Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամրապնդվում է կապը ԵՊՀ-ի և Ֆրեզնոյի համալսարանի միջև. հայագիտական ոլորտի զարգացման քայլեր են կատարում

Դեկտեմբեր 08,2022 18:10
eph

ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ ՏերՄկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին:

Երևանի պետական համալսարանի և Ֆրեզնոյի համալսարանի միջև առկա է երկարամյա գործակցային կապ։ Այդ մասին մեզ հետ զրույցում վկայեց նաև Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ մատնանշելով համագործակցության շրջանակում իրագործված մի շարք ծրագրեր ու նախագծեր:

«Անցած երեսուն տարիներու ընթացքին կատարած ենք ուսանողներու փոխանակում, իրագործած ենք օրիորդներու (իմա՝ ուսուցիչների- Մ․Մ․) վերապատրաստումի ծրագիր եւ զանազան այլ ծրագիրներ: Ես յաճախ եմ Ֆրեզնոյէն ուսանողներ բերել Հայաստան: Ամէնէն կարեւորն ան է, որ ԵՊՀ-ն աջակցեր է զիս ատոնց իրագործումի հարցերուն մէջ»,- վստահեցնում է Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչը։

Սարկավագ Տեր-Մկրտչյանի խոսքից արդեն իսկ պարզ է դառնում՝ ինքը որքան է կարևորում հայագիտական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, ինչի վառ օրինակներից են ուսանողներին իր տրամադրած կրթաթոշակները: Կրթաթոշակի կարևորության մասին խոսելիս նա առանձնահատուկ ընդգծում է դրա դերը՝ այն համարելով ուսանողների առաջադիմությունը խթանող գործոն։

«Կը համարեմ, որ «Ցեղասպանագիտութեան» ծրագիրը մեծ կարեւորութիւն ունի: Պէտք ունինք մասնագէտներու, որ Ցեղասպանութեան մասին քաջատեղեակ ըլլան: Կ’ուզէի քաջալերել ուսանողները, որ լաւագոյնն ընեն եւ ըլլան գերազանց մասնագէտներ»,- նշում է մեր զրուցակիցը:

Ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու ձգտումն էլ Շուշանին բերել է Երևանի պետական համալսարան: Շուշանը տարիներ անց նորից վերադարձել է հարազատ բուհ, այս անգամ՝ ցեղասպանագետ դառնալու որոշմամբ:

«Պատմության ֆակուլտետում սովորելու ժամանակ Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հարցերի պատասխաններ ստացել էի, սակայն որոշեցի գիտելիքս դարձնել առավել ընդգրկուն։ Դիմելով ծրագրին՝ ստացել եմ ինչպես Հայոց եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններին վերաբերող հարցերի մանրազնին պատասխաններ, որոնք օգնում են կատարելու համակողմանի վերլուծություն»,- վստահեցնում է Շուշանը:

Մեզ հետ զրույցում նա պատմում է՝ դպրոցում աշակերտներին փոխանցում է ԵՊՀ-ում ստացած իր գիտելիքները: Նրա համոզմամբ՝ լավ մասնագետ դառնալու կարևոր գրավականներից է նաև դպրոցական տարիներին ձեռք բերած հիմնարար կրթությունը:

«Երեխաները ապագան կերտողներն են. մեր հայրենիքի հարատևումն ուղիղ կապ ունի աշակերտների հայրենաճանաչության հետ»,- ոգևորությամբ ասում է Շուշանը, և այդ ոգևորությունն ի ցույց է դնում նրա՝ աշակերտների հանդեպ տածած մեծ սերը:

ԵՊՀ մագիստրանտը նույն ոգևորությամբ է խոսում նաև իր մասնագիտության մասին, ապա հավելում, որ ստացած կրթաթոշակը պարտավորեցնում է ոչ միայն նույն ոգով շարունակելու ուսումնառությունը, այլև ձգտելու ավելիին։

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031