Կանադացի երգչուհի Սելին Դիոնը խոստովանել է, որ իր մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, և նա ստիպված է հետաձգել իր համերգային շրջագայությունները Եվրապայում, այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։
Ինստագրամում տեսաուղերձով հանդես գալով՝ 54-ամյա երգչուհին պատմել է, որ վերջերս իր մոտ ախտորոշվել է մկանային կաշկանդվածության համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված հիվանդություն, որը մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղակծկումներ է առաջացնում՝ պատճառելով ցավ, շարժունակության սահմանափակումներ և այլն։
«Ցավոք, ջղակծկումներն ազդում են իմ առօրյա կյանքի բոլոր կողմերին՝ երբ ես քայլում եմ, կամ փորձում գործածել իմ ձայնալարերն այնպես, ինչպես սովոր եմ», – իր երկրպագուների հետ նման մանրամասներով է կիսվել երգչուհին։
ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ մկանային կաշկանդվածության համախտանիշը հանդիպում է միլիոնից մեկ-երկու մարդու մոտ։ Ինչպես նշվում է համալսարանի կայքում, այն դեպքերում, երբ պացիենտի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, նա և նրա ընտանիքն ավելի շատ հարցեր են ունենում, քան պատասխաններ։
Կարդացեք նաև
Սելին Դիոնը պատմել է, որ արդեն երկար ժամանակ տառապում է ուժեղ ցավերից, և միայն վերջերս են բժիշկները հասկացել, թե ինչն է դրանց պատճառը։
«Ես արդեն վաղուց եմ պայքարում առողջական խնդիրների դեմ։ Եվ ինձ համար շատ դժվար էր դիմակայել այդ փորձություններին և խոսել այն ամենի մասին, ինչի հետ ստիպված եմ գործ ունենալ»,- դժվարությամբ զսպելով իր զգացմունքները՝ ասել է երգչուհին։ Նա նաև հայտնել է, որ ունի բժիշկների հրաշալի թիմ, որն օգնում է իրեն ավելի լավ զգալ, և, իհարկե, նրան մեծ հույս են տալիս և աջակցություն ցուցաբերում իր թանկագին երեխաները։
Երգչուհու խոսքով՝ նա ամեն օր մարզվում է սպորտային թերապևտի ցուցումներով՝ իր ուժերը վերականգնելու համար, սակայն դա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ՝ խոստովանել է Սելին Դիոնը։
Այս պահին գիտնականների համար պարզ չէ, թե կոնկրետ ինչն է առաջացնում մկանային կաշկանդվածության համախտանիշը, սակայն այն կապում են գլխուղեղի և ողնուղեղի շրջանում օրգանիզմի աուտոիմուն պատասխանի հետ։ Այս հիվանդության ախտորոշումը բարդ է, այն հաճախ են շփոթում Պարկինսոնի հիվանդության կամ ցրված սկլերոզի հետ։
Հիվանդությունն ախտորոշվում է արյան անալիզի միջոցով։ Այն անբուժելի է համարվում, բայց դրա զարգացումը դանդաղեցնելու և պացիենտի կյանքի որակը բարելավելու համար բժիշկները որոշ դեղամիջոցներ ու տարբեր թերապիաներ են նշանակում։
Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ