Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, խնայում եմ ձեզ, ասելիքս այնքան դաժան կլիներ, միաժամանակ այնքան տխուր»

Դեկտեմբեր 09,2022 13:30

Արտերկրում բնակվող ԽՍՀՄ քաղբանտարկյալ Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանի որդու կնոջ ընտանիքը վերջերս ինձ փոխանցեց «Բեկորներիս իրավունքը կամ հայի հավերժության վկայագիրը» գիրքը: Գիրքը լույս էր տեսել հետմահու: Հակոբջանի հետ նախ հեռակա, ապա անձամբ ծանոթացել եմ 88-ի շարժումից հետո, երբ նրա մասին ինձ առաջինը պատմեց Ռուզաննա Գորգիսյանը, տեղեկացնելով, որ նա անազատության մեջ է: Ես այդ ժամանակ աշխատում էի նորաբաց անկախ «Հայ աշխարհ» շաբաթաթերթում (խմբագիր՝ Ալեքսանդր Իսկանդարյան-Ռ.Մ.): Պատմաբան Հակոբջանն էլ 1988-ին խմբագրում էր Ազգային ինքնորոշում միավորման հրատարակած «Հայրենիք» ամսագիրը:

1990 թվականին Թադեւոսյանը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Աշոտ Նավասարդյան) ռազմական խորհրդի անդամ էր եւ, միաժամանակ, Արտաշատի երկրապահների ջոկատի շտաբի պետ։ 1991 թ. սեպտեմբերին Թադեւոսյանին ձերբակալել էին՝ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով՝ Ադրբեջանի «սոցիալիստական գույքի կողոպուտի, վնասի» համար:

Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Թադեւոսյանն արդարացվեց Գերագույն դատարանի կողմից՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հակոբջանն իր «Վերջին խոսքում», որը հիշում եմ հիմա էլ, ասաց. «Դատարանն ինձ դատում է հետադարձ ուժով. բռնագրավված ապրանքը համարելով Սովետական Սոցիալիստական Հանրապետության սեփականություն, այլ ոչ թե թշնամի պետության պատկանող ապրանք: Այսօրվա սովետական քրեական օրենսգրքով դատապարտվում եմ, իսկ վաղվա Հայաստանի ազգային օրենսգրքով ես կարդարացվեմ: Եվ դրա համար պետք չէ ինձ քսան տարի սպասել: Ինչպես դա արեցին կոմունիստները՝ իմ առաջին քաղաքական դատվածությունից հետո: Ես շատ բան ունեմ ասելու, սակայն սթրեսային ժողովուրդ ենք դարձել, եւ ես գիտակցված խնայում եմ ձեզ: Այո, խնայում եմ ձեզ, ասելիքս այնքան դաժան կլիներ, միաժամանակ այնքան տխուր»: Բանտն իրենն արեց, իր ծանր հետքը թողեց. նա 1994թ.-ից սկսած բուժվում էր Ավանի, Սովետաշենի եւ Սեւանի հոգեբուժարաններում: Նրա տանը՝ իմ վերջին այցելության ժամանակ, տեղեկացա, որ հոգեկան խանգարման պահին այրել էր իր ստեղծագործություններից, գիտական հոդվածներից…

Փրկված բեկորները ահավասիկ տեղ են գտել նրա գրքում:

Նա գրում էր բանաստեղծություններ, հրապարակախոսական, պատմական հոդվածներ…Արժեր, որ այս գիրքը ունենային շատերը, կարդային նրա «Կորցրած հաղթանակի ցավը», «Ինչո՞ւ Մովսեսը», «Հայրենիքը եւ Մովսեսը», «Եռագույնի ճիչը», «Հայրենիքը եւ Սփյուռքը», իսկ Շարժման ժամանակաշրջանը հասկանալու համար արժեր վերստին կարդալ նրա նամակները՝ Պարույր Հայրիկյանին, Աշոտ Նավասարդյանին, Սիլվա Կապուտիկյանին՝ «երբեք իրեն ինտելիգենտ չհամարող, Անկախ Հայաստանի թիվ մեկ քաղբանտարկյալ Հակոբջան Թադեւոսյանից» հղումով: Նա չափածո նամակ ունի «Տանս պատերին» վերնագրով…

Ձեռագիր փրկված բանաստեղծություններից շատերը կարդացել եմ, երբ նրա կինը՝ Սիրուն Նաջարյանը տրամադրեց ինձ, դրանք լեզվի, հայրենիքի, մեր մեծերի մասին են, սիրո, իր ընկերների՝ Շիրազ, Սեւակ: Լինի չափածո, թե հրապարակագրություն, միեւնույն է, Հակոբջանի բառաստեղծ միտքը կանգ չէր առնում, նա մի շարք բառերի ծնունդ է տվել, մտածողությամբ այլ էր, իր ժամանակակիցներից առաջ էր:
Անազատության մեջ գտնվելու տարիներին Հակոջանն ինձ նամակներ էր ուղարկում Սովետաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի 50-րդ բանտախցից։ Կնքել էր անունս՝ «Ուխտածին» եւ «Նամակներ ուխտածինին» շարքին սպասում էին մեր մտավորականները, նրա ընկերները: Անուրանալի գեղեցիկ ձեռագրով ուղարկած նամակները մինչ օրս պահպանում եմ: «Ուրեմն Հայաստանում քաղաքական անկայունություն ստեղծելու համար կար երկու հիմնական գործոն՝ դրամ, որը գտնվում էր թալանափորձ կոմունիստների ձեռքում եւ զենք, որ գտնվում էր տաքգլուխ քյալագյոզների ձեռքում: Եթե վիճակագրությունը ի զորու լիներ ճշտել, թե1990թ. խորհրդարանային ընտրությունների ժամանակ որքան պայթյուններ ու մարդկային զոհեր են եղել, դա բավական կլիներ հաշտվելու այն մտքի հետ, որ մենք փոքրիկ քաղաքացիական կռվի բովով անցանք:

Խայտառակ գործածության մեջ դրվեց ֆիդայի հասկացությունը: Հիմնականում քրեական տարրերից կազմված այդ ջոկատի տղաները, որոնք փողոցային ծեծկռտուքի դպրոցն անցած, հիմա զինվորական համազգեստով, «լիմոնկա» կախած, հաստոցավոր գնդացիրը ուսերին, մի քանի ավտոմատավորներով «գրոհի» էին գնում իրենց հակառակորդ մաֆիայի լիդերի հինգ տարեկան երեխային առեւագելու համար, միանգամայն պարզ կդառնա սկզբնական շրջանում նրանց մարտական գործողությունների ամբողջ պատկերը… Ջոկատների հրամանատարները ոչ մի հետաքրքրություն չէին հանդես բերում Անդրանիկի, Գեւորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Նժդեհի եւ Դրոյի անցյալի հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրը չեղած հանրապետության չեղած ռազմական նախարարի պաշտոնի հավակնորդներ էին իրենց համարում»,-գրում էր նա («Հայ աշխարհ», հուլիսի 21, 1992 թվական): Հակոբջանն ուղղախոս էր, ճշգրիտ, սուր: Հենց դրա համար նրան հաճախ չէին ներում:

«Նամակներ ուխտածինին» շարքում նա գրում էր. «Հայաստանը բացօթյա թանգարան էր օտարների աչքի առաջ: Հիմա հանրապետությունը բացօթյա տիկնիկային հսկա թատրոն է հիշեցնում, միայն թե ոչ մի աղվեսի քաղցրալեզու խոստումները անկախացած ագռավին չի միամտացնում բերանից թողնելու «Գթության» ֆոնդից ստացած «իմպորտնի» պանիրը: Քաղցից փոստը թողած խեղճ գայլը նապաստակի հետքերը գտնելու համար միջազգային ԻՆՏԵՐՊՈԼԻՆ է դիմել…Սա դեռ ոչինչ, բայց որ Ձախորդ Փանոսը իր փոխանի կապը ձգելով հայտնվեց կառավարման վահանակի մոտ ու իր ջարդ ու փշուր եղած լծկանի տեղ «Մերսեդես» պահանջեց, իսկ ջրում կորցրած կացնի տեղ՝ «Բեւեռ»…
Հակոբջանը վախճանվեց 49 տարեկանում՝ 1998 թ. օգոստոսի 8-ին:

Առաջին անգամ ձերբակալվել է, երբ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող էր՝ 1968-ի ապրիլի 17-ին: Նա ղեկավարել է ընդհատակյա «Հայ հայրենասերների միությունը»: Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում, ընդհանուր ռեժիմի գաղութում: Հակոբջանը ԱՄԿ անդամ էր, ԱՄԿ խորհրդի անդամ: Նա վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային միացյալ կուսակցության անդամների դատավարությունների ժամանակ: Հակոբջանը Պարույր Սեւակի եւ Ջոն Կիրակոսյանի միջնորդագրերով վերականգնվել ու ավարտել է համալսարանը: Նա, ինչպես մի անգամ ասաց, մտերիմ է եղել Սեւակի հետ:

Գրել է գիտական թեզ` «Հայ ազգային-ազատագրական պայքարը 1880-1920-ական թվականներին» թեմայով: Պաշտպանության ժամանակ գիտական թեզն ազգայնական գործ է համարվել ու մերժվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031