«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն անջատ գործընթացներ են եւ միասնական երբեւէ չեն դիտարկվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությանը, որով նա ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է Ադրբեջանի հետ ՀՀ-ի հարցերը լուծելու հետ՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երկու դեպքում էլ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ գործընթաց է, եւ այդ բարդ գործընթացներն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելը։ Դրա համար որքան տարանջատվեն այդ հարաբերությունները, այնքան ավելի մեծ հնարավորություն կլինի առաջ շարժվելու»,-հավելեց Արմեն Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ