Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի իշխանությունների նախահարձակ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները հիմնված են Արցախի իբր ադրբեջանական պատկանելության կեղծ թեզի վրա։ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի ապօրինի բռնազավթման և կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական կողմը դեռևս չի կրել իր պատիժը։ Իսկ անպատժելիությունը գրգռում է պաշտոնական Բաքվի ախորժակը և հանցավոր նոր ծրագրեր ծնում, որոնց թվում է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը՝ հետագա էթնիկ զտումների և բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության ակնկալիքով։
Բաքվի վարչակարգի զսպման համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։
Այս առումով մեծ նշանակություն ունի Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները։ Մասնավորապես, Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Այցի ընթացքում նաև նշվել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը։
Կարդացեք նաև