Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության հոշոտվող «մարմինը» փրկել է պետք

Դեկտեմբեր 09,2022 14:40

Սովորաբար հեշտ եմ գրում, իսկ գիտության մասին՝ մի շնչով։ Թե բանավոր, թե գրավոր խոսքը ստացվում է, երբ պատկերացնում եմ, թե ում եմ դիմում։ Դա կարող է կոնկրետ անձ էլ չլինել, այլ պարզապես ինչ որ հավաքական կերպար, ինչ որ սոցիալական խմբի միջինացված ներկայացուցիչ։ Հիմա փակուղու մեջ եմ։ Պետք է գրել, պրոբլեմը կա՝ բայց արդեն չեմ հասկանում, թե ում դիմեմ, ով է զրուցակիցս։

Հերթական ինստիտուտից տարածքներ են տանում, շրջանառվում է էպոխալ հիմարություն «ակադեմիական քաղաք» վերնագրով։ Բայց ո՞ւմ դիմեմ։ Անհեթեթ կերպարը «ժողովուրդ» վերնագրով երբեք իմ «լսողը» չի եղել և ցանկություն էլ չեմ ունեցել նրան դիմելու։ Առավել ևս հիմա, երբ «բիոզանգված»-ը ներեց հազարավոր երեխաների մահը, տասնյակ հազարի հաշմվելը և նորից ընտրեց մեղավորներին։ Հիմա գնամ դրանց ի՞նչ ասեմ, որ իրենց ընտրյալները տհաս են, գիտությունից ու կրթությունից բան չե՞ն հասկանում։ Նույնիսկ ծիծաղելի չէ։ Ինչպես արդեն ծիծաղելի չեն թե ԱԺ, թե կառավարության նիստերը։ Զզվելի են ու անիմաստ։ Գիտության մարդկա՞նց դիմեմ․․․

Իբր սեփական ինստիտուտի տարածքների համար պայքարող երիտասարդ գիտնականներին դիմե՞մ։ Որպես իրենց պայքարի հզոր «արգումենտ» բերում էին հետևյալ ցնդաբանությունը՝ գիտություն անելուց առաջ մենք պետք է զբոսնենք ջրավազանի չորս բոլորը, իսկ դուք դրա տեղը բնակելի շենք եք սարքում։ Համ էլ մեր քիմիայից «շան հոտ» է գալիս՝ էդ բնակարանները գնողները բա մեղք չե՞ն։ Սրանց հետ ի՞նչ խոսեմ։ Ոչ այն ժամանակ հասկացան առաջարկս, ոչ էլ հիմա կհասկանան։ Իսկ երբ դրանց պայքարի կուլմինացիայի ժամանակ արված կանխատեսումս իրականացավ՝ վերջնականապես համոզվեցի, որ անիմաստ զբաղմունք է։ Մանկամիտ կարիերիստները, իսկ դրանց զգում եմ ակնթարթորեն, պարզապես պաշտոն ստացան։ Լավ է՝ գոնե ավագ սերնդի գիտնականներ հայտնվեցին, ինչ որ ճշմարտանման բաներ ասացին սարքերի վնասվելու մասին, որոնք չեն դիմանա ծանր տեխնիկայի և ստորգետնյա պայթյունների առաջացրած ցնցումներին։ Հիշեցի, թե ինչպես էին ֆիզիկայի ինստիտուտի որոշ աշխատակիցներ վախեցնում մեր տարածքների վրա «աչք դնողներին»։

-Կճառագայթվեք ու կմեռնեք,- հայտարարում էին մտքի գիգանտները։ Նկատի ունեին երկու տասնամյակ չաշխատող արագացուցիչը և պարզ չէր, թե իրենք ինչու չեն մեռնում։

Գիտության պատասխանատուներին ու իշխանություններին դիմելուց վաղուց եմ զզվել։ Եթե պարզագույն թվաբանության վրա խաբելով աստվածաբանը դառնում է դոկտոր և նշանակվում համալսարանի ռեկտոր՝ սրանց հետ էլ ի՞նչ խոսեմ։ Ապուշ կձևանան հերթական անգամ և «կծամեն» պարգևավճարները։ Բայց մի անգամ էլ փորձեմ բարձրաձայնել, միգուցե մենախոսություն լինի, ինքս իմ հետ՝ ձանձրացած ու բարկացած, բայց չհանձնված․․․

Գիտակրթական համակարգի պրոբլեմները շատ են, դրանց հստակ ձևակերպումը պետք է լինի անհրաժեշտ պայման լուծումների որոնումը սկսելուց առաջ։ Չհասկանալով այս պարզագույն ճշմարտությունը, ինքնասիրահարված ու անպատժելիությունից արբած իշխանավորները եկել են մի անհեթեթ գաղափարի, անվանելով «ակադեմիական քաղաք»։ Կրթություն չունեցող, կամ լավագույն դեպքում ինչ որ մասնավոր «Ագաթանգեղոսի անվան» համալսարան հորջորջվող «դուքյանների» դիպլոմներ շալակած, ոչ կյանքի, ոչ էլ աշխատանքային փորձ չունեցող մանկամիտ կարիերիստներից ավելին սպասել չէր կարելի։ Սեփական հավելավճարները առնետի նման «ծամելով»՝ նույնիսկ պարզագույն բաներ չեն հասկանում։ Հարևան Վրաստանում հայտնի օլիգարխը կառուցեց «պոլիտեխնիկ համալսարան», սեփական փողերից ծախսելով մեկ միլիարդ դոլարից ավելի։ Ձեր «անգետիկի քաղաք»-ը գիտե՞ք ինչ կարժենա, գիտե՞ք փողերը որտեղից և քանի տասնամյակ կտևի։ Գիտական հիմնարկների և բուհերը շենքերը ծախելով լավագույն դեպքում ձեր հավելավճարները «ծամեք», մի քիչ էլ լափեք նախագծման էտապում ձեր բարեկամների նորաստեղծ ֆիրմաներով ու մի քանի տարի հետո ապուշ հայացքով նայեք ձեզ ընտրող «կուրթանեցիմեխակներին ու ախուրիկցիանոներին»։ Սա է լինելու տխուր վախճանը, եթե այդ ընթացքում Երկիրն էլ չծախեք։

Գիտական հիմնարկների անշարժ գույքի և հողերի մասին արդեն երկու տասնամյակ է՝ խոսում եմ։ Հեռուստաելույթներ, թերթային հոդվածներ, ասուլիս նախկինների ԱԺ գիտության հանձնաժողովի նախագահի հետ։ Պրոբլեմը նշելուց բացի՝ առաջարկել եմ արդեն փորձարկված տարբերակ, օրինակ՝ այս հարցազրույցը։ Փորձեմ նորից հակիրճ ձևակերպել։ Պրոբլեմը գիտության «չորսբոլորն է»։ Կա հնուց մնացած կրթագիտական համակարգ, որը ունի շենքեր և հողեր «լավ տեղերում»։ Կա պետություն հիշեցնող ինչ որ կառույց, որը նախ փող չունի գիտություն զարգացնելու և լավ էլ չի հասկանում գիտության իմաստը։ Կան մի փոքր խումբ «սուր ատամներով և ուժեղ բռունցքներով» մարդիկ, անունները՝ օլիգարխ, ովքեր պատրաստ են հոշոտել գիտակրթական համակարգի շենքերն ու հողերը։ Իհարկե «շան մսի գին» տարբերակով։ Նման վիճակ էր անցած դարի առաջին կեսին ԱՄՆ-ում, մեծ դեպրեսիայի տարիներին։ Արդեն թալանելու բան էլ չէր մնացել։

Տարբեր էթնիկ մաֆիոզ խմբավորումներ արդեն ընդհուպ մոտեցել էին համալսարանների շենքերին և հողերին։ Եվ այդ տարիներին ԱՄՆ պրեզիդենտ Ռուզվելտը հանճարեղ որոշում կայացրեց։ Համալսարանների շենքերը և հողերը սեփականության իրավունքով հանձնեց համալսարաններին՝ առանց վաճառելու և օտարելու իրավունքի։ Ազատելով հողի և անշարժ գույքի հարկից։ Այսինքն, փող չունեմ դեռ, բայց այս ձևով թեթևացնում եմ ձեր ֆինանսական բեռը և բոլոր մաֆիոզ խմբերից ձեզ պաշտպանում։ Եթե այսօր նայեք, թե ինչպես է ձևավորվում կամայական ամերիկյան համալսարանի բյուջե՝ կտեսնեք, որ դրա մեկ քառորդը առաջանում է անշարժ գույքի և հողերին տեր լինելուց։ Բոլոր «շենքերն ու հանրային վայրերը», որոնք կառուցվել են համալսարանների հողերի վրա «մուծվում են» համալսարաններին։ Էլ ո՞նց ասեմ, քանի՞ անգամ ասեմ։

Այսօր, եթե նայենք միջին և բարձր կարգի ամսագրերում տպագրված հոդվածները՝ Հայաստանում կան ամենաշատը 150 գիտնականներ։ Դա բոլոր նորմերով նշանակում է հազար հոգանոց «գիտական հանրություն»-սպասարկող անձնակազմով։ Դրանց կարելի էր տեղավորել, օրինակ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտների գոյություն ունեցող շենքերում։

Բայց դա ուրիշ խնդիր է, ոչ թերթային քննարկման։ Հիմա առաջին հերթին պետք է համալսարանների, ինստիտուտների շենքերն ու հողերը սեփականության իրավունքով տալ նրանց։ Գոնե «սուր ատամներով» առնետները հեռու կմնան և անիմաստ «վայ քու, արա, տեսսա՞ք ինչ արին» գոռացող զանգվածն էլ կհանդարտվի, կամ ուրիշ թեմա կգտնի։ Իսկ «շատրվանի շուրջ զբոսնող» գիտնականներին կամ քառասուն տարի առաջ «խաղացած ԿՎՆ-ը» որպես բուհերը չմիացնելու արգումենտ բերողներին պարզապես խնդրում եմ՝ հեռու մնացեք։ Ձեր ապուշությունը նույնքան վնասակար է, ինչքան իշխանությունների ապիկարությունը։ Իսկ իրական գիտնականների և իրական «շենք սարքող տղերքի» հետ լեզու կգտնենք, նրանք «կյանքի տղերք են»։

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031