Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Կառուցման օրից՝ 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց:
Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:
«Նոյմեբերի 28-ից սկսել ենք այստեղ աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնարավայր ընկած հատվածում ենք: Այստեղ գործը վերջացնելուց հետո պետք է անցնենք նաև դիմացի ափ: Ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայցևայնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը: «Կենցաղային աղբ՝ շշեր, կերակրի մնացորդներ. մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այսքանը մաքրելու համար համայնքը մեծ միջոցներ է ծախսում»,-ասում են մաքրուհիները:
Կարդացեք նաև
Աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ արվեց ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:
«Այստեղ տիղմի հաստությունը որոշ տեղերում 4-5 մետր է: Մինչև հիմա լիճը տիղմից չէր մաքրվել, այնպես որ, անգամ այսքան ջանք թափելուց հետո մեր աշխատանքը տեսանելի չէ այնպես, ինչպես կցանկանայինք»,-ասում է Հովհաննես Մանուկյանը:
Լճի մաքրմանը զուգահեռ՝ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը:
Տեսանյութի հղումը՝ այստեղ:
Երեւանի քաղաքապետարան