Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթահարեցի բոլոր դժվար օրերը՝ հասնելով մեծ բարձունքների»

Դեկտեմբեր 09,2022 12:30

Հարցազրույց «Junior Model International» մրցույթի Գրան պրի մրցանակակիր Անի Հարությունյանի հետ

Դուբայում վերջերս կայացած «Junior Model International» միջազգային մրցույթին «Stars Factory»-ի փոքրիկ մոդելներ Ջեսիկա Գեւորգյանը, Իռեն Շահրամանյանը եւ Անի Հարությունյանը հայրենիք վերադարձան մրցանակներով։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Գրան պրի մրցանակակիր Անի Հարությունյանի հետ։

– Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել մոդելինգով եւ ինչպե՞ս ստացվեց, ձեր ցանկությո՞ւնն էր, թե՝ ծնողների։

– Մոդելինգով սկսել եմ զբաղվել 14 տարեկանից։ Ցանկություն միշտ ունեցել եմ, սակայն մտահղացումը ծնողներինս էր։ Ամեն ինչ շատ պատահական ստացվեց, մայրիկս տեսել էր, որ քաստինգ է լինելու եւ որոշեցինք կատարել իմ առաջին քայլերը։ Ցուցադրություն էր լինելու, որտեղ ներկայացնելու էինք Անահիտ Սիմոնյանի աշխատանքները։ Այդ ցուցադրությունից էլ սկսվեց իմ մոդելային ճանապարհը։

– Սովորաբար մոդելինգ մուտք գործելը շատ բարդ է լինում, ձեզ համար նույնպե՞ս դժվար էր այդ ամեն ինչը։

– Ինձ թվում է՝ ամեն բնագավառ էլ դժվար է մուտք գործել, քանի որ ցանկացած բնագավառ ունի իր դժվարություններն ու նրբությունները։
Իհարկե, այդ դժվարություներին բախվեցի նաեւ ես, քանի որ եղել եմ տարիքով փոքր, բայց իմ մեծ ցանկությունը թույլ չտվեց հրաժարվել մոդելինգից, այլ հակառակը՝ հաղթահարեցի բոլոր դժվար օրերը՝ հասնելով մեծ բարձունքների։

– Ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեցիք, եւ ո՞րն էր այն մղիչ ուժը, որ մինչեւ այսօր զբաղվում եք մոդելինգով։

– Միշտ ցանկացած մրցույթից կամ ցուցադրությունից րոպեներ առաջ մտածել եմ, որ չեմ կարողանալու բեմ դուրս գալ եւ քայլել հանդիսատեսի առաջ, բայց հիշելով մայրիկիս բոլոր խոսքերը՝ ավելի շատ էի ցանկանում բեմ դուրս գալ։ Մայրս եւ իր ոգեշնչող խոսքերը ինձ ուժ էին տալիս։

– Առաջին մրցույթը, որին մասնակցել եք եւ ի՞նչ մրցանակի եք արժանացել։

– Առաջին մրցույթը եղել է «Junior Model International»-ի հայաստանյան փուլը, որտեղ հայտնվել եմ առաջին հորիզոնականում։

– Արդյո՞ք այդ տարիքում ձեզ հետաքրքրում էր գրաված տեղը, մրցանակի արժանանալը:

– Այդ ժամանակ ինձ հետաքրքրում էր ինչ-որ մրցանակի կամ նոմինացիայի արժանանալը, որովհետեւ ինձ համար դա եղել է շատ մեծ ուրախություն՝ հետագա մրցույթներում ավելի վստահ ներկայանալու համար։

– Կնկարագրե՞ք ձեր տպավորությունները, հույզերը Դուբայում կայացած «Junior Model International» միջազգային մրցույթում։

– Արդեն 2-րդ անգամ եմ մասնակցում Դուբայում կայանալիք «Junior Model International» 2021 եւ այս տարի «Miss Teen Super Globe» 2022 մրցույթներին, երկու մրցույթներում էլ արժանացել եմ գլխավոր մրցանակին։ Ունեցել եմ շատ հետաքրքիր եւ հիշարժան օրեր։ Մի քանի փուլով է ընթացել մրցույթը, առաջին օրը ծանոթության օրն էր, որ պետք է ծանոթանայինք մեր մրցակիցների եւ ժյուրիի կազմի հետ։ Երկրորդ օրն արդեն տաղանդի օրն էր, որտեղ ելույթ ունեցա հայկական պարով, այնուհետեւ անցա լատինաամերիկյան պարի։ Երրորդ օրը՝ ինքնաներկայացման օրը, խոսել եմ անգլերեն՝ ներկայացնելով ինձ ու իմ ընտանիքը, իսկ վերջում տեղի ունեցավ գալա համերգը։


– Ո՞վ էր ձեր թիմակիցը, արդյո՞ք սպասում էիք, որ կլսեք ձեր անունը։

– Շատ թիմակիցներ եմ ունեցել, որոնցից էր Մալասիան Զիմբավեյը, որը Հնդկաստանն էր ներկայացնում։ Այս տարվա մրցույթում հույսս կորցրել էի եւ չէի մտածում, որ կրկին ես կարժանանամ գլխավոր մրցանակին։ Աննկարագրելի էմոցիաներ են, երբ բեմում կանգնած չգիտես՝ կհնչի քո անունը, թե ոչ։ Ինձ համար այս տարվա մրցույթը շատ ուժեղ մրցակցություն էր, որովհետեւ իսկապես բոլորս էլ յուրովի էինք մեր գեղեցկությամբ ու տաղանդով։

– Ի՞նչ հագուստներով ներկայացաք, արդյոք հնարավորությո՞ւն եք ունեցել մեր հայկականը ներկայացնելու։

– Ինչպես արդեն նշել էի, մի քանի փուլով է ընթացել մրցույթը եւ վերջում գալա համերգն էր, որտեղ ներկայացել եմ 2 հագուստով. առաջինը ներկայացրել եմ մեր հայկական տարազը, իսկ երկրորդն արդեն տոնական հագուստ էր։ Ունեցել ենք ազգային երեկո, որտեղ ներկայացրել ենք մեր հայկական ավանդույթները, ուտեստները եւ ներկայացել ենք հայկական ժամանակակից տարազով։

– Հագուստների ընտրության հարցում ո՞վ էր աջակցում ձեզ։

– Հագուստի ընտրությունը, իհարկե, դժվար էր, քանի որ մի քանի ամիսների աշխատանք է պահանջել՝ յուրահատուկ հագուստներ ստանալու համար։
Հագուստներիս մտահղացման հեղինակը եղել է Stars Factory ղեկավար Սուսաննա Բուդաղյանը եւ փորձել ենք ամեն մի դետալ գեղեցիկ ներկայացնել։

– Ըստ ձեզ՝ մոդելինգը մասնագիտությո՞ւն է, թե՞…

– Իմ կարծիքով՝ մոդելինգը մասնագիտություն չէ, ավելի շատ կարծում եմ, որ հոբբի է, բայց կան մարդիկ, ովքեր մտածում են՝ մոդելինգը մասնագիտություն է. կարելի է այսպես ասել՝ մոդելինգը համարվում է իմ երկրորդ մասնագիտությունը։

– Իսկ ի՞նչ մասնագիտություն եք ընտրել բացի մոդելինգից, ո՞ր ասպարեզում եք ձեզ տեսնում:

– Բացի մոդելինգից, հետաքրքրված եմ պարով եւ բժշկությամբ, ինչը փոքր տարիքից միակ երազանքս էր, հետեւաբար նպատակս է եղել դառնալ բժշկուհի եւ հիմա փորձում եմ իրականացնել այն։

– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ աղջիկներին՝ նրանց մեջ արթնացնելով մոդելինգի հանդեպ սերը։

– Իմ փորձից ելնելով՝ խորհուրդ եմ տալիս, որ բոլորն իրենց քայլերում լինեն ավելի վստահ, չունենան կոմպլեքսներ եւ սիրեն իրենց «ես»-ը, որը շատ կարեւոր է։

– Ի՞նչն եք կարեւորում մոդելային ասպարեզում։

– Մենք բոլորս էլ տարբերվում ենք մեր գեղեցկությամբ, իսկ մոդելային ասպարեզում կարեւոր է ինքնավստահությունը, գեղեցիկ աշխատանքը եւ կարեւոր կետերից՝ ցանկացած կին եւ աղջիկ պետք է կարողանա սիրել եւ սիրված լինել։

Զրուցեց
Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031