մոնիթորինգի ողջունվում է, մյուս դեպքում՝ ոչ»։
Նկատառմանն ի պատասխան, որ մինչեւ ԵՄ դիտորդական առաքելության ժամանելը ԵՄ-ն քաղաքական գնահատական է տվել ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակմանը, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Այո, մեր ակնկալիքները մեծ են եւ վստահ եմ, որ մեր գործընկերները վաղ թե ուշ դրանք կբավարարեն, բայց նման պատճառաբանությամբ այդպիսի բան ասելն անընկալելի է, որովհետեւ, օրինակ, 2016թ․-ին հայկական դիվանագիտությանը հաջողվեց ՀԱՊԿ-ից ստանալ ՀՀ շահերից բխող հայտարարություն, որը ներառում էր ազգերի ինքնորոշման իրավունքը եւ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վերահաստատումը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ