Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, և մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանը։ Նա «Հայփոստի» տեղի պատասխանատուներից է։
Բազմիցս անդրադարձել ենք Անիում ստեղծված ինտրիգային իրավիճակին․ այս համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր, որոնցից և ոչ մեկը չկարողացավ միանձնյա իշխանություն ձևավորել, քանի որ չէր հավաքել ձայների կեսից ավելին։
Ամենաշատ ձայները հավաքել էր 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 10 մանդատ, ՔՊ-ն ստացել էր 8 մանդատ, իսկ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 3 մանդատ։ Ի սկզբանե ՔՊ-ն հայտարարել էր, որ կոալիցիա չի կազմի Արտակ Գևորգյանի գլխավորած ուժի հետ, քանի որ իրենք գալիս են նրա արածների հետքերը մաքրելու։
«Հայկական երազանք» կուսակցությունը գլխավորող Ագուն Սաղաթելյանն էլ մինչև վերջ մնաց իր դիրքորոշմանը, նա կոալիցիա չկազմեց և ոչ մի քաղաքական ուժի հետ՝ պայման դնելով՝ կոալիցիա կկազմի այն դեպքում, երբ ինքը կդառնա նրանց համայնքապետի թեկնածուն։
Կարդացեք նաև
Ինչևէ, Անիում չստացվեց տեղական իշխանություն ձևավորել, հետևաբար վարչապետի որոշմամբ այստեղ համայնքի ղեկավարի ժ/պ նշանակվեց, որից հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու։ Ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան մարտի 26-ին։
ՔՊ-ն, որն, ըստ էության, այս ընտրություններում պարտվել էր, եկավ իշխանության՝ թեկուզև ժամանակավորապես։ Եվ եթե պարզվի, որ ՔՊ-ն Անիի ՏԻՄ ընտրություններին դարձյալ մասնակցելու է Արման Սարիբեկյանի դեմքով, ուրեմն պիտի նկատել, որ այս նշանակմամբ մրցակցային անհավասար դաշտ է ստեղծվում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Զարմանալու բան չկա։ Եթե հետևեք Թուրքիայում ընթացող գործընթացներին ապա կտեսնեք որ նման բան անում է Էրդողանը ընդդիմությունը ներկայացնող համայնքապետերից ազատվելու դեպքերում։ Սովորել է ոխերիմ հարևանից….