Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. ՀՀ-ում իշխում է մի խմբակ, որի համար Արցախի ինքնորոշման իրավունք գոյություն չունի, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում բռնել է կրավորական դիրք. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2022 11:17

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանն է։

Պարոն Սահակյան, «խաղաղության պայմանագրի» 2 տարբերակ կա՝ արեւմտյան եւ ռուսական։ ՀՀ իշխանությունները ո՞րն են հակված ստորագրելու, եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա։

– Գլխավոր հարցը, այո, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է եւ դրա առանցքը կազմող՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Սա՛ է հայկական օրակարգը։ Սակայն այս խնդիրներն ի նպաստ մեզ լուծելու գրեթե անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում իշխում է մի խմբակ, որի համար Արցախի ինքնորոշման իրավունք գոյություն չունի, նա իրեն ոչնչով պարտավորված չի զգում այդ հարցում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում բռնել է կրավորական դիրք։ Ըստ ամենայնի, «թավշյա» կոչվող հեղափոխության ճարտարապետները, որոնք գտնվում էին այլ մայրաքաղաքներում, 20 տարի առաջ սկսեցին իրագործել Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայի խնամակալությանը հանձնելու ծրագիր։ Վրաստանում մեծ հաջողություններ են գրանցել, Ադրբեջանը միշտ էլ հոգով ու սրտով Թուրքիայի հետ է եղել ու կա։ Հայաստանի դեպքում էլ ոչ թե խնամակալություն է լինելու, այլ՝ ողորմածություն, այսինքն՝ դարերի մեր տառապանքներն ու կորուստներն ապացույց չեղան մեր ճակատագիրը տնօրինել ցանկացողների համար, եւ որոշել են Հայաստանի այս վերջին կտորն էլ ոչնչացնել կամ դարձնել իր պատմությունից, ինքնությունից, ազգային նպատակներից հրաժարված անդեմ մի գոյացություն։ Որոշել են Թուրքիայի քիմքին հարմար խոնարհ «Էրմենիստան» սարքել։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կնետվի աղբանոց, քանի դեռ այս իշխանությունը կա։ Եթե հատուկենտ ճանաչումներ էլ լինեն, մահախոսականի կնմանվեն, դե, 100 տարի առաջ բան որ եղավ-անցավ, այսօրվա Թուրքիան ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Իսկ ընդդիմությունն անելիք չունի՞:

– Անձնատուր եղած քաղաքի միջնաբերդում պաշարվածների վիճակում են ընդդիմադիրները։ Այս մի փոքր խումբն է մնացել։ Ժողովրդի մեծամասնությունը՝ իշխանության գլխավորությամբ, եւ մեր հարեւանները, դաշնակիցներն ու ոչ դաշնակիցները, մեզ իբր սիրողներն ու չսիրողները, մեզ տեսնողներն ու անտեսողները, բոլորն անեծքի պես կրկնում են՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է դա։

Կարծես, ադրբեջանցիները պարզորոշ ասել են իրենց ուզածը։ Մերոնք էլ լրացում են ներկայացրել։

– Պայմանագրի բովանդակությունը հայտնի չէ, բայց այն դարձրել են լոզունգ, քարոզչական կլիշե, որն օգտագործվում է ներքաղաքական պայքարում. «խաղաղության օրակարգը» ծամծմողները դրանով նախորդ իշխանություններին մեղադրում են «պատերազմի օրակարգով» առաջնորդվելու մեջ՝ գիտակցված անտեսելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագումը, մոռանալով, թե ինչպես է Ադրբեջանը քաղաքական խնդրին պատասխանել պատերազմով։ Իշխանական այս խմբակը, փաստացի, մեղադրում է 90-ականների սերնդին՝ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու համար, մեզ անվանում «պատերազմի», «ռեւանշիզմի» ջատագով՝ «միլիտարիզմի», ի հակադրություն որոնց եկել են իրենք՝ նոր «խաղաղաբերները»։

Այնուամենայնիվ, անհնար է ընդդիմանալ «խաղաղության պայմանագրին», մանավանդ՝ ժողովրդի մեծամասնության եւ միջազգային նման աջակցության պայմաններում։ 

– Մոտալուտ խաղաղության տրակտատի՝ պայմանագրի դերը չափազանցվում է։ Բայց եթե մարդու անունը դրել են Աշխարհաբեկ կամ Համասփյուռ, դեռ չի նշանակում, որ ամբողջ աշխարհը նրա առջեւ պետք է ծնկի գա, կամ տիեզերքում պետք է սփռվի նրա ազդեցությունը։ Հիմա եթե այդ տրակտատի անունը դնում են «խաղաղության պայմանագիր», դա չի նշանակում, որ խաղաղություն կհաստատվի։ Խաղաղության պայմանագրերն ավանդաբար կնքվել են որոշակի ժամանակով։ Մարդիկ մեզնից դեռ դարեր առաջ հասկացել են, որ հավերժական խաղաղություն չկա, խաղաղությունը կարող է լինել ժամանակավոր։ Հիշեք` թուրք-պարսկական պատերազմներն ու խաղաղության պայմանագրերը։ Մեր դեպքում էլ՝ ցանկացած պահի, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի շահը թելադրի, պատռելու են այդքան գոված պայմանագիրը։ Օրինակ, հենց Հայաստանում իշխանափոխություն լինի, իշխանության գան հայրենասեր ուժեր ու առաջնորդներ, որոնք չեն կրթվել ու կոփվել սորոսական կամ թուրքական կենտրոններում, երեկվա «բարեկամ» Հայաստանը միանգամից կհայտարարվի թշնամի պետություն, եւ ինչպես այսօր ռմբակոծում են Սիրիան, Իրաքը, ինչպես սպառնում են Իրանին, Հունաստանին, Կիպրոսին, նույն ձեւով էլ մեր տարածք կներխուժեն, կռմբակոծեն։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031