Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չիրականացնեինք այդ սոցիալական ծրագրերը, մեր հայրենակիցներից շատերը կբռնեին օտարության ճամփան». Արցախի ԱԺ-ում ավարտվել են 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Դեկտեմբեր 08,2022 18:34

Դեկտեմբերի 8-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էր նաև պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Քննարկվել են «ԱՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցերը:

«Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի» նախագիծը ներկայացրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

2023 թվականի պետական բյուջեի ցուցանիշները հետևյալն են.

Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.0 տոկոս:

2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով (2022թ. 221,035.2 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց. արդյունքում դեֆիցիտը կկազմի 21 մլրդ 321.4 մլն ՀՀ դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին:

2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ ՀՀ դրամ:

Պատգամավորները իրենց ելույթներում շեշտել են, որ այս տարի բյուջետային քննարկումները ավելի պասիվ էին, որովհետև նախագիծը, նոր կառավարության ձևավորման հետ կապված, ենթակա է փոփոխության: Նրանք պետնախարարի ուշադրությունը բևեռել են այն հանգամանքի վրա, որ պատգամավորական առաջարկություններն ընդունվում են կառավարության կողմից, սակայն նվազ չափով են կյանքի կոչվում:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հորդորել է՝ նոր բյուջեն կազմելիս համագործակցել խորհրդարանի հետ՝ օգտագործելով ԱԺ փորձագիտական պոտենցիալը: Նա խոսել է հետպատերազմյան բյուջեի առանձնահատկությունների մասին՝ շեշտելով սոցիալական ուղղվածության պահպանման անհրաժեշտությունը: «Եթե մենք չիրականացնեինք այդ սոցիալական ծրագրերը, ապա մեր հայրենակիցներից շատերը կբռնեին օտարության ճամփան»,- ասել է նա:

Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին նոր բյուջեին, կառավարության ձևավորմանը, իրականացվելիք ծրագրերին, գնաճին:

Պետական նախարարն ասել է, որ նոր կառավարությունը ձևավորվելու է հունվարի սկզբին, իսկ լրամշակված բյուջեի տարբերակը պատրաստ կլինի փետրվարին: Նա շեշտել է, որ նոր բյուջեն իրատեսական պետք է լինի՝ կառուցված զարգացման ծրագրերի վրա, իրականացվելիք բարեփոխումները լրացուցիչ ծախսեր կպահանջեն, սպասվում է պետական համակարգի վերաձևավորում:

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ինչպես բյուջեի նախագծին, այնպես էլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031