«Իհարկե, ամբիցիոզ է, ավելին ասեմ, եթե այդքան ամբիցիոզ չլիներ, մենք չէինք ձգտի այդ նպատակին: Իրականում մենք կցանկանայինք, որ ոչ միայն գործարար համայնքը լիներ համաշխարհային հայկական, այլեւ տարբեր համայնքներ եւս, քանի որ մենք գլոբալ ազգ ենք, բայց գլոբալ կազմակերպություններ քիչ ունենք»,-այսպես պատասխանեց «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը՝ իմ այն հարցին, թե ամբիցիոզ չէ,՞ արդյոք, ձեր միությանը նմանեցնել աշխարհով մեկ սփռված հայ եկեղեցուն:
«Հայերի, պայմանական ասած, 60 տոկոսը Հայաստանից դուրս է բնակվում, բայց մենք շատ քիչ գլոբալ կազմակերպություններ ունենք: Բնականաբար, առաջինը եկեղեցին է՝ Հայ առաքելականը, Կիլիկիո կաթողիկոսությունը, ավետարանչականը. ամենամոտավոր հաշվարկներով՝ աշխարհով մեկ սփռված 200 եկեղեցի ունենք, հետո, քաղաքական ու բարեգործական կազմակերպություններ են ու վերջ: Մեզ համար շատ կարեւոր է, որ լինելով գլոբալ ազգ, մենք գլոբալ բազմաթիվ կազմակերպություններ ունենանք, օրինակ՝ համաշխարհային հայ բանկիրների, հայ ճարտարապետների եւ այլն: Իհարկե, Եվրոպայում, Ամերիկայում, առանձին վերցրած ակումբներ կան, բայց դրանք մի քանի երկրների մասնագետների են միավորում եւ մշտական գործող չեն»,-հիմնավորեց «Մանթաշյանցի» նախագահը: Իմ դիտարկմանը, թե մի ժամանակ Սփյուռքի նախարարությունը նմանատիպ մի փորձ արեց՝ ասաց. «Պետությունը չի կարող դա անել, անհատները պետք է դա անեն, մասնավորը պետք է դա անի: Պետությունը դադալոշ, դանդաղ բյուրոկրատիայով կառույց է, պետությունն առավելագույնը կարող է պայմաններ ստեղծել ու օգնել, որ այդ կառույցները գործեն: Պետությունը չի կարող նման կառույց ստեղծել, հատկապես մեր պետությունը, որն առանձնանում է անորակ բյուրոկրատիայով: Ցանկացած պետություն, բնականաբար, գործում է բյուրոկրատիայի միջոցով, մեր պետության բյուրոկրատիան հիմնականում անորակ է, չի կարելի պետության վրա հույս դնել: Նմանատիպ նախաձեռնությունները մասնավորը պետք է դա անի՝ ի շահ անհատի ու ի շահ՝ համայնքի: Պետությունը, որ լավագույնը կարող է անել, աջակցել, օգնել, պետությունը պետք է ռազմավարություն մշակի, այլ ոչ թե մտնի օպերացիոն գործողությունների մեջ»:
– Լավ, իսկ ձեր միությունն ի՞նչ է անում, Դուք, որ միավորել եք ավելի քան 350 գործարարի, որոնք իրենց գործունեությունը հաջողությամբ, թե դժվարություններով իրականացրել են տարիներ շարունակ, նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ, ինչո՞ւ հանկարծ 2019-ին միավորվելու անհրաժեշտություն առաջացավ՝ գործարարների խնդիրներն ավելացա՞ն, թե՞ ներկայիս իշխանությունները՝ նախկին գործարարների միության օրինակով, իրենց տնտեսական հենարանը փորձեցին ստեղծել:
– Երբեմն նման ենթադրություններ անում են մեր մասին՝ ելնելով նախկին կարծրատիպերից, իրականում շատ մասնավոր պատճառ էր, մենք մի 6-7 տարի առաջ ունեինք մարքեթինգային ակումբ, որին անդամակցում էր մոտ 1000 անդամ՝ գործարարներ, պարզապես մասնավոր ոլորտի մասնագետներ, որոշեցինք այդ ակումբից առանձնացնել միջին եւ խոշոր բիզնեսները եւ առանձին համայնք ստեղծել: Գաղափարը ինձ մոտ առաջացավ, կիսվեցի ընկերներիս հետ՝ հավանեցին ու միասին դարձանք համահիմնադիրներ: Քաղաքական ենթատեքստ այն ժամանակ էլ չկար, հիմա էլ չկա: Խնդիրն այն է, որ միավորված, ցանցի միջոցով խնդիրներն ավելի հեշտ են լուծվում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ բոլոր ժամանակներում: Մենք հիմա վերահրատարակել ենք «Համաշխարհային առեւտուրն ու հայ վաճառականությունը 17-րդ դարում» աշխատությունը, որից պարզ է դառնում, որ այն ժամանակ էլ նույն սկզբունքով է հայ առեւտրականների ցանցն աշխատել: Այսինքն, միավորման սկզբունքը շատ հին սկզբունք է, որի կարիքը պարզապես զգացինք եւ հիմնադրեցինք: Քաղաքական ենթատեքստ չի եղել ու հիմա էլ չկա: Մարդիկ, ովքեր մեզ չեն ճանաչում, ժամանակ առ ժամանակ մեզ ասոցացնում են քաղաքական ինչ-որ գործընթացների հետ, ես նորմալ եմ վերաբերվում այդ երեւույթին, քանի որ մարդիկ ելնում են այն պատկերացումներից, որ նախկինում են տեսել, իսկ ովքեր մեզ գիտեն, դա ի չիք է դառնում:
Կարդացեք նաև
– Գուցե նաեւ նրանի՞ց է, որ ձեր միությանն անդամակցում են ՔՊ անդամներ, ավագանու անդամ, նախարարներ…
– Նախարարներ չեն եղել, միայն մի նախարար՝ Վահան Քերոբյանը, որը երբ մեր ակումբի անդամ էր, որպես menuam-ի հիմնադիր ու տնօրեն էր հանդես գալիս, նախարար դառնալուց հետո դուրս եկավ անդամությունից: Այո, մեր միությունում մարդիկ կան ՔՊ-ից, ավելին ասեմ, մեր ակումբում կան մարդիկ Հանրապետականից, Դաշնակցությունից. դա ոչինչ չի նշանակում: Մեզ համար կարեւոր է, որ միության անդամակցողի հիմնական գործունեությունը լինի բիզնեսը եւ իր քաղաքական կողմնորոշման մասին չխոսի ակումբում: Եթե որեւէ մեկն ակումբում խոսի իր քաղաքական կողմնորոշման մասին եւ սկսի քաղաքական քարոզչություն անել, մենք անմիջապես ազատվում ենք այդ մարդուց, քանի որ մեր հիմնական խնդիրը մարդկանց միավորելն է, իսկ քաղաքականությունը մարդկանց բաժանում է, միավորել՝ ի շահ տնտեսության, ի շահ բիզնեսի:
Իսկ կարողանո՞ւմ է, արդյոք, միությունը ազդեցություն ունենալ կառավարության վրա, երբ ոլորտային լուրջ խնդիրներ են առաջանում, կամ հանդես գալ օրենսդրական առաջարկներով հարցիս ի պատասխան՝ Վահրամ Միրաքյանն ասաց, որ այս տարի արդեն 3-4 օրենսդրական փոփոխություններ է արվել իրենց առաջարկով: «Մասնավորապես, նախկին կարգավորմամբ, արտահանման դեպքում, 200 հազար դրամից բարձր արժեքով ապրանքի թեկուզ էլեկտրոնային վաճառքի դեպքում, մաքսատուրք էր գանձնվում: Մեր առաջարկով, այդ 200 հազար դրամի շեմը բարձրացավ մինչեւ մեկ միլիոն դրամի: Երկրորդը, 4 միլիոնից ավելի խախտման դեպքում հարկային մարմինը իրավունք ուներ բիզնեսի վրա քրեական գործ հարուցել, համեմատության համար ասեմ, որ եթե ընկերությունը տարեկան մի քանի միլիարդի շրջանառություն ուներ՝ 4 մլն դրամի խախտում ամեն պահի կարող էր լիներ: Մենք առաջարկել էինք խախտումը կապել շրջանառության հետ, բայց արդյունքում 4 միլիոնի շեմը բարձրացվեց մինչ 10 միլիոնի, որը գուցե փոքր փոփոխություն է, բայց կարեւորը, որ հարկային մի մահակ եւս բիզնեսի գլխից պակասեց»,-պատմեց Վահրամ Միրաքյանը:
Նա տեղեկացրեց, որ հետազոտական մի կենտրոնի պատվիրել են վերլուծություն, որի արդյունքում կհասկանան, թե օրենսդրական ինչ քայլերի շնորհիվ են, օրինակ, տարածաշրջանային Թուրքիան ու Վրաստանը եւ զարգացած երկրներից՝ Գերմանիան ու ԱՄՆ-ը կարողացել մեծացնել արտահանման աճը: Հետազոտության արդյունքում ձեւավորվող օրենսդրական առաջարկներն էլ կներկայացնեն կառավարությանը:
Հաջորդ հարցս այն մասին, թե դեռ 4 տարին չբոլորած միությանը ինչպես է հաջողվել մասնաճյուղեր բացել Երեւանում, Արցախում, Գյումրիում, Լոռիում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Դուբայում, Կրասնոդարում, Վահրամ Միրաքյանը վերաձեւակերպեց. «Ոչ թե ինչպես է հաջողվել արդեն 8 մասնաճյուղ բացել, այլ՝ ինչո՞ւ ընդամենը 8 մասնաճյուղ: Ասեմ, որ առաջիկա ամիսներին նախատեսում ենք մասնաճյուղեր բացել Համբուրգում, Աթենքում, Կապանում, Լոնդոնում, Թեհրանում: Մենք այլ տարբերակ չունենք, մենք պետք է արագ զարգանանք, պետք է արագ փոխվենք, երկիրը մսխեցինք անկախության տարիներին, հիմնականում մսխեցինք սովետական ռեսուրսը ու դրա հետեւանքը տեսանք 2020թ. պատերազմով: Հիմա մենք այլեւս ժամանակ չունենք, դրա համար պետք է բոլորս փորձենք ամբիցիոզ ու մեծ ծրագրեր անել ու արագ անցնել ծրագրերի կիրառմանը: Ցանկացած ընկերություն, արտադրող պետք է տրամադրվի, որ ասենք աշխարհի 100 երկիր արտահանի իր ապրանքը: Մենք պետք է թարմացնենք մեր ամբիցիաները եւ լինենք շատ ավելի ամբիցիոզ, որովհետեւ հակառակ պարագայում մենք տեղ չենք գտնի տարածաշրջանում»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2022