«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ստացել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հիմնավորումները՝ արտոնագրից զրկվելու վերաբերյալ: Aravot.am-ը հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունեն այդ հիմնավորումներից:
«Ճիշտ ասած, այն գնահատականը, որ տվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, մասամբ մանիպուլյատիվ է, մասամբ սուբյեկտիվ, որի շարժառիթն, իհարկե, քաղաքական է: Մշտադիտարկման արդյունքում հնչած գնահատականները, որոնք տեսնում եմ այս որոշման մեջ եւ հիմնավորումներում, քաղաքական ենթատեքստ ունեն»,-ասաց «Երկիր Մեդիայի» տնօրենը:
«Հիմնավորումների մեջ, օրինակ, գրում են, որ մեկնաբանությունները կամ եթերային քաղաքականությունը, երբ երկրում քաղաքական իրավիճակը լարվում է, փողոցային պայքարը հասնում է ինչ-որ մի աստիճանի, դառնում է միակողմանի: Սա իրենց կողմից գնահատվում է որպես կողմնակալություն, մինչդեռ, իմ կարծիքով, ցանկացած լրատվամիջոցի եւ առաջին հերթին՝ ամենաօպերատիվ ԶԼՄ-ի, հեռուստատեսության, որն ունի համապատասխան գործիքներ, առաջին պարտականությունն է՝ իր սպառողին, տեղեկատվություն ստացողին ինֆորմացիան հասցնելը, ցույց տալը, թե ինչ է կատարվում՝ ոչ թե իր մեկնաբանությամբ, այլ ներկայացնել այն իրադարձությունը, որը կատարվում է փողոցում, այն գնահատականը, որ հնչում է փողոցում, եւ տեսակետը, որի համար կա բողոքի պատճառը, որը ներկայացնում են բողոքողները»,-ընդգծեց Բագրատ Եսայանը:
Նրա խոսքով. «Օբյեկտիվ ուղիղ եթերը, որտեղ հնչում են ոչ թե հեռուստաընկերության գնահատականները, այլ այն ուժերի, որոնք փողոց են դուրս եկել, ՀՌՀ-ի կողմից գնահատվում է որպես հեռուստաընկերության դիրքորոշում, ինչը բոլորովին այդպես չէ: Մենք տալիս ենք օբյեկտիվ իրականությունը, ներկայացնում ենք իրադարձությունը, գնահատականներ մեր եթերում չեն հնչում, իսկ ինչ որ հնչում է փողոցում, մեր դիրքորոշումը չէ: Մենք փորձում ենք հնարավորինս առանց միջամտութան տալ այն պատկերը, որը ձեւավորվում է փողոցում այդ պահին, այն տեսակետները, որ հնչում են բողոքողների կողմից:
Կարդացեք նաև
Ինձ համար առավել զարմանալի է, որ Հեռուստաեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշմամբ, փաստորեն, հակառակն է պահանջվում: Այսինքն, եթե կա փողոցում բողոք, դու չպետք է տաս ադ բողոքը, կամ հնարավորինս սեղմ տաս, որովհետեւ, օրինակ տարբեր հեռուստաընկերություններ (ի սեր, Աստծո, ես չեմ ուզում գնահատել իրենց գործունեությունը) ընդամենը վայրկյաններ էին հատկացնում այն բավականին լուրջ քաղաքական իրադարձություններին, որ ծավալվում էին փողոցում: Ու դա այն ժամանակ էր, երբ մեր հանրության զգալի հատվածն իր բողոքի ձայնն էր բարձրացել: Սա ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ»:
Բագրատ Եսայանը զարմանքով նաեւ հետեւյալը նշեց. «Նաեւ արձանագրվել են մեր պարտքերը, ֆինանսական վիճակը՝ որպես թերություն, որպես բացասական կողմ: Ընդ որում ցանկացած ընկերություն կարող է պարտք ունենալ, բայց մենք կնքել էինք պարտքերի մարման ժամանակացույց եւ ամբողջությամբ կատարում էինք նախկին պարտքերի մարման մեր պարտականությունը: Եվ սա փոխանակ դրական գնահատվի, գնահատվում է որպես բացասական:
Կամ մեր տեխնիկական վիճակը…Մենք ներկայացրել ենք մեր ամբողջ տեխնիկական հնարավորությունները եւ պատմությունը: Ինչքան ես եղել եմ Հանրային հեռուսաընկերութան շենքում, այնտեղ էլ կան հին, հնագույն, նույնիսկ առաջին սերնդի տեսախցիկներ: Մենք նույնպես ունենք նման տեսախցիկներ, որովհետեւ մոտ քսան տարի է՝ եթերում ենք: Այսինքն, այդ տեսախցիկները մեր հաշվապահությունում հաշվառված են, եւ մենք ամբողջ պատկերը ներկայացնելիս նաեւ դա էինք գրել մեր տեխնիկական ամբողջ ցանկի մեջ:
Ու նրանք գրում են, որ հին տեխնիկա է առկա «Երկիր Մեդիայում»: Իհարկե, առկա է, իհարկե մենք դա չենք շպրտել, քանի որ հաշվապահորեն դուրս չի գրված, դա որպես մեր գույք է հաշվառված, բայց չենք օգտագործվում թվային հաղորդումներ նկարելու համար, հատկապես որ մեր հաղորդումները նորագույն տեխնիկայով են նկարվում:
Մի խոսքով, բազամաթիվ մանիպուլյացիաներ կան, որոնք ինձ բերում են վերջնական եզրակացության, որ, այնուամենայնիվ, գնահատականը եղել է քաղաքական շարժառիթներով: Եվ երբ նայում ենք, թե որ երկու հեռուստաընկերություններն են դուրս մնացել (իհարկե բոլոր հեռուստաընկերությունների արած աշխատանքը գնահատում եմ), պատկերը պարզ է դառնում: Փաստորեն, մրցույթում արտոնագիր չեն ստանում հասարակական, քաղաքական կյանքը լուսաբանող հեռուստաընկերությունները, ինչը նշանակում է՝ այս իշխանության կողմից դիրքորոշում է վերցվել, եւ դրան, ցավոք սրտի, հետեւել է Հեռուսատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ քաղաքական դիսկուրսը դուրս մղել հեռուստաեթերից, մանավանդ հանրապետական ծածկույթից, հնարավորինս խուսափել պաշտոնականից տարբերվող կարծիքի հնչեցումից հանրապետական եթերում: Ինչպես արդեն նշեցի՝ հստակ է, որ քաղաքական դրդապատճառներով է «Երկիր Մեդիային» արտոնագրից զրկելու որոշումը կայացվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ