Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնի Ռոստովի թատրոնից՝ ուղիղ Երեւանի օպերային թատրոն

Դեկտեմբեր 09,2022 13:00

Մեցցո սոպրանո Մարիա Դավիդովան ինտեգրվել է հայաստանյան իրականությանը

Բիզեն իր գլուխգործոցում՝ «Կարմեն» օպերայում, հնարավորություն է ընձեռել գնչուհուն ողբերգական ավարտով՝ սեփական կյանքի կորստով փնտրել իր ազատության իրավունքը։ Կոմպոզիտորի ազատատենչ ոգու մեղեդին տխուր, զգայական, կրքոտ շարժումների մի ամբողջ շարք է։ Սա ոչ միայն տաք գնչուհու սեղմ դիմանկարն է, այլ նաեւ շարժման մեջ գտնվող պատմություն՝ սեփական սիրո մեջ ազատ լինելու ցանկության մասին։ Էլ չասենք, որ Կարմենի ամբողջական կերպարը բացահայտված է իսպանական հանրահայտ Habanera պարի միջոցով, որն, ի դեպ, տանգոյի նախահայրն է։ Ասվածի առիթով «Առավոտի» հյուրը՝ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Մարիա Դավիդովան դերերգի մասին հայտնեց հետեւյալը. «Կարմենը հոգեհարազատ է ինձ։ Նրա կերպարը հակասական զգացմունքների ամբողջականություն է՝ թեթեւամտություն, սկզբունքայնություն, սեր, կիրք, նեղացկոտություն, մեծ կամք, նպատակասլացություն, անսահման հմայք…»։

Մարիա Դավիդովայի անունը նոր-նոր է շրջանառվում մեր օպերասեր հանդիսատեսի շրջանում։ Նա վերջերս Երեւանի օպերային թատրոնում հանդես եկավ Կարմենի դերերգով՝ թատրոնի խաղացանկում տեղ գտած երկու «Կարմեն»-ներում՝ ե՛ւ Նաիրե Ստեփանյանի, ե՛ւ Արմեն Մելիքսեթյանի ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված։ Մեր զրուցակիցը շտապեց ողջունել Երեւանի օպերային թատրոնի նման աշխատաոճը, նշելով, որ թեեւ ինքը հակված չէ արվեստում զուգահեռներ կամ համեմատություններ անցկացնել, բայց, այնուամենայնիվ, գտնում է, որ հանդիսատեսին իսկապես եզակի հնարավորություն է տրված։ Նա գտնում է, որ նման մոտեցմամբ, մեծ հաշվով, հնարավոր է հետաքրքրություն առաջացնել հանդիսատեսի շրջանում։ Հատուկ նշեց նաեւ, իր խոսքերով՝ հայ հանդիսատեսի գնահատելու կարողության մասին։ Մենք էլ երգչուհուն փոխանցեցինք, որ հանդիսատեսը ոգեւորված էր ոչ միայն իր վոկալով, այլ նաեւ բարձրարվեստ խաղով։

Խնդրեցինք բավարարել հանդիսատեսի հետաքրքրությունը, թե ինչպես երգչուհին հայտնվեց մեր օպերային թատրոնում։ «Երեք տարի բեմ եմ բարձրացել Դոնի Ռոստովի պետական երաժշտական թատրոնում ավելի քան տասը դերերգերով, այդ թվում՝ Չայկովսկու երկու օպերաներում. «Եվգենի Օնեգին»՝ Օլգա, «Պիկ թագուհի»՝ Պոլինա, Գունոյի «Ֆաուստում»՝ Զիբել եւ այլն։ Հանդես եմ եկել մի շարք մոնոօպերաներում եւս, ինչպես նաեւ մյուզիքլներում։ Քույրս աշխատանքի բերումով տեղափոխվել է Երեւան, ես էլ հյուր էի եկել։ Նա առաջինն ինձ ասաց, որ Երեւանն ունի հիանալի օպերային թատրոն։ Ես, իհարկե, հետաքրքրվեցի խաղացանկով ու այն համեմատելով այլ թատրոնների խաղացանկի հետ, նկատեցի, որ այդ առումով ձեր թատրոնը բավականին հարուստ է եւ, թույլ տվեք ասել՝ ներկայանալի։ Ես հետաքրքրվում եմ ճարտարապետությամբ եւ երեւանյան այլ շինությունների թվում Թամանյանի նախագծած թատրոնի շենքին պարզապես սիրահարվեցի՝ նույնիսկ ներս չմտած։ Որոշում կայացրի գնալ եւ ներկայանալ թատրոնի տնօրինությանը։ Բնականաբար, դիրիժոր Կարեն Դուրգարյանի անունն ինձ ծանոթ էր։ Իմ խնդրանքով կայացավ մեր հանդիպումը, իր հերթին էլ մաեստրոն ոչ միայն ջերմ ընդունեց, այլեւ առաջարկեց Կարմենի դերերգը, որը սիրով ընդունեցի»,- ներկայացրեց երգչուհին։ Ապա հակադարձեց մեր դիտարկմանը, թե հավանաբար Կարմենն իր այցեքարտն է։ «Այդ դերերգը պատրաստել էի Դոնի Ռոստովի թատրոնում, բայց բեմ դուրս չեկա՝ Երեւան տեղափոխվելու պատճառով։ Այդ դերերգով ներկայացել եմ Մեծ Բրիտանիայում՝ Էլեն Քենթի դասական ռեժիսուրայով բեմադրած ներկայացման մեջ։ Համագործակցել եմ նաեւ Քիշնեւի օպերային թատրոնի հետ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Տեսարաններ Նաիրե Ստեփանյանի եւ Արմեն Մելիքսեթյանի «Կարմեններից»։

Հաստատելով այն տեղեկությունը, թե ինքը նաեւ դիրիժորի մասնագիտություն է ստացել, ասաց, որ Դոնի Ռոստովի երաժշտական քոլեջում ուսանել է դիրիժորական ֆակուլտետում, ապա ուսումը շարունակել կոնսերվատորիայում՝ մինչեւ երրորդ կուրս, որովհետեւ այդ ընթացքում ընտանիք է կազմել ու երեխա ունեցել. «Օպերային երգչուհի դառնալը երազանքս էր, մտածում էի համատեղել դիրիժորական արվեստը վոկալի հետ, բայց ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ որոշեցի խորանալ ու տրվել վոկալին»։

Զրույցի ընթացքում Մարիան մեկ-երկու անգամ նշեց, որ զարմանալիորեն արագ է համակերպվել, ընտելացել հայկական միջավայրին. «Իմ տեսակով ուշ համակերպվող եմ, բայց ինքս էլ զարմացած եմ, որ ոչ միայն թատրոնում գործընկերներիս հետ եմ մտերմացել, այլեւ հայաստանյան միջավայրն է հարազատ դարձել։ Պատկերացնո՞ւմ եք՝ դուստրս՝ 11-ամյա Ստանիսլավան է անընդհատ ասում, որ այստեղ լավ է, շատ լավ է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031