«Չնայած Քիմը շատ բաց է, և իր կենսագրությունը թվում է՝ բոլորին է հայտնի, իրականում գրքում բավականին հետաքրքիր մանրամասներ կան, որոնք որևէ տեղ չկան»,- «Քիմ․ մերկ ճշմարտություն» գրքի շնորհանդեսի արարողության մեկնարկից առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նյումեգ» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթի գրքի թարգմանությունը և հրատարակումը «Նյումեգ»-ը դեռ տարիներ առաջ է նախաձեռնել, սակայն պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով շնորհանդեսը հետաձգվում էր։ Գրքի թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է:
Արտակ Ալեքսանյանը նշեց՝ գրքի միջոցով հայտնաբերում ես՝ այն փառքը, որն ունի Քիմը, պատահական չէ։ Նրա խոսքով՝ Քիմն ուղղակի բախտավոր աղջիկ չէ․ այն, ինչ ինքն ունի, երկար ճանապարհ է անցել, երբեմն այնքան բարդ, որ նույնիսկ պատկերացնել չենք կարող։ Արտակ Ալեքսանյանը հավելեց․«Մեծ հաշվով՝ սա համաշխարհային մակարդակի մեգաաստղի հաջողության պատմություն է, որն ունեցել է մեծ դրամատիկ շրջադարձեր, որի հետևում կանգնած են տքնաջան աշխատանք, մեծ սթրեսներ ու էմոցիաներ, որոնք, անշուշտ, իր ինստագրամից գլխի չես ընկնի։ Օրինակ՝ դրամատիկ պահ է, երբ երիտասարդ Քիմը հայտնաբերում է, որ իր մասնակցությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութը բոլորը դիտում են։ Ցանկացած կնոջ ամենամեծ մղձավանջն է դա։ Քչերը կարող են էմոցիոնալ առումով դրանից հետո ուժ գտնել ընդհանրապես տնից դուրս գալու համար»։
Հարցին՝ ինստագրամյան և գրքում ներկայացված Քիմերը շա՞տ են տարբերվում, հակասում միմյանց, Արտակ Ալեքսանյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ հակասում են, ուղղակի այն, ինչ ինստագրամում է, դա ընդամենը կոմերցիոն մասն է, իսկ գրքում Քիմի կյանքն է»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ չեք վախենո՞ւմ, որ ազատ կյանք վարող կնոջ այս պատմությունը թարգմանելով՝ կարող եք շատերի քննադատությանն արժանանալ, Արտակ Ալեքսանյանը պատասխանեց․ «Մենք շեշտը չենք դրել Քիմի հենց այդ կոնկրետ դրվագի վրա, այլ նրա վրա, որ նա, ընդամենը 30 տարեկանում դառնալով միլիարդատեր, իր բիզնեսը, կարողությունը, ինստագրամյան հեղինակությունը ռիսկի տակ դնելով, որոշում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, իր երեխաներին կնքում է հայ առաքելական եկեղեցում։ Ի տարբերություն մեր շատ հայրենակիցների, որոնք հայրենիքի մասին հիշում են թոշակի անցնելուց հետո, Քիմը դա արել է իր ամենափթթուն տարիքում»։
Քիմ Քարդաշյանին սոցցանցերում հետևում է 400 միլիոն մարդ։ Հայկական արմատներով ամերիկացի մեգաաստղը շոուբիզնես ներխուժեց 2007-ին՝ դառնալով Քարդաշյանների ռեալիթի շոուի մասնակից։ Այժմ նա աշխարհի ամենաազդեցիկ միլիարդատիրուհին է։ Գրքում «գաղտնազերծվում են» Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների մասին մութ դրվագներ։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Քիմ Քարդաշյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերան, այնուհետև անցկացվեց «Քիմ. նոր ստանդարտներ» պանելային քննարկումը։
Ոճաբան Արմեն Գալյանը փաստեց՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հայտնի լինելը քիչ բան չէ, և դա առանձին գործ է։ Քիմը դրա ամենավառ ապացույցն է. «Օրինակ՝ քիչ մարդ կա աշխարհում, որ կարող է լինել ամբողջովին սև հագած, անգամ դեմքը փակ, և բոլորն իմանան՝ ով է նա։ Քիմը հասել է դրան։ Նրա՝ ցանկացած դուրս գալը հասարակության առջև այսօր շատ կարևոր է նորաձևության համար»։
Դիմահարդար Հրանուշ Եղոյանը նշեց՝ մինչև 2015-ը չի եղել Քիմի երկրպագուն ու պատմեց․ «Իր առաջին այցի ժամանակ նրա հետ երեք րոպեանոց զրուցն այնքան տպավորեց ինձ։ Այն, ինչ սպասում էի, տեսա հակառակը։ Տեսա իդեալական, փոքրամարմին, համեստ և շատ նուրբ մի կնոջ, որն այնքան հղկված է խոսելիս, որ երբ շուրջ հարյուր հոգի են կանգնած, ինքը քեզ հետ խոսելիս ուշադրությունը սևեռում է միայն քեզ վրա։ Նվիրում է հիանալի ժպիտներ, աչքերով միայն քեզ հետ է և ամեն ինչ անում է, որ իր հիպնոտիկ հայացքը քեզ կարողանա իրենով անել։ Խոսում է փափուկ ու մեղմ ձայնով, շատ տպավորիչ, շատ ջերմ ու մարդկային է։ Ես միջին կազմվածքի մարդ եմ, երբ իր կողքին կանգնեցի լուսանկարվելու, ասաց գրկվենք, ես ինձ հսկա էի զգում իր կողքին ցածրակրունկ կոշիկներով։ Շատ տպավորիչ ու նուրբ էր»։
Ինֆլյուենսեր Մադոննա Հարությունյանն էլ նշեց․ «Քիմին չսիրողները շատ են սիրում նրան անտաղանդ անվանել ու զարմանում, թե ինչու նա, չունենալով որևէ տաղանդ, ունի հարստություն, հաջողություն ու հանրաճանաչություն։ Կարծում եմ նրա տաղանդն այն է, որ իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է վերելքներ հաղթահարել և երբեք կանգ չի առնում։ Նա կարողացել է իրեն ներկայացնել՝ որպես մասնագետ, որ վաճառի իր անունը։ Նա սոցցանցերն օգտագործել է որպես գործիք՝ իր անհատական բրենդը ստեղծելու համար։ Քիմը վառ օրինակ է նրա, որ կարևոր չէ՝ ինչքան դանդաղ ես գնում, այլ կարևոր է ճանապարհին կանգ չառնելը։ Նա երբեք կանգ չի առնում, միշտ առաջ է գնում»։
«Քիմ․ մերկ ճշմարտություն» գիրքը երկուշաբթի օրվանից կվաճառվի բոլոր գրախանութներում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ